«Քեզ համար, Հայաստան». լույս է տեսել Շառլ Ազնավուրի պոեզիայի ժողովածուի երրորդ հատորը

«Գրքի երևանյան փառատոն»-ի շրջանակում Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» գրքի շնորհանդեսը: Սա Ազնավուրի պոեզիայի ժողովածուի երրորդ հատորն է, որը հրատարակվել է «Նյումեգ» հրատարակչության կողմից:
Երկլեզու (հայերեն և ֆրանսերեն) այս գրքում ներառված են հարյուրից ավելի ստեղծագործություններ. բանաստեղծություններ, որոնց մի մասը հետագայում վերածվել են նաև երաժշտության: Բանաստեղծություններում սիրո բոլոր դրսևորումներն են՝ խուլուհամր կնոջը սիրահարված տղամարդու ապրումներից մինչև հայրական սեր, երգեր՝ նվիրված Հայաստանին, Ֆրանսիային, ընտանիքին և «Տիկին կյանքին»:
Այս հատորում տեղ են գտել «Թեհրան 43» ֆիլմի հանրահայտ սաունդթրեքը՝ «Մի ամբողջ կյանք սեր» երգը, Հայոց ցեղասպանության թեմայով «Նրանք ընկան» ստեղծագործությունը, Սպիտակի երկրաշարժից հետո հուսաբեր «Քեզ համար, Հայաստան» հիթը:
Գրքում ներառված է նաև շատերին անծանոթ «Ասեղը» բանաստեղծությունը, որը շանսոնյեն նվիրել է 25 տարեկանում կյանքից հեռացած իր որդուն` Պատրիկին:
«Ինձ համար բացահայտում էր «Ասեղը» բանաստեղծությունը, նաև՝ երգը: Ես չգիտեի, որ Ազնավուրը որդեկորույս հայր է և ստեղծագործությունը նվիրել է իր որդուն: Ինձ համար շատ հուզիչ էր: Նույնիսկ տառաապանքը նա կարողանում է գեղեցիկ ներկայացնել»,- մեկնաբանեց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի դասախոս Արփի Նանյանը, որը առաջիններից է ծանոթացել գրքի թարգմանությանը:
«Ես այս հատորից կառանձնացնեմ «Սեր, աստված իմ, սերը», որովհետև դրանում կարծես խտացված լինեն բոլոր սերերը: Կառանձնացնեմ նաև «Եվ ես իմ անկյունում» ստեղծագործությունը, որն այս հատորում ներառված չէ, բայց ինձ համար Շառլի ամենալավ գործն է, որովհետև այն ինձ կարճամետրաժ կինոնկար է հիշեցնում, որն ունի սյուժե, տեսարաններ, լեզու, ապրումներ: Ես առանձնահատուկ վերաբերմունք ունեմ այդ երգի նկատմամբ»,- անկեղծացավ գրքի թարգմանիչ Սամվել Գասպարյանը:
Այս հատորում է նաև «Իմ սրտահույզ սերը», որը Ազնավուրը կատարել է Լայզա Մինելլիի հետ ու զուգահեռ երգել ժեստերի լեզվով:
Գրքի թարգմանության խմբագիր, լրագրող Հասմիկ Առաքելյանի խոսքով՝ հանրության շրջանում շանսոնյեից առավել հայտնի են 30-40 ստեղծագործություն, բայց Ազնավուրը 1400-ից ավելի ստեղծագործություն ունի:
«Նյումեգ» հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը կարևորելով «Քեզ համար, Հայաստան» երգը, որը նաև գրքի վերնագիրն է, ընդգծեց՝ 1988-ի երկրաշարժի օրերին հենց այս երգը ուժ ու հույս տվեց ողբերգության մեջ հայտնված հայ ժողովրդին: «Քառասուն շաբաթ այս երգը միջազգային հարթակների առաջին տեղում էր: Ազնավուրը Սպիտակի երկրաշարժը, որպես ԽՍՀՄ-ի ներսում տեղի ունեցած երկրաշարժից սարքեց միջազգային հումանիտար օգնության էպիկենտրոն: Այսինքն՝ նա Հայաստանի համար արեց այն, ինչը, ցավոք, հիմա որևէ մեկը չի կարող անել»:
«Մինչև վերջ Ազնավուրը մնաց Հայաստանի հետ և Հայաստանին նվիրված: Նա սիրեց Հայաստանը, Հայաստանն էլ՝ իրեն»,- իր խոսքում նշեց Սամվել Գասպարյանը: Եվ կարծես պատահական չէ, որ «Քեզ համար, Հայաստան» գրքի շապիկին Ազնավուրի՝ 1988-ին Գյումրիում արված հայտնի լուսանկարն է, երբ նա մեկնելու պահին ավտոբուսից ձեռքով հրաժեշտ է անում աղետի գոտու բնակիչներին, իսկ նրանք քայլում են մեքենայի հետևից՝ չցանկանալով բաց թողնել նրան:
Մարջան Չոբանյան
- Created on .
- Hits: 1229