• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի եզրափակչում կհնչի 6 ստեղծագործություն. մաեստրոն դրանք կունկնդրի առաջին անգամ

Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի եզրափակչում կհնչի 6 ստեղծագործություն. մաեստրոն դրանք կունկնդրի առաջին անգամ

Մայիսի 27-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի եզրափակիչ փուլն ու գալա համերգը: «Ասոնանս» անսամբլի կատարմամբ կհնչեն մրցույթի եզրափակիչ փուլ անցած 6 մասնակիցների ստեղծագործությունները, կհայտարարվեն հաղթող կոմպոզիտորների անունները:

Թեև մրցույթը կրում է Տիգրան Մանսուրյանի անունը, սակայն մաեստրոն դեռ չի լսել մրցութային որևէ ստեղծագործություն։ Նա էլ հանդիսականի հետ առաջին անգամ կունկնդրի հենց մայիսի 27-ին։

Մայիսի 26-ին լրագրողների հետ զրույցում կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը հույս հայտնեց, որ չի սահմանափակվի միայն մեկ անգամ լսելով, քանի որ եթե գործը լավն է, այն մարդ ուզում է նորից ու նորից լսել։

«Ճիշտ է, իմ անվան է մրցույթը, բայց երբևէ չեմ փորձել մտնել մանրամասների մեջ»,- նշեց  ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը։

Mansuryani anvan mrtsuyt 1

Մաեստրոյի ցանկությունն է լսել բարձր պրոֆեսիոնալ հիմքերի վրա գրված երաժշտություն, լինի այսօրվա երաժշտական մտածողություն, բայց հայկական ավանդական հիմքերն այս կամ այն ձևով ստեղծագործաբար յուրացված։

Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթը միտված է միավորելու տաղանդավոր կոմպոզիտորներին աշխարհի բոլոր ծայրերից՝ ստեղծելով յուրահատուկ հարթակ, որտեղ կմիաձուլվեն երաժշտությունն ու գրականությունը։  Մրցույթի նպատակը տաղանդավոր երաժիշտների բացահայտումն է, արդի պոեզիայի հանրահռչակումը, հայ գրի, խոսքի արժևորումն աշխարհի ամենահասանելի լեզվի՝ երաժշտության միջոցով։

Mansuryani anvan mrtsuyt 6

Տ.Մանսուրյանն ասաց, որ սովետական տարիներին շատ են եղել պոետական արժեքներից շեղումներ, մի ամբողջ շերտ բացարձակ չէր մտել երաժշտություն, անուշադրության էր մատնված, օրինակ, հայրենները, աղոթքները, թեև դրանք երաժշտության բնագավառ գալու հսկայական ուժ ունեն։

«Երբ առաջարկություն եղավ իմ անվան մրցույթ անցկացնել, ասացի, որ այդ մրցույթն այս սկզբունքով եթե եղավ, դա ինձ կհետաքրքրի։ Թեև դժվարություններ կան, քանի որ միջազգային մրցույթը հայերեն ստեղծագործություններով է, բայց մենք էլ աշխարհով մեկ սփռված ենք, այն երիտասարդները, որոնք լեզվի հետ կապ չունեն, թող կապվեն, սովորեն»,- ասաց Տիգրան Մանսուրյանը։

Mansuryani anvan mrtsuyt 4

Մաեստրոն ընդգծեց, որ հավատում է երիտասարդներին, որոնք նաև հնարավորություն ունեն սովորել արտերկրում:

«Իմ ուսումը ստացել եմ սովետական իրականության տարիներին։ Այն տարիներին դու կարող էիր լավ ջութակահար լինել, լավագույն կոչումը ձեռք բերեիր միջազգային մրցույթում, բայց կոմպոզիցիայի պարագայում դա չէր կարող լինել, քանի որ կոմպոզիցիան գաղափարախոսական բնագավառ էր։ Դու արտասահմանյան որևէ մտածողության, համակարգի, գեղագիտության հետ որևէ առնչություն չէիր կարող ունենալ, ուր մնաց սովորել։ Այսօր երիտասարդությունը սովորում է և ունի կողմնորոշվելու այդ հնարավորությունը ևս։ Ունենք շրջանավարտներ, որոնք կարևոր դեր ունեն երաժշտական կյանքում, որոնց կրթությունն իրականացել է Եվրոպայում»,- ասաց Տիգրան Մանսուրյանը։

Mansuryani anvan mrtsuyt 7

Մանսուրյանի անվան կոմպոզիտորների առաջին միջազգային մրցույթն իրականացվում է «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ։ «Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արման Բարսեղյանն ասաց, որ տարիների ընթացքում մշակութային տարբեր նախագծեր են իրականացրել, սակայն նման մրցույթ առաջին անգամ են նախաձեռնել։

«Մի քանի տարի համագործակցում ենք Տիգրան Մանսուրյանի հետ, և զրույցների ընթացքում առաջացավ նման մրցույթ անցկացնելու գաղափարը։ Մաեստրոն հատուկ շեշտել էր՝ մրցույթի տրամաբանության մեջ դնել այն, որ համադրեն հայ դասական հեղինակների տեքստերը և ժամանակակից կոմպոզիտորների երաժշտությունը, փորձել դրանով դասական հեղինակներին, հայերեն խոսքն ասպարեզ բերել։

 Mansuryani anvan mrtsuyt 3

Մյուս կարևոր նպատակն այն է, որ ցանկանում ենք մրցույթի միջոցով Հայաստանն աշխարհին ներկայացնել, և այն մաեստրո Տիգրան Մանսուրյանի անունով կոչելն ամենաճիշտ տարբերակն է՝ հաշվի առնելով նրա միջազգային ճանաչումը։ Մենք, ըստ էության, փորձեցինք դրսի կոմպոզիտորներին ներգրավել, որպեսզի հայ հեղինակների  տեքստերի հետ աշխատեն ու ստեղծագործություններ գրեն»,- ասաց Արման Բարսեղյանը՝ հավելելով, որ մրցույթը լինելու է շարունակական։

Մրցույթին մասնակցել է 13 երկրից 24 մասնակից, որոնք ստեղծագործել են 22 հայ հեղինակների ստեղծագործությունների հիման վրա։ Եզրափակիչ փուլ է անցել 6 մասնակից։ Նրանցից  ընտրվելու են լավագույն երեքը՝ համապատասխանաբար արժանանալով առաջին (մրցանակ՝ 3000 դոլար), երկրորդ (2000 դոլար), երրորդ ( 1000 դոլար) մրցանակներին։

Մրցույթի եզրափակիչ փուլ են անցել՝ Վարդան Հարությունյան (Հայաստան), Դավիթ Բալասանյան (Հայաստան), Աննա Հակոբջանյան (Հայաստան), Ալինա Պոդզորովա (Ռուսաստան), Իվան Բուշուև (Ռուսաստան), Արսեն Բաբաջանյան (Հայաստան/Գերմանիա)։

Վարդան Հարությունյանն իր ստեղծագործությունը գրել է Կոմիտասի, Գեղամ Սարյանի ու Համո Սահյանի խոսքերի հիման վրա։ Նա նշեց, որ վաղուց ակադեմիական երաժշտության մեջ թաթախվելու, վերհիշելու կարիք է ունեցել, ինչի հնարավորությունն ընձեռել է հենց այս մրցույթը։ Այդ իսկ պատճառով էլ մեծ հաճույքով մասնակցել է մրցույթին՝ այն համարելով հետաքրքիր իրադարձություն, մարտահրավեր։ Ուրախ է, որ եզրափակչում է։

Կոմպոզիտոր Աննա Հակոբջանյանը նույնպես ուրախ է տեսնել իր ստեղծագործությունը Մանսուրյանի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլում։

Դավիթ Բալասանյանի համար անչափ ուրախալի ու անսպասելի էր հայտնվել եզրափակչում։

Mansuryani anvan mrtsuyt 5

«Ստեղծագործությունս գրել եմ մի քանի ամիս առաջ երկրային կյանքից հեռացած ուսուցչիս՝ մեծանուն կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանի  ոգեշնչմամբ։ Մահից երկու շաբաթ առաջ զանգահարեց ու ասաց․ Զանգել եմ քեզ ոգևորել, որ անպայման մասնակցես այս մրցույթին, կարևոր չէ՝ կհաղթես, թե ոչ, կարևոր է, որ կունենաս ևս մի նոր ստեղծագործություն։ Ու ես գրեցի այն»,- ասաց Դավիթ Բալասանյանը։

Ի դեպ, Տիգրան Մանսուրյանն այժմ աշխատում է կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանի հիշատակին նվիրված ստեղծագործության վրա։

«Աշոտ Զոհրաբյանն իմ մոտ ընկերներից էր։ Նա նաև այս մրցույթի ժյուրիի անդամ էր։ Նա մահացավ մի քանի ամիս առաջ, և մենք մտերիմ ընկերներով որոշեցինք համերգ կազմակերպել նրա հիշատակին։ Ամեն մեկս հանձն առանք որևէ գործ գրել նվիրված Աշոտ Զոհրաբյանի հիշատակին։ Ես անասելի դժվարությամբ եմ գրում, քանի որ երաժշտություն գրելու համար միշտ չէ, որ զգացական կողմն օգնող է, նաև հաճախ շեղում է ու մեկ էլ տեսար՝ ուրիշ տեղ ես հայտնվում»,- ասաց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։

Նաիրա Տիգրանյան

  • Created on .
  • Hits: 652

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: