«Խաչատուր Իսկանդարյան - 100. քանդակագործը և քաղաքը»

Մայիսի 31-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Խաչատուր Իսկանդարյան - 100. քանդակագործը և քաղաքը» ցուցահանդեսը: Այն ընդգրկում է շուրջ 50 ստեղծագործություն՝ քանդակ, գրաֆիկա, գեղանկար:

«Այս տարի մենք նշում ենք նշանավոր քանդակագործ, ժողովրդական նկարիչ Խաչատուր Իսկանդարյանի 100 ամյակը: Ինչպես գիտեք, նա հայտնի է հատկապես հին երևանյան  կոլորիտային տեսարանները պատկերող բրոնզաձույլ մանրաքանդակներով ու պատկերներով: Ցուցադրության կոնցեպտն ու խորագիրը՝ «քանդակագործը և քաղաքը», պատահական չէ ընտրված: Ցուցադրության երեք հիմնական շեշտադրումներն են, բնականաբար, սիրելի Երևանը, բազմաթիվ շրջագայությունների ընթացքում տարբեր քաղաքներից  պատկերված տեսարաններն ու իր մտերիմները՝ մտավորականները, արվեստագետներն ու քաղաքի բնակիչները»,- ցուցահանդեսի բացմանն ասաց պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը:

Khachatur Iskandaryan 8

Խառը տեխնիկայով (յուղաներկ, ջրաներկ, տուշ, տեմպերա, պաստել և այլն) արված քաղաքային բնանկարները պատկերում են Հայաստանի, Հունգարիայի, Լատվիայի, Էստոնիայի, Ճապոնիայի տեսարաններ, ներկայացնում ամեն քաղաքին բնորոշ գողտրիկ և գունագեղ անկյուններ։

 Իսկ մտերիմներին  և  քաղաքը խորհրդանշող անձնավորություններին  պատկերող փոքրաչափ արձանիկներում վառ կերպով դրսևորվել են Իսկանդարյանի արվեստի ոճական առանձնահատկությունները, նրա յուրօրինակ մտածելակերպն ու ջերմ վերաբերմունքը այդ մարդկանց հանդեպ։ Յուրաքանչյուր անձի նա ներկայացրել է հոգեբանական տիպիկ բնութագրով (Նիկողայոս Նիկողոսյան, Գաբրիել Գյուրջյան, Արամ Ղարիբյան, Ռաֆայել Շիշմանյան, Մարտիրոս Սարյան և այլք):

Khachatur Iskandaryan 2

«Քննարկում» քանդակախմբում, օրինակ, պատկերված են նրա կյանքում մեծ դեր ունեցած արվեստագետներ Արա Սարգսյանը, Մարտիրոս Սարյանը, Գաբրիել Գյուրջյանը, Հակոբ Կոջոյանը և իր ուսուցիչ Սուրեն Ստեփանյանը:

Նկատենք, որ Իսկանդարյանն առաջին քանդակագործներից է, որ սկսեց հայ կերպարվեստում զարգացնել մանր պլաստիկան։ «Նիկողայոս Նիկողոսյանը Երևանում ցուցադրել էր իր մի քանի մանրաքանդակները,  որոնք չափազանց դուր եկան ինձ, և ես սկսեցի զբաղվել մանրաքանդակներով»:

Khachatur Iskandaryan 3

«Հուշեր հին Երևանից» մանրաքանդակների բարձրարժեք շարքը կրում է վավերագրի բնույթ։ Վարպետը վերարտադրել է մանկության հուշերում պահպանված մայրաքաղաքի երբեմնի կոլորիտը՝ քաղաքի փողոցները, շուկան, կրպակները, արհեստավորներին և նրանց աշխատանքը («Լուսանկարիչ Ալեքսանդրը», «Դանակ-մկրատ», «Ֆայետոն», «Պատանի երաժիշտներ»):

Khachatur Iskandaryan 4

«Աստաֆյանով ման էի գալիս, փոքր տղա էի, էս բոլորը լցվեց հուշապարկս, և ուզեցի անմահացնել ու կոմպոզիցիաների վերածել: Ուրախ եմ, որ դրանք դարձան բրոնզաձույլ: Իմն են: Եվ ինձ ոչ ոք չի կարող կրկնօրինակել, իսկույն կիմացվի… Ինձ հաճախ հարցնում են՝ ինչու եմ ստեղծում հին երևանցու քանդակաշար, իսկ ես պատասխանում եմ, որ նրանց կերպարներով եմ հիշում իմ երիտասարդության քաղաքը»,- մի առիթով պատմել է լուսահոգի Իսկանդարյանը:

Khachatur Iskandaryan 7

Ցուցադրության համադրող Մարիամ Դավթյանի խոսքով՝ Խաչատուր Իսկանդարյանին միայն որպես քանդակագործ դիտարկելը սխալ է, որովհետև նա նույն վարպետությամբ ու պրոֆեսիոնալիզմով  իրականացրել է և՛գրաֆիկական, և՛ գեղանկարչական աշխատանքներ: «Հայ արվեստում շատ մեծ է նրա դերը նաև այն առումով, որ նա կարողացել է պահպանել և վերարտադրել երևանյան կոլորիտը: Այս ամենին զուգահեռ պետք է հիշել, որ Իսկանդարյանը հեղինակել է նաև հաստոցային  ստեղծագործություններ, մեծածավալ կիսանդրիներ, որոնք տեղադրված են Գյումրիում, օրինակ՝ Ավետիք Իսահակյանին, Տիգրանյանին  ներկայացնող հուշակոթող կիսանդրին, Երևանում՝ Հակոբ Մեղապարտի հուշակոթողը»:

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 488

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: