• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • Փոխվել են մշակույթի հանդեպ պատկերացումները, այս սերունդը միշտ շտապում է և ժամանակ չունի. Տատյանա Տոլստայա

Փոխվել են մշակույթի հանդեպ պատկերացումները, այս սերունդը միշտ շտապում է և ժամանակ չունի. Տատյանա Տոլստայա

Մայիսի 25-27-ը գրքասերների համար շնորհանդեսներով, քննարկումներով, զրույցներով, հանդիպումներով ու համերգներով հագեցած օրերի էին: Այդ օրերին տեղի ունեցավ գրքի 6-րդ փառատոնը: Գրքասերները հնարավորություն ունեցան հանդիպելու ռուս գրող, հրապարակախոս, մանկավարժ, լրագրող և գրականագետ Տատյանա Տոլստայայի հետ. հանդիպումը վարում էր գրականագետ Լիլիթ Մելիքսեթյանը: Գրողը ներկայացնում էր իր նոր գիրքը՝ «Պարսիկների բնաջնջում»-ը («Истребление персиян»):

«Պարսիկների ոչնչացումը» հետաքրքիր արձակի ժողովածու է, որտեղ ներառված են հրապարակախոս և կինոքննադատ Ալեքսանդր Տիմոֆեևսկու և Տատյանա Տոլստայայի ինչպես անհատական ​​էսսեները, այնպես էլ նրանց համատեղ տեքստերը՝ երկխոսություններ գրականության, կինոյի, ռուսական պատմության և մշակութային կերպարի մասին: Գիրքը ռուս գրողը հավաքել է երեք տարի և այն նվիրված է Ալեքսանդր Տիմոֆեևսկու հիշատակին:

Գրողը Ալեքսանդր Տիմոֆեևսկու հետ ծանոթացել է 90-ականներին, և նրանք շատ արագ ընկերացել են: Տատյանան, երբ Ամերիկայից վերադարձել է Ռուսաստան, թերթում աշխատելու առաջարկ է ստացել: Նրան մի առաջադրանք են տվել, որը գրելու համար երեք շաբաթ մտածել է: «Նա եկավ աշխատանքի, բացեց համակարգիչը և անմիջապես սկսեց մուտքագրել՝ սկզբից մինչև վերջ: Հետո գնացինք ինչ-որ պանդոկ։ Երկուսս էլ սիրում էինք խմել, երկուսս էլ չէինք հարբում ու ուղղակի խոսում էինք աշխարհում ամեն ինչի մասին։ Այսպիսով՝ երկխոսությունները ծնվեցին: Շատ խորը և ոչ ստանդարտ պատասխաններ էր տալիս Ալեքսանդրը: Սիրում էր, որ նրան Շուրիկ էին ասում: Նա շատ լավ գիտեր և հասկանում էր գրականությունը: Մենք նրա հետ խոսում էինք ամեն ինչից, և ինչ-որ պահից մեր խոսքերը, մեր մտքերը ռուսերենի և աշխարհի, ֆիլմի ու կերպարվեստի, երաժշտության ու ժուռնալիստիկայի մասին, այս անվերջ մեջբերումները, հասկանալու այս փորձերը սկսեցին ելք պահանջել. ինչ-որ պահի մենք որոշեցինք, որ ափսոս է կորցնել այս խոսակցությունները և սկսեցինք ձայնագրել»,- պատմում է Տատյան Տոլստայան:

Ալեքսանդր Տիմոֆեևսկու հետ նրանք կարծես նույն հունով էին գնում, նույն գաղափարներն ունեին, և միևնույն ժամանակ, թեմաների շուջ անհամաձայնություններ էին ունենոմ, որոնք ոչ թե խանգարում, այլ օգնում էին ավելի խորը հասկանալ ու տարբեր անկյուններից նայել:

Tatyana Tolstaya 2

Այս գիրքը կարծես կորցրածը վերադարձնելու փորձ լինի: Վերադառնալ անցյալ, առերեսվել անցյալին: Եվ հարցին, թե հաջողվել է արդյոք հետ բերել կորցրածը, Տատյանա Տոլստայան ասում է, որ դա հաջողվել է այնքանով, որքանով հնարավոր է, «ջուրը հոսել է» և այն հետ բերել չի հաջողվի: Արդյոք հնարավո՞ր է վերադառնալ անցյալ: Վերադառնում ենք, որքան հնարավոր է:

Խոսելով նոր սերնդի մասին՝ հրապարակախոսը նշում է, որ նոր սերունդը չի հասկանում իր իսկ սերնդի մտածողությունը, հետաքրքությունները: «Նոր սերունդը չի սիրում դանդաղ կարդալ, կարդալ երկար տեքստեր: Փոխվել են մշակույթի, արվեստի հանդեպ պատկերացումները: Այս սերունդը միշտ շտապում է և ժամանակ չունի: Ի հայտ է եկել մեզ համար ոչ այնքան հաճելի արագություն: Եվ այս գիրքը փորձ էր պահել մեր մշակութային ժառանգույթյունը, մեր դիմագիծը: Գրականությունն օգնում է լինել այստեղ և հիմա: Լավն այն էր, որ մենք դա արեցինք, վատն այն էր, որ գիրքը, որ մենք էինք ուզում, չեղավ: Այստեղ մի քանի երկխոսություններ են պակասում»: 

Այս գրքում կարդացողը ավելի պասիվ դեր ունի, նա կարող է վայելել երկխոսությունը և երկուսի փաստարկներն ու հակափաստարկները թեմաների առնչությամբ: Այն հարցին, թե արդյոք ընթերցողը գիրքն ընթերցելիս իրեն չի զգա «երրորդ ավելորդը», Տատյանա Տոլստայան պատասխանում է․ «Չեմ կարծում, որ այս գրքի ընթերցողները կունենան երրորդ անձի կամ այն զգացումը, որը լրտեսում է երկու մարդկանց զրույցը: Ուրիշ մեկի կարծիքը ոչինչ չի փչացնի»:

Հարցին, թե մշակույթը արդյոք կարող է կանգնեցել պատերազմ, Տատյան Տոլստայան պատասխանում է. «Ոչ, մշակույթը ոչինչ չի կարող կանխել։ Սա տարբեր է. ինչպես սիրով, ամեն տեսակ սիրով, այդ թվում՝ քրիստոնեական սիրով ոչինչ չի կարող կանխել։ Ոչ ոքի չհաջողվեց։ Սրանք տարբեր մեխանիզմներ են։ Դուք պետք է անեք ձեր գործը և փորձեք, բայց միևնույն ժամանակ հասկանաք, որ դրանով ոչինչ չի շտկվի»։

Գրողը նաև նշում է, որ չկա ապագա, գոյություն ունեն միայն անցյալ և ներկա: Եվ դա է պատճառը, որ նա հաճախ է գնում անցյալ՝ հասկանալու ներկայի խնդիրները: 

Մերի Հովհաննիսյան

  • Created on .
  • Hits: 639

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: