• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • Պոեզիայի արժևորում՝ երաժշտության միջոցով. Մեկնարկել է Մանսուրյանի անվան կոմպոզիտորների 2-րդ միջազգային մրցույթը

Պոեզիայի արժևորում՝ երաժշտության միջոցով. Մեկնարկել է Մանսուրյանի անվան կոմպոզիտորների 2-րդ միջազգային մրցույթը

2023թ․ հոկտեմբերի 15-ին մեկնարկել է Մանսուրյանի անվան կոմպոզիտորների 2-րդ միջազգային մրցույթը։ «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված այս մրցույթը միտված է երաժշտության միջոցով աշխարհին հասանելի դարձնելու հայկական պոեզիան՝ բացահայտելով տաղանդավոր կոմպոզիտորների ամբողջ աշխարհից։

««Կողբ» հիմնադրամի ղեկավար Արման Բարսեղյանի հետ մենք անձնական բարեկամության տարածքում էինք, երբ այս առաջարկությունը եղավ ինձ։ Անկեղծ ասած՝ ես անակնկալի եկա… Իմ անվամբ միջազգային մրցույթ․․․ Հայ երաժշտի համար սա անսովոր է։ Բայց մենք համաձայնեցինք մեկտեղել երաժշտական նոր կոնցեպտ ստեղծելու մեր ջանքերը»,- մրցույթի գաղափարին անդրադարձավ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:  Մաեստրոյի դիտարկմամբ՝ հայ դասական գրականության հատվածը նորագույն շրջանի երաժշտության մեջ ամբողջությամբ կայացած չէ։ «Երբեմն բանաստեղծը երգում է աշուղական ավանդույթներով երգեր այն դեպքում, երբ բացարձակ կապ չունի աշուղության հետ…Միջնադարյան աշխարհիկ պոեզիան մեր հարստությունն է, ունենք հայրեններ և շատ այլ բանաստեղծություններ սիրո, պանդխտության մասին, բայց մենք երբևէ չենք փորձել Քուչակի հայրենները երաժշտության ասպարեզ  բերել,  մինչդեռ այն գրական դարավոր արժեք է»։  Ըստ էութության այսկերպ փորձ է արվում  միջազգային մակարդակում հանրահռչակել հայ պոեզիան՝միաձուլելով երաժշտությանը:

MAnsuryani anvan mrtsuyt 2

Այս տարվա մրցութային  հայտերի ընդունման վերջնաժամկետը 2024թ․ ապրիլի 15-ն է: Մրցույթին կարող են մասնակցել նաև նախորդ մրցույթին հայտեր ներկայացրած կոմպոզիտորներն ու մրցանակակիրները։

«Պետք է ներկայացվի ձայնի և մեկ կամ երկու գործիքի համար գրված ստեղծագործություն (շարք), որի տևողությունը պետք է լինի նվազագույնը 6, առավելագույնը` 12 րոպե: Գործիքակազմն այսպիսին է`կարող են ընտրել դաշնամուր, ֆլեյտա, կլարնետ, լարայիններից՝ ջութակ, ալտ, թավջութակ, ձայնի ընտրության հարցում`սոպրանո, մեցցո սոպրանո, բաս, բարիտոն և տենոր: Ստեղծագործությունները պետք է գրված լինեն վերջին մեկ տարվա ընթացքում հայ միջնադարյան, դասական կամ ժամանակակից պոեզիայի հիման վրա»,- լրագրողների հետ զրույցում մանրամասնեց նախագծի պատասխանատու Սոնա Վերդյանը:

Ապրիլի 15-ից մայիսի 15-ը հանձնաժողովը ներկայացված ստեղծագործություններից կընտրի 6 լավագույններին։ Մայիսի 15-ին կհրապարակվեն եզրափակիչ փուլ անցած 6 մասնակիցների անուններն, իսկ հունիսի 14-ին՝ գալա-համերգին, «Ասոնանս» անսամբլի կատարմամբ առաջին անգամ կհնչեն 6 լավագույն ստեղծագործությունները և ժյուրին կընտրի մրցանակակիրներին։ Մրցույթի ընթացքում կներկայացվի նաև համերգ, որի ծրագրում ընդգրկված կլինեն Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները։

Մրցույթի ողջ ընթացքում՝ հոկտեմբերի 15-ից  հունիսի 14-ը, աշխարհի տարբեր երկրներից ժյուրիի անդամները Հայաստանում հանդես կգան վարպետության դասերով, որոնք միտված կլինեն երաժշտական ակադեմիական կրթահամակարգի ամրացմանը:

MAnsuryani anvan mrtsuyt 3

«Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյանի համոզմամբ՝ մշակույթն ու կրթությունն են ստեղծում միջավայր, որտեղ արժեքային համակարգ է ձևավորվում: «Եթե մենք չունենանք ինքնաբավ, մեր ինքնությանը համապատասխան մշակույթ, ամենայն հավանականությամբ դժվար կլինի մյուս ոլորտներում հաջողություններ արձանագրելը, որովհետև մերը չունենալու պարագայում մշակութային այլ ազդեցությունների ենք ենթարկվելու և ենթարկվում ենք,  որոնք էլ հետո տարածվելու են մյուս ուղղություններով: Մեր հիմնադրամը հստակ օրակարգ ունի՝ մշակութային և կրթական նախագծերի միջոցով երկարաժամկետ խնդիրներ լուծել»:

Հիշեցնենք, որ Մանսուրյանական առաջին մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել 13 երկրի 24 կոմպոզիտոր: Մաեստրոն, խոսելով մրցույթում իր դերի  մասին, ասաց, որ այն շատ քիչ է:  Ժյուրիի որոշումներին չի միջամտում, երբեմն սեփական կարծիքն է արտահայտում: Ի դեպ, այս տարվա մրցույթի ժյուրիի կազմն արդեն հայտնի է, այն գլխավորում է կոմպոզիտոր, դիրիժոր Դավիթ Հալաջյանը։  «Ստեղծագործությունների մեջ  կարևորում եմ երաժիշտի խոսքի մեղեդայնությունն ու այն մթնոլորտը, որում փոխանցվում է այն»,- ասում է նա՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչ չափանիշներով են ընտրելու հաղթողներին:

«Մրցույթի գլխավոր գաղափարներից մեկն այն է, որ Մանսուրյանական մտածողության շարունակություն ունենանք։ Նա, Խորհրդային տարիներին չընդունվելով, պայքարելով, չենթարկվելով կանոններին, որոնք դրվել են իր առջև, կարողացել է հաղթահարել դրանք և հայ մշակույթը ճշմարիտ, ազնվական կերպով պահպանել: Դրա շարունակության հնարավորությունը կունենանք նաև այսօր։ Մենք ուզում ենք, որ մանսուրյանական այս դրսևորումը՝ ինտելեկտուալ, ակադեմիական արվեստը, պահանջված ու ցանկալի լինի մեր միջավայրում»,- ամփոփեց Սոնա Վերդյանը:

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 850

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: