Ազգային պարի նպատակը «մենք»-ի ձևավորումն է. «Ակօս»-ը եկել է «ես»-ին համախմբելու
Հնչում է «Հե՛յ»-ը։
Բռունցք են դառնում բանասերն ու իրանագետը, մշակութաբանն ու դիզայները, ինժեներն ու սոցիոլոգը, ռադիոֆիզիկն ու մանկավարժը։
Ակօսցիներներն են, շուրջն ազգայինն է։
«Մեր ազգային պարերը գրեթե 100 տոկոսով խմբային պարեր են։ Իրենք նպատակ են ունեցել «Մենք»-ի ձևավորման, պարվել են հենց համայնքի կողմից, որպեսզի այն ավելի միասնական լինի, ավելի «Մենք», քան «Ես»-եր»,- ասում է «Ակօս» ավանդական պարի խմբի պարուսույց Գուրգեն Մելքոնյանը։
Մասնագիտությամբ ատոմային ինժեներ Գուրգենը որոշել է խումբ ստեղծել 2022թ․։ Մինչ այդ պարել է «Սասուն», «Կայթ», «Կարին» ավանդական երգի, պարի խմբերում։ Պարի հետ առաջին անգամ առնչվել է համալսարանական տարիներին։
«Մի անգամ միջոցառման համար պարողներ էին պետք։ Առաջարկ եղավ, երևացող, աշխույժ երիտասարդներ էինք։ Բնականաբար համաձայնեցինք. հետաքրքիր էր։ Սովորեցինք «Մշո խըռ», «Յարխուշտա» պարերը։ Լավ էր ստացվում, բայց ազգային պարի ոգին չհաջողվեց ստանալ, կայծ չկար վառվելու համար։ Հետո սլավոնական համալսարանի պարի խմբի ներկայացուցչից առաջարկ ստացանք։ Քանի որ հետաքրքրությունը դեռ չէր հանգել, համաձայնեցինք։ Ամենահետաքրքիրն ու տպավորչն ինչն էր, որ խմբի աղջիկները մեզ ցույց տվեցին, որ զգալու ոչ մի հատկություն չունենք, ոգեղենությունը չկար մեզ մոտ։ Միջոցառման ավարտից հետո ուզում էինք առաջարկով հանդես գալ, խմբին միանալու, բայց շաբաթը ուրբաթից շուտ եկավ, իրենք առաջարկեցին։ Դրանից հետո սկսվեց բուռն ճանապարհը, անընդհատ դասեր, փորձեր։ Անհրաժեշտություն առաջացավ ավելի հիմնավոր ու համակարգված սովորելու։ Առաջարկ ստացա միանալ «Կայթ» (գրբ․ թագմանաբար՝ պայտալ, ուրախ թռչկոտել, պարել) խմբին, որը ղեկավարում էր Կորյուն Դավթյանը։ Ավանդական երգի պարի հիմնավոր կրթությունը եղել է այդ խմբում։ Աստիճանաբար հավես վիճակը հասավ գիտակցական վիճակի։ Արդեն հասկանում ես ինչի համար է այդ ամենը արվում, անցկացնում ես քո պատկերացման մաղով, ինչը քոնն է, վերցնում ես, ավելացնում, սինթեզում քո տեսակի հետ, դրանով իսկ դառնում քո մշակույթի կրողը։ Ճանապարհը շարունակվեց «Կարին» ավանդական երգի պարի խմբի հետ։ 2016 թ. եմ սկսել հաճախել։ 2017 թ․ երկրորդ կեսին զորակոչվեցի բանակ, 2019 թ․ վերդառնալուց հետո որոշ ժամանակ զբաղվեցի պարերով կրկին «Կարին»-ի հետ։ Բայց չարաբաստիկ դեպքերն ու պայմանները ստիպեցին այլ ուղղությամբ գնալ՝ 2020թ․ սեպտեմբեր, արցախյան 44-օրյա պատերազմ»,- ասում է նա։
Հենց այս իրադարձություններին հետևեց սեփական խումբ ունենալու գաղափարը։ Սկզբում խումբը հավաքվել է եռամսյա դասընթացների ձևաչափով։
«Շատերի համար հետաքրքրություն էր, լավ ժամանակ, ծանոթություն ազգայինին։ Հետո արդեն դարձանք թիմ, խումբ, որն ունի առաքելություն։ Նոր ենք սկսում, բայց ժամանակի ընթացքում շատ նպատակներ կունենանք ու կհասնենք դրանց»,- ասում է ակօսցի Հայկուշը։
Առաջին փորձը ոգևորիչ էր և խոստումնալից։ Հիմա արդեն կա խումբ, որը համալրվում է, ոչ թե կազմվում։
«Ամենաառաջին խումբը գրեթե 50 հոգանոց էր։ Բայց իրական պատկերը ժամանակի ընթացքում է երևում, արդեն առաջին ամսվա ավարտին մնում էր լավագույն դեպքում 25-30 հոգի։ Իսկ երկրորդ ամսվա վերջում ավելի քչացան, լավագույն դեպքում 15-20 հոգի մնաց։ Որը սակայն էլի վատ արդյունք չէր, հետո էլի հավաք կազմակերպեցինք ու անընդհատ համալրում։ Արդեն որոշ ժամանակ անց կար սկզբնական խումբը, որը օգնում էր նոր մասնակցին արագ ինտեգրվել։ Քո կողքին կանգնած մարդիկ պարում են ու սովորեցնում։ Դրա շնորհիվ սկսեց ձևավորվել կորիզը»,- ասում է պարուսույց Գուրգենը։
Խմբի մասնակիցներն ամենատարբեր մասնագիտության ու տարիքի են։ Նրանց խումբ են բերել տարբեր պատճառներ ու առիթներ, սակայն համախմբվել են նույն նպատակի շուրջ։
Անդամներից Արմինեի խոսքով՝ խմբին միավորում է նաև նույն երազանքը։
«Այն ժամանակի ընթացքում վերածվեց գաղափարի, որի իրագործման համար խանգարող գրեթե ոչինչ չկար։ Որոշվեց չսահմանափակվել զուտ դասընթացի փորձերով, այլ ծավալել հանրօգուտ գործունեություն ու պարուսուցում։ Ինձ համար հայկական ազգային պարերին տիրապետելը հայրենի մշակույթի պահպանության ու սերունդներին փոխանցելու սրբազան պայքարի միջոց է։ Մեր սերունդը, ցավոք, հեռացել է իր էթնիկ ինքնությունից, թերևս այսօրվա իրողության մեծագույն պատճառներից մեկն էլ հենց դա է։ Այս հողի վրա ծնված յուրաքանչյուրի համար պարտավորեցնող հանձնարարական ու գերնպատակ պետք է լինի պահել սրբազան հողը»,- ընդգծում է նա։
Մասնակիցներից Տիգրանուհու խոսքով՝ այս գիտակցմանը հավելվում է նաև ընդհանուրի մի մասնիկ լինելը։
«Հասկանալի է, որ ազգայինը նախ և առաջ արմատներին մոտ լինելու կարևոր գործոն է։ Բայց երբ դա անում ենք բոլորով, արդեն ուժ է։ Եվ մեր ժողովրդի պատմությունն ենք իմանում ավելի լավ, քան գիտեինք։ Այն կարծես մի նոր արահետ լինի, որի միջոցով հետաքրքրիր բաներ ենք իմանում։ Իհարկե, շատ կարևոր է Գուրգենի դերը. ինքն էնքան սեր ու ջերմություն է դնում էս գործի մեջ, էնքան լավ է մատուցում, որ ուզում ես իր հետ այդ գործը անել»,- նշում է նա։
Խմբի ձևավորման գաղափարը Գուրգենի մոտ հղացել է այն ժամանակ, երբ հասկացել է, որ ինքն ունի ասելիք, իսկ հասարակաությունը՝ լսելու կարիք։
«Պարն ինքնադրսևորման շատ ուժեղ գործիք է։ Այն պարզապես ֆիզիկական շարժումների համակարգ չէ. պետք է կարողանաս ամբողջ մտածելակերպը ինտեգրել մարդկանց մեջ։ Պետք է պարենք, որ մեր տեսակը, կերպարը ու մեզ ժառանգած բոլոր արժեքները կարողանանք բարձ պահել։ Եթե նպատակը զուտ պարեցնելը լինի մարդկանց, հեշտ է, դժվար է մարդուն այն գիտակցման բերել, որ հասկանա ինչի համար է պարում ու ինչ կկարողանա տալ։ Սա գիտակցելով՝ որոշեցի ստեղծել մեր օրերի ամենակարևոր արժեքը՝ թիմը։ Թիմ, որի հետ կկարողանայի կիսել իմացածս, հաղորդալից դարձնել մարդկանց։ Մեր հասարակությունը, անկախ նրանից՝ կգիտակցի, թե չէ, ունի լսելու կարիք, և չնայած՝ ամպագոռգոռ է հնչում, բայց կարող ենք հայանպաստ, հայամետ, ազգակենտրոն մտածելակերպի բերել նրանց. այսօր մարտահրավերներն ուրիշ լուծում չեն թողնում։ Ցանկացած օրակարգի կետ վերցնելով՝ հասկանում ենք, որ պարտավոր ենք օր, ժամ ու րոպե առաջ ավելի համուղղված շարժվել։ Որպեսզի կարողանանք արժանի լինել այն իրականությանը, որը մեզ փոխանցվել է»,- ասում է նա ու բացատրում խմբի անվան՝ «Ակօս»-ի նշանակությունը. «Երբ արդեն կար կազմված կորիզ, պետք էր անուն, ինչն ամենաբարդ հարցն էր։ Այն կապել ենք խմբի գործունեության հետ, ոչ թե որը սիրուն է, հին հայկական է։ Ակոսը գյուղատնտեսության մեջ այն միջավայրն է, որտեղ սերմն արդեն կապի մեջ է մտնում պարարտ հողի հետ, պտղաբերման առաջին փուլն է կատարվում։ Հողն արդյունավետ չէ, եթե իր մեջ սերմ չկա, իսկ սերմն առանց հող դատապարտված է չորանալու։ Մեր նպատակն է մարդկանց՝ սերմերին, ծանոթացնել պարարտ հողի՝ մշակույթի հետ, ներգրավել ու մեծ համայնքի մի մասը դարձնել։ Որոշեցինք այդ երկու աշխարհների համար դառնալ կապող օղակ, հանգույց»։
Խմբի տարբերանշանն էլ է ընտրված միավորման գաղափարով։
«Լոգոն սարքել եմ «Օ» տառով, որ ուրիշ ակոսներից առանձնանա։ «Օ» -ն մարդիկ են, այս դեպքում՝ մենք։ Հին ժամանակներից մարդիկ հավաքվել են գութանով ակոսներ են արել մեկի հողամասը, հետո՝ մյուսինը։ Սա համախմբության նշան է»,- ասում է գաղափարի հեղինակ Հայկուշը։
«Ակօս»-ի ավագ մասնակիցը՝ 59-ամյա Սառան, կարծում է, որ համախմբված պարը տանում է նաև դեպի արմատներ։
«Վաղուց ուզում էի ազգային պարերին թողնել իմ կյանք, բայց ամեն անգամ մի բան խանգարում էր։ Գուրգենի գրառումն ազդակ դարձավ, որ որոշածս արդեն իրագործեմ։ Կար կանչ դեպի արմատներ, ակունքներ, դարձ դեպի արարիչը։ Այս պահին ուրախ եմ, որ կա այս հնարավորությունը։ Կպարեմ, որքան կարողանամ։ Եվ, իհարկե, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք օգնում են հասկանալ՝ որտեղից ենք եկել, որ հասկանանաք՝ ուր ենք գնում»,- նշում է արմատներով Գողթն գավառից Սառան։
Լսելով ազգային երաժշտություն և կատարելով ազգային պար՝ ակօսցիներից Հայարփին հանգստություն է գտնում.
«Պարը մտածելակերպ է, որը երևի ավելի լավ ենք զգում, քանի որ հայ ենք, մերն է։ Այն ինձ համար հանգիստ ու նվիրված միջավայր է ստեղծում։ Ես ինձ շատ լավ եմ զգում պարելիս»։
Ազգայինը հանգստության աղբյուր է նաև արցախցի Մարիամի համար։
«Պատահական եմ իմացել, որ այսպիսի խումբ է հավաքվում։ Որոշեցի գալ, որովհետև մեր մշակույթին ավելի մոտ լինելու լավ առիթ էր։ Սկզբում պարզապես խումբ էինք, հետո արդեն սկսեցինք հասկանալ իրար։ Պարում ու հանգստանում եմ»,- ասում է նա։
Իսկ Աշխենին ազգային պարը ուժ ու էներգիա է տալիս։ Նա ի սկզբանե եկել է միայն «Կարնո քաչարի» պարը սովորելու համար, սակայն ընթացքում մոռացել է, որ պետք է դուրս գար։
«Երբ աշխատանքից հոգնած ալարելով գնում էի պարի, դուրս գալիս թարմ, ուժեղ ու ոգևորված էի։ Մեր պարերը մեզ սիրել են տալիս մերը, ազգայինը։ Սա ինձ համար շատ կարևոր է, որովհետև հիմա այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ դժվար է քոնը զգալ, պահել ու ցույց տալ։ Մեր պարերը շատ կարևոր առաքելություն ունեն՝ միասնականություն։ Բոլորով կարողանում ենք տալ հիմնականն ու միասնականը։ Մենք ասելիք ունենք, և ես շատ եմ ուզում, որ բոլոր անդամներով իրար թիկունք դարձած գնանք դեպի այդ ասելիքի փոխանցմանը։ Ես հպարտ եմ, որ «Ակօս»-ի անդամն եմ, այն իմ կյանքում ամենալուրջ դերերից է խաղում»,- նշում է Աշխենը։
Իսկ Լիդիայի համար պարը միջոց ու առիթ է թիմային ոգին զգալու և փոխանցելու համար։
«Ես բնույթով անհատական, ազատ, անկախ մարդ եմ։ Ազգային պարը քեզ թողնում է այդ ազատությունը, բայց նաև թիմի անդամ է դարձնում, հասկանում ես թիմային տրամաբանությունը։ Այն զգացողությունը, որ բոլորով անում ենք նույն բանը, զգում ենք մերը, շատ կարևոր է։ Ազգային պարն ինձ լրացնում է»,- ասում է նա։
Մասնակիցներից Մարիամին պարը և՛ լրացնում, և՛ ամբողջացնում է։ Մանագիտությամբ մշակութաբան Մարիամը որոշել է ազգայինը սովորել, որ հետո սովորեցնի։
«Երբ արդեն գալիս էի պարի, հասկանում էի, որ ճիշտ որոշում եմ կայացրել։ Պարով ես ինքնդրսևորվում եմ, այն ինձ օգնում է։ Հիմա Թալինում խմբակ ունեմ, իրենց եմ սովորեցնում։ Կարևոր է, որ երեխան յուրքանչյուր գիտելիքի կողքին իմանա նաև ազգայինի մասին, հասկանա ու տարածի»,- ասում է նա։
Խմբի պարուսույցի կարծիքով՝ երբ երեխան արդեն փոքր տարիքից ազգային միջավայրում է մեծանում, շատ ավելի արագ ու դյուրին է այն ընկալում։
«Երեխան պատրաստ է ցանկացած խելառ մտքի իրականացմանը։ Մենք՝ մեծերս, ժամանակի ընթացքում կորցնում ենք այդ հատկությունը, որովհետև շատ կարծրատիպեր սկսկում են խանգարել։ Անգամ եթե երեխան ատի պարելը, ինքն ամենաճիշտ գնահատականը կտա։ Նա կարող է պարել չիմանա, բայց իմանա՝ ինչի համար են պարել, որն է եղել նպատակը։ Գաղափարը սա է՝ ես չեմ պարի, բայց կանեմ այն, ինչի համար դուք պարում եք։ «Մենք»-ի ձևավորման համար պարը ուղղակի շատ ուժեղ գործիք է, ոչ թե միակ ճանապարհ ու լուծում։ Երեխան գնում է նույն խնդրի լուծմանը, բայց իր ճանապարհով։ Շատ կարևոր է պատվանդան հանդիսանալ հաջորդ սերնդի համար։ Այսինքն՝ ես պետք է համարձակվեմ, պատրաստ լինեմ իմ ծնողին, իմ հերոսին, իդեալին գերազանցել։ Հենց սա է զարգացումը, հաջորդ աստիճանը, էտապը։ Հավատալն է կարևոր, երեխային հասցնել բարձունքի, դրանով իսկ ապահովել մերը։ Ես այսօր կգտնեմ այս խնդրի լուծումը, հաջորդ սերունդը՝ մյուսինը»,- ասում է Գուրգենը, որի ընտանիքում այս մոդելն արդեն երևում է․ կինը՝ Լիլիթը, նույնպես ազգայինի կրող է, իսկ ծնողների պարին գրեթե միշտ ներկա է որդին՝ Արեգը։
Ազգայինն ընտանիքում ձևափաչը փորձարկում է նաև խմբի մասնակիցներից Քրիտինան, որի աղջիկը նույնպես սովորում է ազգային պարեր։
«Ես ի սկզբանե նպատակ ու ցանկություն ունեի մոտ լինել ազգայինին, հիշել ու պահպանել արմատները, ինչն էլ փորձում եմ փոխանցել աղջկաս։ Այս խումբ գալով՝ իմ սպասելիքները գերազանցվել են։ Սա կարևոր գործիք է, պետք է կարողանանք ճիշտ օգտագործել»,- ընդգծում է նա։
Այս պահին խմբում հիմնականում աղջիկներ են, որորնցից երկուսն էլ ազգությամբ ռուս են։ Տղաները քիչ են և զբաղվածության պատճառով չեն կարողանում մասնակցել փորձերին, սակայն այդ փաստը խոչընդոտ չէ։
«Իհարկե, կան պարեր, որոնք տղայի կողմից կատարվելիս շատ ավելի դիտարժան են ու ոգևորիչ։ Բայց աղջիկներ միշտ են եղել պարային խմբերում, և պակաս չեն զգում պարի ոգին։ Մեր մեծերի խոսքն է՝ աղջիկը չի պարում «Յարխուշտա», բայց պետք է իմանա, որ իր տղային սովորեցնի։ Կինն է տղային տղամարդ դարձնում, մայրն է, որ առյուծ է ծնում, հետևաբար՝ կինը պետք է լինի տարածող։ Տղամարդկանց կողմից մեծանում է հետաքրքրությունը դեպի ազգային, ավանդական պարեր, ինչը լավ է, որպեսզի բալանսը պահվի։ Բայց պետք է շեշտենք, որ գաղափարը սեռ չի ճանաչում։ Երբ մի քիչ ուշացած գալիս ես փորձի, տեսնում ես, որ մասնակիցները երաժշտությունը միացրել են ու սկսել, ոգևորում է։ Այստեղ կարևոր չեն սեռ, տարիք, նախասիրություն»,- նշում է պարուսույց Գուրգենը՝ կարևորելով այդ գաղափարի անընդհատ տարածումը.
«Այսօր առավել քան կարևոր է խոսել ազգայինի մասին, տարածել այն, մադկանց հնարավորություն տալ առնչվելու։ Իմ պատկերացմամբ՝ մարդուն պետք է մի անգամ ձեռք տալ, զգալ, շոշափել այդ ամենը։ Բնական է մի անգամով ոչինչ չի լուծվում, բայց այդ մեկ անգամը արդեն իսկ դրոշմը թողնում է։ Ամեն հաջորդ անգամը դառնում է մտածելակերպի փոփոխման մեծ խթան։ Նպատակ չունենք ոչ մեկին փոխելու, մարդկանց վերածրագրավորելու. պատկերացումն է պետք ճիշտ դարձնել»։
Ազգային պարը, մտածելակերպ փոխելուն համընթաց, նաև պետք է ոգևորի, հպարտության առիթ դառնա, ասում է մասնակիցներից Սիրանուշը։
«Ամենահարմարը ես ինձ պարի մեջ եմ զգում։ Պարի միջոցով լրացնում եմ բացը, որով կարող եմ իմ ազգին ինչ-որ օգուտ տալ, այսինքն՝ մշակույթը պահել, փորձել տարածել։ Ինչո՞վ եմ հայ, եթե իմ կրոնի, լեզվի, մշակույթի, պարի կրողը չեմ։ Իմ կարծիքով՝ յուրաքանչյուր հայ գոնե մի քանի պար պետք է իմանա, եթե չգիտի պարել, գոնե ծագումնաբանությունը իմանա։ Ի վերջո եթե այսքան ժառանգությունն արժեքավոր չլիներ, մեզ չէր փոխանցվի, ընթացքում կա՛մ կմոռացվեր, կա՛մ կոչնչանար»,- ասում է նա։
Պարի տարածվածությանը պետք է նպաստի տեղային օգտագործումը, կարծում է ակօսցի Հասմիկը։
«Ինչու օրինակ հայերը կարողանանում են լավ վրացական ազգային պարեր պարել, միջոցառումներ կազմակերպել, բայց մերը չգիտեն։ Կարելի է, չէ՞, ամեն բնագավառում ազգայինը հիմնային թելով անցկացնել, ներկայացնել, ու դրանով էլ պահպանել։ Ես,, օրինակ սկզբում մասնակցում էի «Կարին»-ի կազմակերպած ամեն ամսվա վերջին ուբաթ օրը կազմակերպվող «Մենք ենք մեր պարերը» բաց դասերին։ Ու զգում էի, որ շատ կարևոր գործիք է, այն ինձ ձգում էր, հոգեհարազատ էր։ Այդպես որոշեցի համակարգված հաճախել դասերի ու գտա «Ակօս»-ին»,- նշում է Հասմիկը։
Պարուսույցի խոսքով՝ այս և այլ մարտահրավերների կողքին այսօր ավելացել է ևս մեկը։
««Նվիրվածություն հայրենքին», «Հայանպաստ գործ», «Հայրենասիրություն» բառերն արդեն այնքան են ասվել տարբեր հարթակներից, խոսափողներից, որ ինչ-որ առումով արժեզրկվել են։ Դրանց լուրջ վերաբերվելու խնդիրը պետք է նորից լուծվի։ Որպեսզի չընկալվեն որպես հերթական բառեր, նախ պետք է խնդիրը դարձնել խնդիր, ձևակերպել, համոզել, որ դա խնդիր է, հետո զբաղվել դրա լուծմամբ։ Պետք է կրկին փորձենք լսել, զտել ու հասկանալ»,- ասում է նա։
Այս գործընթացին գալիս է օգնելու հենց պարը, որն ամփոփում է պատմություն, գաղափար, բնություն, ի վերջո՝ ոգի։ Կարծում է ակօսցի Տաթևը, որը ազգային պարերի մեջ լեռներ է տեսնում։
«Այդ ոգու շունչը շարունակական բնույթ է կրում, եթե տեր ես կանգնում նրան, ինչը ժառանգել ես։ Մեր պարերը մեր կյանքի բնութագիրն են։ Ես հաճախ լեռներում եմ լինում, և հենց լեռան գագաթին պարելը ուրիշ զգացողություն է։ Մեր պարերի մեջ էլ եմ լեռներ տեսնում՝ ուս ուսի կանգնած, ամուր մեջքով, հպարտ կեցվածքով։ Մեր պարերը պետք է իմանան բոլորը, ոչ միայն հայերը, օտարը երբ տեսնի «Քոչարի»-ն, պետք է հստակ ճանաչի, որ դա հայերինն է»,- նշում է նա։
Հայի ինքնությունն, իհարկե, պահպանվում է մշակույթով, ավանդույթներով ու տեսակով։ Ըստ Գուրգենի՝ հայն ունի հստակ տարբերակիչ գծեր, որոնք կրկին արժևորելու կարիք կա։
«Մենք ունենք չորկողություն, սեփական տեսակը պահելու վճռականություն, պայքարելու մղում։ Այն հիմա էլ է շարունակվում։ Բոլոր արհավիրքներից հետո էլի ոտքի ենք կանգնում ու էլի առաջ ենք գնում՝ դեմքով մարտահրավերներին։ Այսօր մեզ փորձում են հրամցնել բազմաթիվ կեղծ օրակարգեր՝ վատն ենք, խաբող ենք, «գցող» ենք, բայց ժողովուրդը գենետիկորեն շատ ավելի ամուր է, քան այդ օրակարգերը։ Դրանք ուղղակի զսպում են հենց այդ պոռթկումը, որը կարող է բերել համախմբման։ Այդ ամենի դեմ պետք է պայքարել՝ սովորելով, զարգանալով, կրթվելով, լսելով, վերլուծելով։ Պետք է բոլոր պայմանները ստեղծել, որ մարդ հասկանա՝ ով է հայը, որն է հայի տեսակը, դերը»,- ասում է պարուսույցը։
Այսպիսով՝ «Ակօս»-ն ունի հստակ գծագրված ճանապարհ, այն կարող է հարթվել ակօսցիների վճռականության, միասնականության և հավատի միջոցով։ Այս համոզմամբ է առաջնորդվում խմբի պարուսույց Գուրգեն Մելքոնյանը, որն արդեն իսկ ստանում է իր կատարած աշխատանքի արդյունքները։
Գայանե Պողոսյան
- Created on .
- Hits: 1986