Պուչինիի «Տուրանդոտ»-ը` առաջին անգամ Հայաստանի օպերային թատրոնի բեմում
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկը հարստանում է ևս մեկ գլուխգործոցով։ Խոսքը Ջակոմո Պուչինիի «Տուրանդոտ» երեք գործողությամբ օպերայի մասին է, որի առաջնախաղը կայանալու է հուլիսի 29-ին։
Արքայադուստր Տուրանդոտի և Կալաֆի սիրո պատմությունը ներկայացնող օպերայի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 1926 թվականին Միլանի Լա Սկալա թատրոնում, որից հետո այն տարածում է ստացել աշխարհի տարբեր անկյունների ամենահեղինակավոր համերգասրահներում և թատրոններում: «Տուրանդոտ»-ը օպերային հիմնական երկացանկի ամենահանճարեղ ստեղծագործություններից է, որն առաջին անգամ կհամալրի Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի հարուստ խաղացանկը:
Ներկայացման մեջ ընդգրկված են Թատրոնի ինչպես արդեն անվանի, այնպես էլ երիտասարդ լավագույն մեներգիչները, Թատրոնի երգչախումբը, սիմֆոնիկ նվագախումբը: Բեմադրությունը իրականացրել է ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու, Նովոսիբիրսկի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր, Նովոսիբիրսկի պետական կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Վյաչեսլավ Ստարոդուբցևը, դեկորացիաների և հագուստների հեղինակն է Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի Պրիմորսկիի բեմի գլխավոր դիզայներ Պյոտր Օկունևը, իսկ հագուստները պատրաստվել են «Գաբաջյան նորաձևության տան» կողմից: Ներկայացման լուսային ռեժիսորն է Սերգեյ Սկորնեցկին, իսկ վիդեո կոնտենտի բեմադրիչը՝ Վադիմ Դուլենկոն:
Հուլիսի 28-ին կայացած ասուլիսում բեմադրության ռեժիսոր Վյաչեսլավ Ստարոդուբցևը խոստովանեց՝ մեծ պատասխանատվություն է աշխատել Երևանի օպերային թատրոնի հետ, որն ունի հզոր պատմություն, պրոֆեսիոնալ դերակատարներ։ Միաժամանակ նշեց՝ մեծագույն հաճույք է։
«Ես չգիտեմ աշխարհում որևէ թատրոն, որտեղ Տուրանդոտի դերերգի հինգ կատարող լինի, Կալաֆի՝ երեք կատարող, իսկ այս թատրոնում նրանք կան։ Դա ֆանտաստիկ է: Բոլոր թատրոնները երազում են Տուրանդոտի, Կալաֆի գոնե մեկ կատարողի մասին, իսկ այստեղ ադամանդներ են, հրաշալի ձայներով արտիստների մի ամբողջ խումբ։ Ընտրությունը դժվար է»,- ասաց բեմադրության ռեժիսորը։
Ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն ասաց, որ բավականին լուրջ աշխատանք է արվել. կոստյումները որակյալ են, ներկայացումը՝ հարուստ, ինչպես որ պետք է լինեն օպերային ներկայացումները։
«Շնորհակալ եմ Վյաչեսլավին և նրա թիմին, որոնք եկել են մեզ հետ աշխատելու։ Նրանք կարողանում են ցույց տալ, թե ինչպես է պետք պրոֆեսիոնալ աշխատել: Կան ոլորտներ, որտեղ մենք թերանում ենք և պետք չէ վախենալ բարձրաձայնել, ասել այդ մասին ու պետք է շտկել դրանք»,- նշեց Կ.Դուրգարյանը:
Նա հույս ունի, որ հանդիսատեսը կհավանի ներկայացումը, քանի որ այն բավականին գեղեցիկ ու լուսավոր է։ Դուրգարյանի խոսքով՝ թատրոնն ունի տաղանդավոր երգիչներ, ուրախ է, որ նրանք այսօր հնարավորություն ունեն այս օպերան երգել հենց հայկական բեմում։
Դիրիժոր Հարություն Արզումանյանը նշեց, որ բոլոր օպերաները գլուխգործոցներ են, բայց նույնիսկ այդ ահռելի ժառանգության մեջ առանձնանում է Ջ.Պուչինիի «Տուրանդոտ» օպերան, որը կոմպոզիտորը չի հասցրել ավարտել։ Այն ավարտել է նրա համախոհ ու աշակերտ Ալֆանոն։
«Մեր բեմադրությունն առանձնանում է նրանով, որ մենք չենք ընդգրկել Ալֆանոյի վերջաբանը, այլ ներառել ենք միայն այն, ինչ գրել է անձամբ Պուչչինին։ Նա միայն ամենավերջին հատվածը չէր ավարտել, բայց այդ թեմայով թողել էր տարբեր ձեռագրեր»,- նշեց նա։
Նրա ներկայացմամբ՝ բարդագույն օպերա է․ ի տարբերություն Պուչինիի մյուս օպերաների, որոնցում երգչախումբը շատ թեթև է ընդգրկված լինում՝ այս օպերան ամբողջովին հիմնված է երգչախմբի վրա. «Ռեժիսորն այնպես է բեմադրել, որ երգչախումբը բավականին ակտիվ է գործում, բարդագույն դերեր են հաղթահարում նաև երգչախմբի արտիստները՝ խաղալով, անընդհատ գործողության մաս կազմելով»։
Հարություն Արզումանյանի կարծիքով՝ գեղեցիկ ու գունագեղ բեմադրություն է. երջանկություն է աշխատել այդ հանճարեղ ստեղծագործության վրա, որը երբեք չի բեմադրվել Հայաստանում, եղել է միայն համերգային կատարում։
«Իրոք, մեծ ձեռքբերում է, հուսով եմ՝ երկար տարիների համար է այս ձեռքբերումը։ Ամեն տեղ չէ, որ երգիչները հնարավորություն ունեն «Տուրանդոտ» օպերայում խաղալ, երգել»,- ասաց Հ.Արզումանյանը։
Ներկայացման կայացմանն աջակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Ասուլիսին ներկա ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի խոսքով՝ «Տուրանդոտ»-ը լավագույն օպերային ներկայացումներից մեկն է, յուրաքանչյուր օպերային թատրոն ձգտում է այս բեմադրությունն ունենալ իր խաղացանկում։
«Սա միանշանակ կարևոր իրադարձություն է մեր մշակութային կյանքում և ԿԳՄՍ նախարարությունն աջակցել է և շարունակելու է աջակցել նման ծրագրերի կյանքի կոչմանը»,- նշեց նա։
Փոխնախարարը տեղեկացրեց, որ նախարարության ֆինանսական աջակցությունն այս ներկայացմանը կազմել է շուրջ 50 միլիոն դրամ։
«Կարծում ենք՝ նման բարձրակարգ ներկայացումները հարստացնում են մեր հասարակությունը, հաղորդում են նոր հոգևոր լիցքեր, բարձրացնում հասարակության՝ արվեստի ընկալման մակարդակը, ինչպես նաև խթանում են դեպի մեր երկիր զբոսաշրջային հոսքեր»,- ասաց Ա. Քոչարյանը։
ԿԳՄՍ փոխնախարարը նշեց, որ իրենց նպատակն է առավելագույնս դիվերսիֆիկացնել մշակութային կյանքը մեր երկրում և դառնալ տարածաշրջանի մշակութային և ժամանցային կենտրոն։
Նաիրա Տիգրանյան
- Created on .
- Hits: 1269