Հայր և որդի Վրույրները իրենց նվիրեցին մեր պատմամշակութային ժառանգությունը փաստավավերագրելուն
Հոկտեմբերի 18-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Հավերժի վավերագրողները․ Արամ, Արա, Արտաշես Վրույրներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը: Փաստավավերագրական կարևոր նշանակություն ունեցող այս ցուցադրությունը նվիրված է դերասան, լուսանկարիչ Արամ Վրույրի ծննդյան 160-ամյակին՝ ներկայացնելով նրա և որդիների՝ Արա և Արտաշես Վրույրների բեմական գործունեությունն ու լուսանկարչական ժառանգությունը։ Այստեղ մեկտեղվել են 200-ից ավելի արխիվային լուսանկարներ, վավերագրական կարևոր և եզակի նմուշներ․ փաստաթղթեր, Անիից փրկված մասունքներ, հեղինակներին հիշեցնող տարբեր իրեր:
«Ցուցահանդեսի կազմակերպման ժամանակ, ցավոք, այնպիսի իրադարձություններ տեղի ունեցան, որ կարծեք այս ցուցադրությունն ինչ-որ առումով մեզ տեղափոխեց այն ժամանակները, որում ապրել են հեղինակները: Հայրը և որդիները, իրենց ստեղծագործական փայլուն կյանքից բացի, իրենց նվիրեցին շատ հայրենանվեր մի աշխատանքի՝ փաստավավերագրեցին մեր պատմամշակութային ժառանգությունը: Կարելի է ասել՝ շուրջ մեկ դար իրենց կյանքը նվիրել են այս գործին»,- ասաց Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը`զուգահեռներ տանելով տվյալ ժամանակների և այսօրվա իրականության միջև:
Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանի խոսքով՝ Վրույրները գիտական շրջանակներին շատ հայտնի են, մինչդեռ հասարակությանը՝ ոչ այնքան, ուստի հիմա շատ բարեպատեհ առիթ է, որ մենք կարողանանք արժևորել այս ընտանիքի կատարած ու մեզ թողած գործը: «Նախանցած դարի վերջին Արամ Վրույրը զբաղված էր թատերական գործունեությամբ, ընդ որում՝ նա ոչ միայն լավ դերասան էր, այլև թատերարվեստի տեսաբան: Պետրոս Ադամյանին (գրող, նկարիչ, հասարակական գործիչ) նվիրված աշխատություն ուներ, որով, ըստ էության, հիմք դրեց նաև ադամյանագիտությանը: Նա նաև ստեղծագործում էր, և ինչպես մի անգամ Վահրամ Փափազյանն է ասել՝ լավ լրագրող էր: Բացի այս ամենը, հանկարծ պարզվեց, որ նա շատ լավ լուսանկարիչ է: Ի դեպ, լուսանկարչությունը այդ ժամանակ նոր իրողություն էր, բայց նա կարողացավ տիրապետել դրա բոլոր հմտություններին: Նրա թողած լուսանկարչական ժառանգությունը, որքան գնա, այնքան ավելի թանկ է դառնալու մեզ համար»:
Արամ Վրույրի (Արամ Մաքասճյան) լուսանկարչական աշխատանքներն ամբողջությամբ չեն պահպանվել: Իր լուսանկարների մեծ մասը Վրույրը 1909 թվականին տարել է Պոլիս՝ տպագրության նպատակով: Գումարի սղության պատճառով տպագրությունը ձգձգվել է: Ապա 1915 թվականին պատերազմի ու եղեռնի շրջապտույտի մեջ հօդս է ցնդել ամբողջ «դարը»՝ վավերացրած բազում ակնթարթներ, ազգային հետքեր ու դեմքեր, անմահացած կոթողների լուսանկարներ՝ փոշիացնելով ավերակները ժառանգողների՝ դրանք անմահացնելու վերջին փորձերը:
Վրույրի լուսանկարների մի մասն էլ Անիի գիտարշավի բազմաթիվ նյութերի հետ կորել է 1917 թվականին: Ծավալուն այդ նյութերը, որոնք Թբիլիսի են ուղարկվել՝ տեղի պատմահնագիտական ինստիտուտում վերամշակելու նպատակով, ինչ-ինչ հանգամանքների բերումով այդպես էլ տեղ չեն հասել:
1904-1917 թթ․ Արամ Վրույրը մասնակցել է Նիկողայոս Մառի գլխավորած գիտարշավներին, և հենց նրա անմիջական մասնակցությամբ էլ հայտնաբերվել են Անիի Գագկաշեն եկեղեցու ավերակները: Արամ և Արա Վրույրների շնորհիվ պահպանվել և մեզ են հասել Ադրբեջանի կողմից ոչնչացված Ջուղայի՝ խաչքարերով հարուստ գերեզմանատան լուսանկարները։
«Արժե սովորել այն ամենն, ինչ մեզ մոտեցնում է անցյալին, վերակենդանացնել այն և պատմական անունները ներկայացնել մեզ ոչ իբրև մեռյալ անուններ, այլ իբրև կենդանի մարդիկ…Մենք արեցինք այն, ինչ-որ կարող էինք: Տվեցինք հնարավորը հարազատ ժողովրդին»,- ասել է Արամ Վրույրը:
Ցուցադրությունը կազմակերպվել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ։ Այն կգործի մինչև տարեվերջ:
Մարջան Չոբանյան
- Created on .
- Hits: 874