«Զարթոնքի վկաներ. լուսանկարիչ Աբդուլլահյան եղբայրներ». կարևոր և հետաքրքիր ցուցադրություն՝ ՀԱՊ-ում
Լուսանկարչության գյուտը տեղի է ունեցել 19-րդ դարի 1-ին կեսին, բայց այսօր էլ՝ 21-րդ դարում, լուսանկարչությունը ճիշտ ընկալելու, գեղարվեստական լուսանկարչությունը՝ որպես կերպարվեստի, արվեստի լիիրավ տեսակ ընկալելու խնդիր կա։ Հայաստանի ազգային պատկերասրահում բացված «Զարթոնքի վկաներ. լուսանկարիչ Աբդուլլահյան եղբայրներ» ցուցահանդեսը գալիս է այդ բացը լրացնելու, լուսանկարչությունը՝ որպես ինքնուրույն արվեստի տեսակ վերարժևորելու, արժևորելու ևս մեկ հնարավորություն է։
Լուսանկարչության պատմությունն անմիջականորեն կապված է Միջին Արևելքի հետ: 1839 թվականին նոր գյուտից հետո լուսանկարիչները շտապել են վավերագրել Փոքր Ասիայի բիբլիական և պատմական վայրերը Օսմանյան կայսրությունում: Տեղական լուսանկարչությունը սկսել է զարգանալ միայն 1858-ից հետո, երբ պոլսահայ երեք եղբայրներ գերմանացի մի քիմիկոսից ձեռք են բերել լուսանկարչական լաբորատորիա՝ սկիզբ դնելով Միջին Արևելքի ժողովուրդների ու մշակույթների ինքնաներկայացման նոր դարաշրջանի։
Վիչեն (1820–1902), Հովսեփ (1830–1908) և Գևորգ (1839–1918) Աբդուլլահյանները (արաբերենից թարգմանաբար՝ Աստվածատուրյան) սերում էին հայ կաթոլիկ վաճառական ընտանիքից, որը սերտ կապեր ուներ ինչպես Օսմանյան արքունիքի, այնպես էլ հայ մտավորականության հետ։ Խելամիտ կերպով օգտագործելով այդ կապերը՝ եղբայրները շուտով նշանակվեցին սուլթան Աբդուլազիզի պաշտոնական պալատական լուսանկարիչներ և ստեղծեցին «Աբդուլլահյան եղբայրներ» Օսմանյան կայսրությունում առաջատար լուսանկարչական արվեստանոցը։
Ստամբուլում, Կահիրեում և Իզմիրում գտնվող իր մասնաճյուղերով արվեստանոցը լայնածավալ ձեռնարկատիրություն էր, որի հաճախորդների թվում էին տեղի և միջազգային էլիտաները, մշակութային շրջանակները և մեծաքանակ զբոսաշրջիկները: Լուսանկարները լայնորեն տարածվում էին աշխարհով մեկ զբոսաշրջային առևտրի, ակադեմիական շրջանակների և մամուլի միջոցով՝ օգնելով ձևավորել Միջին Արևելքի մասին գլոբալ պատկերացումները՝ որպես արմատական վերափոխումների եզրին գտնվող հնագույն մի երկրամասի։
Թեպետ այսօր Աբդուլլահյան եղբայրները մեծ ճանաչում ունեն՝ որպես տարածաշրջանում տեղային լուսանկարչության հիմնադիրներ, նրանց ժառանգության բազմազան դրսևորումներն ու նշանակությունները դեռ կարիք ունեն պատճաշ վերլուծության: Արևելքի իրենց պատկերներում հաճախ հենվելով օրիենտալիստական խնդրահարույց հիմունքների վրա՝ եղբայրները միաժամանակ զարգացնում էին լուսանկարչությունը նոր ուղղություններով։ Տեսախցիկն ուղղելով դեպի փողոցներ ու հանրային միջոցառումներ՝ նրանք ստեղծում էին վավերագրական և ռեպորտաժային լուսանկարչության նախատիպերը։
«ՄանԲան» տեսողական մշակույթի արխիվի հավաքածուի վրա հիմնված և Ազգային գրադարանի ու Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի կարևոր նմուշներով համալրված «Զարթոնքի վկաները» Աբդուլլահյան եղբայրների ստեղծագործությունների Հայաստանում առաջին հետահայաց ցուցադրությունն է, որն ուրվագծում է արվեստանոցի գործունեությունը 1860-ականների սկզբից մինչև դրա փակումը 1899-ին: Ընդգծելով եղբայրների առնչությունները 19-րդ դարի լուսանկարչության տարբեր ժանրերի և ոճերի հետ՝ ցուցադրությունը նպատակ ունի բացահայտելու նրանց աշխատանքին բնորոշ հակասություններն ու բարդությունները և միաժամանակ ներկայացնելու այն հղկված և արդիական գեղագիտական որակները, որոնք այս արվեստանոցին բերել են միջմշակութային նման հաջողություն։
Ներառելով Աբդուլլահյան եղբայրների շրջապատում գործող օսմանահայ այլ լուսանկարիչների աշխատանքներ՝ ցուցահանդեսը շեշտադրում է հայկական լուսանկարչական ցանցերի գերիշխող և եզակի դիրքը 19-րդ դարի Միջին Արևելքում, բացահայտում է հայ «պատկերահանների» բացառիկ ներդրումը համաշխարհային ժամանակակից տեսողական մշակույթի զարգացման գործում։
Ցուցահանդեսում ներկայացված է 85 աշխատանք հայաստանյան հավաքածուներից, թեև եղբայրների գործերը սփռված են ողջ աշխարհով, ցուցադրվում են աշխարհի խոշորագույն թանգարաններում։
Ցուցահանդեսի բացմանը Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանն ասաց, որ այսօր իրենց համար յուրօրինակ և հետաքրքիր ցուցադրության բացման օր է։
«Կարևոր և հետաքրքիր ցուցադրություն է ոչ միայն բովանդակային առումով, այլև թերևս 21-րդ դարում նորից բարձրացնում ենք խնդիրը՝ լուսանկարչությունը՝ որպես ինքնուրույն արվեստի տեսակ վերարժևորման, ավելի ճիշտ արժևորման առումով։
Պատահական չէ նաև ցուցադրության խորագիրը՝ «Զարթոնքի վկաները». կարևոր է, որ մենք Աբդուլլահյան եղբայրներին ներկայացնում ենք ոչ միայն համաշխարհային լուսանկարչության պատմության գործընթացներում կարևոր դեր ունեցած արվեստագետների, այլ ներկայացնում ենք 19-րդ դարի հայկական զարթոնքի համատեքստում։ Կարծում եմ՝ այդ զարթոնքի կարիքը մենք այսօր ավելի քան ունենք և լավ կլինի, որ ցուցադրությունն ընկալենք ու դիտարկենք հենց այդ համատեքստում»,- նշեց Մ. Հակոբյանը։
Ցուցահանդեսի համադրող Վիգեն Գալստյանը նախ նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում կազմակերպվում հետահայաց ցուցահանդես՝ նվիրված եղբայրների ստեղծագործություններին, ապա հավելեց, որ Աբդուլլահյան եղբայրներին կարելի է համարել ոչ միայն առաջին հայ լուսանկարիչները, այլև ընդհանրապես արևելյան տեղային լուսանկարչության հիմնադիրները լուսանկարչության պատմության համատեքստում։
Նրա խոսքով՝ այս ցուցահանդեսն իր համեստ ծավալներով ևս մեկ անգամ ապացուցելու է հայ արվեստագետների, մտավորականների ներդրումը ոչ միայն հայ մշակութային արդիականության զարգացման գործում, այլև ընդհանրապես միջին արևելյան մշակույթի արդիականության ձևավորման գործընթացներում։
«Մեր արվեստագետները, մտավորականները իրենց ներազդեցությունն են թողել ոչ միայն մեր մշակութային ինքնության կազմավորման վրա, այլև մեր ոչ այնքան սիրելի, նաև սիրելի հարևանների մշակութային ինքնության կազմավորման վրա։ Այս ցուցահանդեսը կարևոր է դիտարկել հենց այդ տեսանկյունից»,- ասաց ցուցադրության համադրողը։
Վ.Գալստյանը նշեց, որ Աբդուլլահյան եղբայրները համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետներ են, սակայն մինչ օրս պատշաճ ձևով չեն ընկալվել, գնահատվել մեր մշակութային պատմության համատեքստում։
«Հատկապես այսօր չափազանց կարևոր է խոսել այդ ժառանգության մասին մեր մշակութային քաղաքականության դիրքերից»,- ասաց նա։
Ցուցահանդեսի գլխավոր հովանավորն է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
Նաիրա Տիգրանյան
- Created on .
- Hits: 763