Արամ Պաչյան. «Եթե սա գրող է»

Մենք երբեք չենք կարողանա հասկանալ աշխարհը, որտեղ ապրում ենք՝ նրա անցյալը, ներկան և ապագան, եթե չհիշենք, որ դրախտն ու դժոխքը յուրաքանչյուրիս ներսում են։

Se questo è un uomo («Եթե սա մարդ է»)

Գրադարանների ու գրախանութների առջև, փողոցներում կրպակների ու մայթերի վրա բուկինիստական, մինչև իսկ խոհարարական գրքեր շարած գրավաճառների կողքին ես ինձ ապահով ու սիրված եմ զգացել: Դանդաղելով քարացրել եմ իրականությունս, համակվել անշրջելիության ու հարատևության թիթեռնակյանքով՝ դարն ապրած որևէ գրքից առանց պատճառի կախարդված: Գիրք, որը ոչ ոք չի գնում, դրված է նույն գրադարակում, նույն դիրքով, տասնամյակներ շարունակ: Եվ ինչ լավ է, որ այդպես է: Քանզի գիրքն այդ ճիշտ իր տեղում է: Ճիշտ ձևով խելագարված: Իր խելագարության գիտակցումից կյանք արարող հողմաղացների հետ մենամարտի ելած ծիծաղելիորեն հպարտ դոնկիխոտյան իր կեցությամբ, այնպես, ինչպես ճապոնական հեքիաթի դաշտային փոքր ծաղիկը, որ աշխարհ չի գալիս, որպեսզի երևա ու զարմացնի ձեզ, ապա քաղվի, ապրեցնի ծաղկամանի մեջ գլխատված ձեր օրը:

                                                                                             Հատված «Եթե սա գրող է» գրքից

Արձակագիր Արամ Պաչյանը ընթերցողի դատին հանձնեց «Եթե սա գրող է» արձակ ժողովածուն։ Մտորումներով ու խոհերով ծածկված վերնագրի ընտրությունը թերևս երկար քննարկումների առիթ կդառնա։ Բայց դրա հիմքում մարդկային գոյությանը հետապնդող հարցեր են, կասկածներ, անցյալի ու ապագայի միջև վեճեր և, իհարկե, հասունության դրսևորում։ Աղետից հետո գոյաբանական կասկածների խորհրդով ընտրված մի խորագիր է, որն էլ պատահական չէ։

Pachyan Ete sa grox e 6

1947 թվականին լույս է տեսել հրեական ծագմամբ իտալացի գրող, բանաստեղծ և հրապարակախոս, քիմիկոս Պրիմո Լևիի (1919-1987) «Եթե սա մարդ է», հուշագրությունը։ Այն ամփոփել է Աուշվիցի համակենտրոնացման ճամբարում ունեցած ծանր դրվագները։ Արևմտյան հետպատերազմյան մշակույթում Պ. Լևին ոչ պակաս կարևոր տեղ է զբաղեցնում, որքան Ա. Սոլժենիցինը ռուսալեզու գրականության մեջ և ամենանշանակալի «Եթե սա մարդ է» աշխատությունը Իտալիայում համարվել է դարի գիրք, իտալական նեոռեալիզմի լավագույն նմուշ։

Իր համար խորշ ստեղծելու, ուրիշներից անտեսանելի պատյանով առանձնանալու, նույնիսկ ակնհայտ անհույս պայմաններում պաշտպանիչ պատնեշ կանգնեցնելու մարդկային կարողությունը զարմանալի է, դա հատուկ ուսումնասիրություն է պահանջում։

                                                                       Հատված Պրիմո Լևիի «Եթե սա մարդ է» գրքից

Ըստ Լևիի մենք փորձում ենք մոռանալ մեր անցյալը, հատկապես այն պահերը, երբ մարդկության մի ստվար հատված դրսևորեց իր ոչ լավագույն հատկանիշները՝ անխղճորեն և նրբանկատորեն ոչնչացնելով ուրիշներին։ Եթե Լևիի գիրքը
նացիստական ճիրաններում մարդու գոյության, կյանքի ու մահվան մրցավազքի մասին է, ապա Պաչյանի գործը կարծես թե պատերազմից հետո բազմաթիվ հարցեր տալու, դեպի անցյալ շրջվելու մասին է, այն մասին է, թե ինչ պետք է աներ այդ մրցավազքում մարդը, գրողը, անհատը։ Վերնագիրը ինչ-որ տեղ նաև հեգնանք է, ինքնահեգնանք, զվարճանք, գուցե պատասխան՝ հետևում թողնելով նախորդ գործերից մեկի շուրջ ընթացող բազում քննարկումները։ Իսկ պատերազմական էսսեն պատերազմը վավերագրելուն, վերապրելուն է նման։

Կյանքից հեռացած մարդը ծանոթ էր ինձ, նման էր այն մարդուն, որին մեր տանը 90-ականներին էի տեսել. նման էր այն մարդուն, որը պատերազմից չէր վերադարձել: Արևմտյան շինծու և օգտապաշտ քաղաքակիրթ աշխարհը չէր այդ մարդը, ռուսական զինագործ բռնապետության առուծախը չէր նա – մի երեխայի հայր էր՝ միլիոնավորներից մեկը, որ գնացել էր պատերազմ ու չէր վերադարձել։

                                                                                                Հատված «Եթե սա գրող է» գրքից

Pachyan Ete sa grox e 4

Ժանրային և լեզվաոճական առանձնահատկություններով բնորոշվող եռամաս գրքում տեղ են գտել հեղինակի ապրած և մեր հասարակությանը հուզող վերջին շրջանի գոյաբանական հիմնահարցերը. Արցախյան 1-ին և 2-րդ պատերազմներ, երկրաշարժ, համավարակ, դրանց զուգահեռ ձգվում են նաև Երևան քաղաքի հիշողության ինքնութենական դրվագները։        

«Գիրքը բաժանել եմ երեք մասի. առաջին հատվածում ամփոփել եմ ստեղծագործություններ, որոնք գրելուն և գրականության շուրջ վերամտածելուն է միտված։ Այսպես կվերտառեի սա՝ «ձևացրել եմ, իբր թե գրող եմ»։ Անպայման պիտի ձևացնես, որ գրող ես, անհրաժեշտաբար պիտի ձևացնես, որ ինչ-որ մեկն ես։ Առանց դրա չի լինում հասունություն։ Ես նկատել եմ, որ մեր սերնդի մարդու մեջ անվերջ անհաս մնալու պես մի բան կա, ասենք՝ 70 տարեկան երեխա են։ Պետք է համարձակվել ընդունել հասունությունը, իսկ հետո թե ինչ կլինի դրա հետ, դա ես չգիտեմ, բայց այդ պահը՝ հասունությունն ընդունելու, կարծում եմ՝ եկել էր, և առաջին բաժնում այդպիսի գործեր են։ Ես կասեի՝ գրականության շուրջ մտորումներ, իբր թե խորհուրդներ, բայց, իհարկե, ոչ մի խորհուրդ չկա»,- ասում է Արամ Պաչյանը։

Ես ատում էի նրանց, որովհետև եթե գալիս էին, նշանակում էր՝ գնալու են: Ատում էի նրանց, որովհետև եթե նրանք ապրում էին, նշանակում էր՝ զոհվելու են: Ատում էի, որովհետև եթե նրանք գոյություն ունեին, նշանակում էր՝ գոյություն ունեն նաև նրանց սպանող արկերն ու փամփուշտները: Ինչո՛ւ էր հայրիկն ուղարկում նրանց, ինչո՛ւ էր այնպես անում, որ կապվեմ հետները, ողջ հոգով ու սրտով սիրեմ իր հիվանդներին՝ ողջերի մեջ ամենամեռյալներին, նորից ու նորից վերապրեմ այդ մարդկանց հանդեպ իմ սիրո դատապարտվածությունը: Չէ՞ որ ես չէի ատում։ 

                                                                                                  Հատված «Եթե սա գրող է» գրքից

Pachyan Ete sa grox e 5

Մինչ գրականագետներն ու գրաքննադատները կփորձեն որոշել էսսեյի ու պատմվածքի սահմանները, կամ թե որտեղ է սկսվում հեղինակը, որտեղ է սկսվում հավաքական հերոսը, կամ ինչպես պոստմոդեռնիստական գրականությանն է բնորոշ, գուցե հեղինակն այլևս չկա, այլ «մահացել է այնտեղ, որտեղ սկսվել է ստեղծագործությունը», ընթերցողը խորասուզվում է հավաքական պատումի մեջ՝ շաղկապելով վերոնշյալը։

«Գրքի երկրորդ բաժինն ավելի շուտ մերձավոր է արձակ պատումներին։ Ընդհանրապես այս գիրքն ինձ համար հանգրվան էր, որտես ես չեմ հասկանում ժանրային բաժանումները։ Այստեղ էսսեն պատմվածք է, պատմվածքը՝ ակնարկ, հուշը՝ էսսե։ Ամբողջական միախառնության հարց կար, որն ինքնաբերաբար է ատացվել, գուցե նաև այն կապված է իմ հետաքրքրությունների հետ։ Հետաքրքրություններս կապ ունեն խորհրդային անցյալն ուսումնասիրելու, արխիվով հետաքրքրվելու հետ և դրանց շուրջ մտածելու, դրանցից գրականություն ստանալու հարցերի հետ։ Արձակ, հուշ, թե էսսե, դուք կարող եք որոշել, թե դա ինչ է, քանզի ինքս էլ դա չեմ հասկանում և անկեղծորեն չեմ էլ ուզում հասկանալ»,- հավելեց գրողը։

Անցյալից դասեր քաղելուն են ուղղված հետպատերազմական շրջանների մշակութային բոլոր քննարկումները, անցյալի ծանր էջերը չկրկնելու և հարուստ մշակույթը պահպանելու խորհրդով։ Իսկ ինչպե՞ս է ընկալում Պաչյանն անցյալը։

«Այս գործում տեղադրել եմ նաև լուսանկարներ իմ նոթատետրերից՝ արխիվից հավաքված, որոնք կապ ունեն ստեղծագործությունների հետ։ Սև-սպիտակ լուսանկարների պատկերների իմաստը նաև մի մեծ խնդրի իբրև թե լուծում էր, քանի որ իրականության զգացման կորստի հետ կապված ծագող խնդիրներ կան, որոնք իրենց հետ բերել է մեդիան։ Ես հասկացա, որ եթե դու չես վերամտածում, անպայման սկսում ես կորցնել, և իրականությունը շեշտելու, ընդգծելու խնդիր ունեի, որը փորձել եմ լուծել լուսանկարներով։ Կարծես կարիք ունեի ամրակների, որ ամրացնեն այդ լուսանկարները, անցյալ դարձնեն այդ լուսանկարները, հուշ դարձնեն ներկան։ Թեև անցյալին ես շատ եմ դիմում, և ես միշտ անցյալի մարդ եմ, անցելապաշտ եմ, միշտ եմ գնում դեպի անցյալ, և գիրքն էլ ամբողջովին դրա շուրջն է կառուցված։ Թեև պատերազմի մասին էսսեն անցյալ դարձավ այն պահին, երբ ես համարձակվեցի գրել դրա մասին»,- նշում է արձակագիրը։

Ներկայի, անցյալի, ապագայի հավերժական շղթայում ճամփորդելիս Պաչյանը խաղում է սիմվոլների հետ՝ երբեմն անգամ դրանց շուրջ հետազոտական լուրջ աշխատանք կատարելով։ Այդպիսի մի սիմվոլ է տրամվայը, Երևանի տրամվայը, որն իր հետ որքան հուշեր ու պատմություններ է տարել։ Պաչյանը մեկտեղ էլ հին քաղաքի կարևորագույն մասը կազմող ձիաքարշերի, տրամվայների մասին Նաիրի և Կոստան Զարյանների, Ակսել Բակունցի, Մկրտիչ Արմենի վկայությունները։

Հավաքչությունը ավարտելով՝ պատրաստվում էի տրամվայի պատմական անցյալը շաղկապել անձնական վերհուշին՝ չինական զարդատուփի հանգույն, երբ տուփերը կամ ծղոտի շյուղերից հյուսված օտարության արկղերը արտաքնապես նույնն են, իսկ թե ի՛նչ են կրում իրենց ներսում՝ մեր երևակայության կռահելիքն է – հիշողության հորինումը: Մի խոսքով, մտածում էի հավաքական ու անհատական հիշողության միջև զուգահեռներ անցկացնել, ակոս բանալ և շարադրանքս առաջ տանել այդպես՝ մերթ հավաքականը հակադրելով անձնականին, մերթ անձնականությամբ վիճարկել, թեկուզ փոքր-ինչ նրբացնել՝ փաստեր, տարեթվեր ու արձանագրումներ տիղմող պատմությունը: Մտքովս ինչ ասես անցնում էր. մեծ ծրագիր էր գծվում, մինչդեռ երկու- երեք էջ խելքը գլխին բան պատմելու հույս էի փայփայում:

                                                                                               Հատված «Եթե սա գրող է» գրքից

Pachyan Ete sa grox e 2

Հենց այդ տրամվայն էլ ենթարկվել է փորձության տարածաժամանակային փոխակերպումներում։ Գուցե տրամվայը միայն մի փոքրիկ թել է հին ու նոր քաղաքի հավաքական պատմության մեջ, որը թույլ է տալիս բացահայտել Երևան քաղաքի մշակութային, կենցաղավարական առանձնահատկությունները։ Կամ գուցե ընթերցողն ասի՝ օ՜, բավական է , շատ բան չի փոխվել, ձիաքարշերին փոխարինեցին տրամվայները, դրանց էլ թող փոխարինեն նորերը, կամ գուցե ոչինչ չի փոխվել. նորից նույն փողոցն է, ընդհամենը Աստաֆյանը Աբովյանի է վերածվել, կամ ինչպես հենց Ա.Պաչյանն է ասում՝ նրբավար Աբովյանի։ Բայց գուցե հենց նույն այդ սիմվոլը նոր մարտահրավերների խորհրդանիշ է, քաղաքակրթական արժեք, կվիճեն շատերը։

Մեկ է՝ նրանք ցնծությամբ եկան. հեղափոխությունը, նոր մարդը, պրոլետարիատը՝ դեպի կոմունիզմ քայլերթող կոփածո լեզվով, մրճապար մարմնով: Երկաթ-մկանն էր նրանց սերմը: Արևն էր նրանց ուտելիքը: Եվ խոհը՝ արարքն էր: Եկան Երևանի բանվորական թաղամասերը գործարաններին կապող տրամվայով, որ հիմնեցին 1933-ին: Ու հիմա, երբ էջ առ էջ թերթում ես գրականության 30-ականները՝ տրամվայի մուտքը Երևան ասես մեսիա լինի, կրոնական խենթացած հեշտանք, ազնվորեն, ռոմանտիզմի չափ տափակ հանձնառություն, կյանքը, կենցաղը վերջնականորեն ծրագրելու, մարդու գործն ու ապրելու իմաստը կարգելու հուն, փրկության ու գալիքի աղանդավոր խորհրդանիշ: Եվ բոլորը նրա երգն են երգում, ծնունդն են փառաբանում, ձայնն են կտցում, երազն են վկայում: Եվ լույս են տեսնում տրամվային նվիրված գրքեր, պատկերագրքեր, լուսավորական պաստառներ: Տրամվայը բանաստեղծվում է, պառնասվում: Այսուհետ ոչ թե եկեղեցին, այլ դեպոն է հոգու տունը, վագոնավարն է տերտերին փոխարինած հոգու պահակը։

                                                              «Տրամվայ Երևան», հատված «Եթե սա գրող է» գրքից

Գրքի վերջին բաժինը գալիս է արձակագրի «Օվկիանոս» գրքից, ամենավերջին էսսեից, որը կոչվում է «Հիշելով ընթերցողին»։ Այս բաժնի յուրաքանչյուր գործ ունի «Հիշելով» խորագիրը։ Այն հեղինակի տուրքն է, երախտիքը, շնորհակալական խոսքը այն գրողներին, որոնք միշտ իր հետ են եղել, որոնք հնարավորություն են տվել գրելու։ Ինչպես ինքն է նշում, նրանք գրողներ են, հեղինակներ, մտածողներ, որոնց հետ խոսել է, որոնց շուրջ միշտ մտածել է, որոնց հետ կռվել է։ Ահա այդտեղ նրանցից շատերն են ներառված՝ Գրիգոր Պըլտյան, Ռուբեն Ֆիլյան։ Պաչյանը նաև Ռուբեն Ֆիլյանի «Քո երկրի դեսպանը» վեպի նոր հրատարակության խմբագիրն է։ Նրա բնորոշմամբ՝ Ռուբեն Ֆիլյանը հայ գրականության լավագույն հեղինակներից է։ 

«2021 թվականին մի գործ ունեմ գրված Ռուբեն Ֆիլյանի գրականության շուրջ, որն ինձ համար շատ կարևոր է։ Բացի այդ խորհրդային 70-ականների շրջանի արձակը բավականին ուշագրավ կերպարներ ունի չբացահայտված, չընթերցված, և Ֆիլյանը հնարավորություն է տալիս, դառնում մի ուղենիշ, կողմնացույց, որպեսզի ոչ միայն մտածես իր գրականության շուրջ, այլև ինքդ փորձես գրականության լեզու կերտել։ Կամ մեկ այլ հեղինակ՝ Գրիգոր Պլտյանը, մեր մեծագույն գրողներից մեկը, որն այժմ ստեղծագործում է Փարիզում։ Գրքում իմ էսսեն է Պլտյանի «Շրջումը» վեպի մասին։ Նա մեր խոշոր մտածողներից է, մեծ աշխատավոր, նա ահռելի մեծ գործ է արել և անում։ Նա շարունակ պահում է այդ ռիթմը։ Իհարկե, ինձ շատ դժվար է խոսել իրենց մասին, քանի որ, երբ շատ ես սիրում գրողներին, ամենից վտանգավոր բաներից մեկն է խոսել իրենց գրականության մասին։ Երևի մի այլ բան կա՝ պետք է փորձել նոր լեզու ստեղծել, այլ տարբերակ չկա»,- պատմում է Պաչյանը։

Վերջաբանի փոխարեն՝ իսկ ծաղիկը կա…

Դաշտային փոքր ծաղիկը կա, գոյություն ունի որպես կյանքի կատարյալ գիտակցում: Նա բուսածածկի խորքերում է: Աշխարհիկ ու հոգևոր ձայները նրան չեն հասնում – բացի մեկից – կյանքի սիրույն – սրտի մի տրոփից – որն իրական չէ – չկա – գոյություն չունի: Դա երազն է, հորինվածքն ու հեքիաթը դաշտային փոքր ծաղկի, ով ասում է՝
Ես ապրում եմ:       

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 1198

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: