Ռուսական «Ազգերի թատրոնը» (Театр Нациий) և Սաթի Սպիվակովան հյուրախաղեր ունեցան Երևանում

Այս տարի առաջին անգամ Հայաստանում է ռուսական «Ազգերի թատրոնը» (Театр Нациий)։ Ապրիլի 5-ին և 6-ին Երևանի Ստանիսլավսկու անվան Դրամատիկական թատրոնում ներկայացվեց «Դեղձանիկ» ներկայացումը, որտեղ գլխավոր հերոսուհու՝ օպերային դիվա Մարիա Կալասի դերը կերպավորում էր հաղորդավարուհի, դերասանուհի Սաթի Սպիվակովան։ Ստեղծագործության հիմքում աշխարհահռչակ երգչուհու կյանքի վերջին 3 օրերն են՝ արդեն բարդ փորձություններով ու անկմանը մոտեցող մտորումներով։ Իսկ հանդիսատեսի նկարագրմամբ՝ ներկայացվեց Կալասի դիպուկ բնութագրիչը՝ հոգևոր ու հոգեկան նուրբ ու բարդ ապրումներով։
Հյուրախաղերին ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսում Սպիվակովան ներկայացրեց սպասվող ծրագիրը։

Sati Spivakova 2

Սպիվակովայի խոսքով՝ «Դեղձանիկը» ներկայացումը շատ կարևոր է իրենց համար, այն մեծ հաջողություններ է գրանցել Մոսկվայի բեմում, հանդես են եկել նաև Տոբոլսկի թատրոնում: Կարևորեց, որ Հայաստանը հյուրախաղերի երկրորդ բեմն է, ինչն, իհարկե, շատ ոգևորիչ է: Սպիվակովան ասում է, որ իր երազանքը դարձավ ճակատագիր և մասնագիտություն։ Հիշում է, թե ինչպես տարիներ առաջ ծնողների հետ 12-ամյա Սաթենիկը մտավ Ստանիսլավսկու անվան թատրոն․ հենց այդպես էլ ծնվեց մեծ երազանքը։ Եվ միայն 50 տարի հետո կարելի է գիտակցել, որ ներկայացում է խաղում բեմում, և գալիս ողջ թատրոնով, որը դարձել է իր համար ուժի աղբյուր, դարձել իր երկրորդ տունը Մոսկվայում։

Sati Spivakova 1

«Մենք ուրախ ենք, որ բացում ենք Ազգերի Պետական թատրոնի հյուրախաղերը Երևանում: Մեր շնորհակալությունն ենք հայտնում թատրոնի գեղարվեստական ղեկավար Եվգենի Միրոնովին և թատրոնի տնօրենին: Մենք այս հյուրախաղերը կազմակերպել էինք կես տարի առաջ։ Ե՛վ մեր թատրոնի, և՛ Սաթիի համար շատ կարևոր են այս հյուրախաղերը, քանի որ նա, օրինակ, հանդես է գալիս հարազատ երկրում»,- ասում է ներկայացման ռեժիսոր Դմիտրի Սերդյուկը։

Ներկայացումից ու հյուրախաղերից զատ դերասանուհին մեկ այլ կաևոր նախաձեռնությամբ էր եկել։ «Իրական դասական» գրքի հեղինակ Սպիվակովան հյուրախաղերի ընթացքում նաև այցելեց Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն։ City of Smile Charitable Foundation (Ժպիտների քաղաք) բարեգործական հիմնադրամը դերասանուհուն շնորհել է Բարի կամքի դեսպանի պատվավոր կոչումը։

Sati Spivakova 3

Քաղցկեղ հաղթահարած Սաթի Սպիվակովան այցի ընթացքում զրուցել է բուժում ստացող երեխաների հետ։ Երեխաներին նվիրել «Մանյունյա» գրքի երեք հատորները։

«Գալ Երևան միայն ներկայացմամբ անիմաստ կլիներ: Ես իմացա «Ժպիտների քաղաք» հիմնադրամի մասին, որն աջակցում է մանկական ուռուցքաբանությանը, արյունաբանությանը: Դա ինձ շատ է անհանգստացնում, քանի որ ես էլ չեմ թաքցնում, որ մեկ տարի առաջ անցա քաղցկեղի միջով, բարեբախտաբար պահապան հրեշտակները բարեգութ գտնվեցին իմ նկատմամբ, և իմ բախտը բերեց շնորհիվ բժիշկների, և որ վաղ փուլերում հայտնաբերվեց: Անցնել դրա միջով և տեսնել մարդկանց, երեխաների, որոնք հիվանդացել են 21-րդ դարի ժանտախտով,  ես չեմ կարող անտարբեր լինել: Եվ չեմ կարող պատկերացնել՝ ինչ են ապրում երեխաների ծնողները, որոնց դա վերաբերում է:  Ես չեմ կարող այդ մասին չմտածել և համաձայնվեցի դառնալ  հիմնադրամի բարի կամքի դեսպան, և ներկայացման հասույթը ևս գնալու է հիմնադրամին: Այլ բան է գնալ հանդիպել տեսնել մարդկանց, բայց այլ բան է օգնել նրանց: Դա շատ կարևոր առաքելություն է մեզ համար: Ես նաև համաձայն եմ հանդիպել մտավորականության հետ Գաֆեսճյան կենտրոնում։

Sati Spivakova 4

Հյուրախաղերն ամփոփվեցին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում հանդիպումով դիվանագիտական, մշակույթի ոլորտի դեմքերի և հասարակական գործիչների հետ։
Public Talk ձևաչափով հանդիպումը վարեց լրագրող Ալեքսանդրա Լիվերգանտը, երեկոն ուղեկցվեց ջազ երաժիշտ Գարի Քյոսայանի ու նրա խմբի ելույթով։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 734

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: