Քաղաքը կարդում է. Գրքի երևանյան փառատոնի նոր անակնկալները

Մայիսի 25-ին մեկնարկեց Գրքի երևանյան միջազգային փառատոնը։ Փառատոնի ծրագիրը բազմազան է. գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ՝ հայ գրողների և աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած անվանի հեղինակների, ոլորտի այլ ներկայացուցիչների հետ, գրքեր 20-50 տոկոս զեղչով։ Գրքի երևանյան միջազգային փառատոնի ծրագրում ներառված 25 միջոցառումները ընթերցասեր հանրության համար իրական նվերներ են։

Գրքի փառատոնը գործունեությունը սկսել է 2017 թվականից, ապա միջազգային բնույթ ստացել։ Միավորվել են տարբեր կազմակերպություններ, հրատարակչություններ, հեղինակներ ու գրաքննադատներ։ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպվող Գրքի երևանյան վեցերորդ փառատոնն այս տարի միջազգային էր․ այն ընդունել էր  մի շարք արտասահմանյան հայտնի հեղինակների Ռուսաստանից, Լեհաստանից, Իտալիայից, Գերմանիայից, Հունաստանից։ Այս տարի փառատոնին մասնակցում են ավելի քան 40 հրատարակչություններ, գրավաճառներ և մշակութային կազմակերպություններ, 50-ից ավելի գրողներ, քննադատներ, թարգմանիչներ, ոլորտի այլ մասնագետներ՝ Հայաստանից և արտերկրից։ Փառատոնը գրքի շնորհանդեսներից և ցուցահանդես-վաճառքից զատ ներառում է նաև պանելային զրույցներ, վարպետութան դասեր, հայ և արտասահմանյան գրողների հետ բացառիկ հանդիպումներ, համերգներ՝ գրական-երաժշտական մոտիվներով։

Grqi erevanyan paraton 4

Գրքի երևանյան փառատոնի ծրագրերի ղեկավար Անի Ղազարյանն ասում էր՝
«Փառատոնի ընթացքում սպասվում են պանելային զրույցներ, գրական ու երաժշտական բաթլ, համերգներ, հանդիպումներ հայ և արտասահմանյան այնպիսի անվանի գրողների հետ, ինչպիսիք են Արամ Պաչյանը, Մարիամ Պետրոսյանը, Տատյանա Տոլստայան, Կլաուդիո Պոցցանին, կլինեն հյուրեր նաև Հունաստանից, Գերմանիայից: Պատվավոր հյուրերից է  Արմեն Զախարյանը: Գրքի փառատոնի փակմանը մրցանակաբաշխությամբ կամփոփի գրական մրցույթի արդյունքները: Հայտնի կդառնա, թե ովքեր են հաղթել «Պոեզիա», «Արձակ», «Դրամատուրգիա», «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգերում:Այս տարի գրական մրցույթին մասնակցող դիմորդների հայտերը ժյուրիին փոխանցվել են անանուն, և փառատոնի փակման հաջորդ օրը հրապարակվելու են բոլոր գրողների հավաքած միավորները»:
Խոշոր գրական իրադարձության կազմակերպիչներից է հայ նոր գրականության հիմնադրի անունը կրող կառույցը՝ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը։ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը նշում է՝ մեծ ոգևորությամբ են միացել գրական տոնին։ Նրա խոսքով՝ մի շարք թանգարաններ ունեն հրատարակություններ, հրաշալի գրադարաններ, որոնք այդքան հայտնի չեն ընթերցողի լայն շրջանակին, և փառատոնը  թանգարանների գրական գործունեությունը ևս մեկ լսարանի ներկայացնելու առիթ է ընձեռում։

Grqi erevanyan paraton 6

Ընթերցողները մեծ ոգևորությամբ հատկապես սպասել են ռուս գրող, հրապարակախոս, հաղորդավար Տատյանա Տոլստայայի հետ հանդիպմանը և, իհարկե, Արամ Պաչյանի «Եթե սա գրող է» գրքի մակագրմանը։  Ահա Տատյանա Տոլստայան պատմում է  «Պարսիկների բնաջնջումը» նոր գրքի մասին։ Ըստ Տոլստայայի՝ գրքի վերնագիրը փոխաբերություն է, այսպես է վերնագրված Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Տիմոֆեևսկու հետ երկխոսություններից մեկը, որը ներառված է գրքում։ Ամբողջ գիրքը բաղկացած է այդ երկխոսություններից։

«Ռուսաստանում Ալեքսանդր Տիմոֆեևսկուն ճանաչում են քչերը, որոնք մեծապես տպավորված էին նրա կյանքով։ Նա անսահման համեստ էր։ Նա մարդ էր, որ հասկանում էր ինքն իրեն և հենց այդ պատճառով էլ կարիք չուներ որևէ մեկին քծնելու։
Որոշեցինք, որ ափսոս է կորցնել այս զրույցները և սկսեցինք դրանք գրի առնել։ Այսպես ծնվեցին երկխոսությունները»,- ասում է բանախոսը։

Grqi erevanyan paraton 2

Գրողը պատասխանում է նաև ընթերցողների հարցերին՝ նշելով, որ փոխվել են մշակութային ընկալման մատրիցաները, փոխվել է պահանջը։ Իսկ ինչ վերաբերում է ստեղծագործական տեքստին, ապա վերջինիս խոսքով՝ տեքստը  տանում է դեպի նոր աշխարհներ, ինչպես Ալիսային՝ հրաշքների աշխարհ։

«Այսօր մշակույթում ամեն ինչ լղոզվում է։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են գաջեթները դուրս մղում գրքերը, երեխաները դադարում են կարդալ, նոր սերունդը չի հասկանում մեր իմաստները, մեր հետաքրքրությունները։ Արագություն է ի հայտ եկել, որը մեզ՝ ծերուկներիս, տհաճ է։ Մենք դանդաղ, մտածկոտ մարդիկ ենք, որոնք նայում են բառերի մեջ և հայտնաբերում, որ նրանք ունեն գաղտնի պատուհաններ, դռներ, որոնց միջով դուք հայտնվում եք նոր իմաստներում»,- ասում է գրողը։

Grqi erevanyan paraton 1

Փառատոնում սպասված գրքերի շնորհանդեսները նախատեսված են ամենատարբեր ժանրերի գրականության սիրահարների համար։ Ահա օրինակ կարող ենք հանդիպել երիտասարդների կողմից շատ սպասված մոտիվացիոն գրական գործերի.
Ռոբին Շարմայի «Հրովարտակ ուղղված ամենօրյա հերոսին», Դոն Միգել Ռուիսի «Չորս համաձայնությունները» և այլն։ Նյումեգ հրատարակչությունը ներկայացրեց Շառլ Ազնավուրի պոեզիայի երրորդ հատորը, «Երազ» մանկական մատենաշարի առաջին երեք գրքերը։ Թումանյանը ժամանակակիցների հուշերում» երկհատորյակն էլ հրատարակվել է Թումանյանի թանգարանի կողմից։ Իսկ Անտարես հրատարակչությունը ներկայացնում է Վահրամ Ալազանի «Տառապանքի ուղիներում» հուշագրության վերահրատարակումը, որն էապես տարբերվում է 1980-ականներին լույս տեսածից։ Ինչպես Ալազանի դուստր Հասմիկ Ալազանն է պատմում, կալանավայրում՝ աքսորում, անցկացրած շրջանը շատ ծանր հետևանքներ է ունեցել Ալազանի կյանքում և հուշագրությունը նաև մեկ մարդու պատմություն չէ, այլ միավորում է տարբեր մարդկանց դաժան, երբեմն զվարճալի պատմություններ։ Չնայած առողջական ծանր վիճակին՝ Ալազանը կամք է դրսևորել և կնոջը թելադրել աքսորավայրում ապրած օրերը, որը հետագայում հրապարակվել է։

Grqi erevanyan paraton 5

Փառատոնը նաև լավագույն հնարավորություն է արտասահմանյան հեղինակների համար, որոնք հայաստանյան ընթերցողի դատին են հանձնում իրենց ստեղծագործությունները։ Գրական քննարկումների ընթացքում էլ պոետիկ զեղումներն ու գրական վերլուծություններն, իհարկե, անպակաս չեն. փառատոնի հյուրերն են Վերսոպոլիս եվրոպական գրական հարթակի ներկայացուցիչներ Շենոն Սալիվանը, Յորղոս Կուտուվելասը, ռուս բանաստեղծ, արձակագիր Դմիտրի Գարիչևը, գրական տարբեր մրցանակների դափնեկիր Ալեքսանդրա Շալաշովան, գրաքննադատ Տատյանա Սոլովյովան։

Փառատոնային հագեցած օրերն ամփոփվեցին չորս անվանակարգերում հայտարարված գրական մրցույթի արդյունքների ներկայացմամբ։

«Դրամատուրգիա» անվանակարգ՝ Սամվել Կոսյան

«Մանկապատանեկան գրականություն» անվանակարգ՝ Ալիս Հովհաննիսյան
«Պոեզիա» անվանակարգ՝ Գևորգ Թումանյան

«Արձակ» անվանակարգ՝ Նորայր Սարգսյան և Գևորգ Տեր-Գաբրիելյան

Հատուկ մրցանակ՝ Արմեն Զախարյան։

 

Գրքի փառատոնն այսուհետ նաև եվրոպական Վերսոպոլիս գրական հարթակի փառատոնների ցանկում է․ դա նշանակում է, որ հայ գրողները ևս կարող են մասնակցել եվրոպական գրական նախաձեռնություններին, մրցույթներին, փառատոններին, իսկ առավելությունը կտրվի հատկապես գրքի փառատոնում հաղթած հեղինակներին։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 538

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: