Ապրիլի 15-ից կմեկնարկի Ազգային Գրադարանային շաբաթը
Արդեն 20 տարի շարունակ ապրիլը գրքառատ է հայաստանյան գրադարանների համար։ Գրական միջոցառումներն ու շնորհանդեսները ընթերցասերների համար նոր անակնկալներ են խոստանում։ Գրական մարաթոնն այս տարի կմեկնարկի վաղվանից՝ ապրիլի 15-ից և կտևի մինչև ապրիլի 22-ը՝ «Գրադարանը՝ նորարարության հարթակ» կարգախոսով։ Գրադարանային թեժ շաբաթը մի շարք գրադարանային և մշակութային իրադարձություններով է հագեցած լինելու հատկապես Հայաստանի ազգային գրադարանում։ Այս տարի այն համընկնում է նաև Ազգային գրադարանի և ազգային գրադարանային հավաքածուի ձևավորման 105-ամյակների հետ։
Հայաստանում Ազգային գրադարանային շաբաթներ (ԱԳՇ) կազմակերպելու նախաձեռնությունը սկսվել է 2002 թվականից, երբ Հայկական գրադարանային ասոցիացիան և հայ գրադարանավարները գործարկեցին ամերիկյան գրադարանային ասոցիացիայի իրենց գործընկերների փորձը։ Ահա, օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում այն սկիզբ է առել դեռևս 1958 թվականին։
Հրատարակչական ոլորտի ներկայացուցիչները մեկ շաբաթվա ընթացքում քննարկելու են տպագիր արտադրանքի պարտադիր օրինակների հատկացման և պահպանության խնդիրները, ինչպես նաև հայ մշակույթի վկայությունների հավաքման ու պահպանության համար հույժ կարևոր պարտադիր օրինակի ձևաչափի հետագա զարգացման միտումները։ Միջոցառումները կհամալրեն նաև հանրային դասախոսությունները։ Հանդես կգան գրականագետ, թարգմանիչ Աշոտ Ալեքսանյանը և ԳԱԱ թղթակից անդամ Լևոն Աբրահամյանը։ Գրադարանի աշխատակիցներն էլ կներկայացնեն ազգային գրադարանի և EBSCO բազմալեզու տեղեկատվական շտեմարաններից օգտվելու կարգը։ Ընթերցասերները կարող են ծանոթանալ սպասվող միջոցառումներին՝ ստորև և մասը դառնալ գրադարանային շաբաթվա։
Գրադարանային շաբաթվա բացմանն ու փակմանը ընթերցողներին երկու գրադարանային ցուցահանդես կներկայացվի՝ արվեստաբան, գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանի ծննդյան 75-ամյակի առթիվ, ինչպես նաև ցուցադրություն կներկայացվի գրադարանի թատերական և համերգային ազդագրերի ուղեկցությամբ։
Ապրիլի 15-ին՝ 14։00-ին, Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում արվեստաբան, գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանի 75-ամյակի առթիվ Ազգային գրադարանը կազմակերպել է նրա հեղինակած և աշխատասիրած գրքերի ցուցադրություն, ինչպես նաև նրան նվիրված նոր գրքի ներկայացում։
Թամանյանական փոքր ցուցասրահում բացված ցուցադրությունը, ի թիվս այլ հրատարակությունների, ներառում է արվեստաբանի կազմած, խմբագրած, ծանոթագրած ավելի քան ութ տասնյակ գրքեր և պատկերագրքեր. Կոստան Զարյան (20 գիրք), Սփյուռքի գրողներ (19 գիրք), Վիլհելմ Մաթևոսյան, Հակոբ Հակոբյան, Փանոս Փերլեմեզյան, աշխարհահռչակ նկարիչներ և այլն։ Երվանդ Տեր-Խաչատրյանի ստեղծագործական ուղին կներկայացնի գրող, գրականագետ, թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանը։
Ապրիլի 15-ին՝ 12։45-ին, Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում Ազգային գրադարանի աշխատակից Արմինե Վարդանյանը կներկայացնի EBSCO բազմալեզու տեղեկատվական շտեմարաններից օգտվելու կարգը։ EBSCO Publishing-ն առաջարկում է լիատեքստ գիտական ամսագրեր, որոնք հրապարակում են բարձրորակ և վստահելի հոդվածներ՝ ճանաչված հրատարակիչների ընտրությամբ՝ ըստ հետազոտողների կարիքների: Առաջին անգամ EBSCO-ն առաջարկում է նաև հայերեն նյութեր։
Ապրիլի 16-ին՝ 14։00-ին, Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում Հայաստանի ազգային գրադարանը Ֆրանկոֆանիայի երկամսյակի առիթով կազմակերպել է հանրային դասախոսություն «Տպագրությունը Ֆրանսիայում 19-րդ դարի առաջին կեսին» թեմայով:
Հայաստանի ազգային գրադարանի ֆրանսիացի ստաժոր Վադիմ Բեմը, օգտվելով Ազգային գրադարանի ֆրանսիական հավաքածուի իր հետազոտությունից, «Տպագրության, հրատարակչական գործի և հրատարակիչների պատմությունը՝ Ֆիրմին Դիդոյից մինչև Ժյուլ Էցել (1800–1860)» վերնագրով զեկույց կներկայացնի:
Նա կցուցադրի նաև Ազգայինի հարուստ հավաքածուի բացառիկ նմուշներ:
Ապրիլի 19-ին էլ Հայաստանի ազգային գրադարանը կազմակերպելու է ընթերցանության մարաթոն, որը նվիրված է հայ նշանավոր գրող Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակին։ Մասնակիցներն իրար հաջորդելով և 5-ական րոպե հերթական հատվածը կարդալով կշարունակեն Բակունցի «Կյորես» վեպի ընթերցումը մինչև ավարտը, այնուհետև կընթերցվեն գրողի մի շարք պատմվածքներ։ Ընթերցանության ընթացքն ուղիղ կհեռարձակվի ZOOM հարթակում և ՀԱԳ յութուբյան ալիքում։ Սիրով հրավիրում ենք մասնակցելու։
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 682