Մեկնարկել է «Մէկ կադր» 22-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը

Հունիսի 7-14-ը Երևանում կանցկացվի «Մէկ կադր» 22-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը: Այն հեղինակային կինոարտադրության զարգացմանն ուղղված բաց հարթակ է, որում նկարահանման տեխնիկայի, կրիչի սահմանափակումներ չկան: Ֆիլմերը կարող են նկարահանված լինել հնարավոր բոլոր միջոցներով` բջջային հեռախոսից մինչև ժամանակակից թվային տեխնիկա:

Այս տարի կինոփառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել 510 ֆիլմ, որոնցից մրցութային անվանակարգերում կցուցադրվի 150-ը: Փառատոնի փակումն ու մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունիսի 15-ին:

Անվանակարգերն են՝

«Մէկ կադր Մէկ րոպե» - 112 ֆիլմ, 100-ը կներկայացնեն Հայաստանը:
«Կարճ ֆիլմեր» - 27 ֆիլմ, 6-ը կներկայացնեն Հայաստանը:
«Կինո առանց սահմանի» - 11 ֆիլմ, 4-ը կներկայացնի Հայաստանը:
«Զրո բյուջե» ֆիլմարտադրության հարթակ - մրցույթում՝ 3 նախագիծ, Հայաստան:

Mek kadr kinoparaton 2

Կներկայացվեն նաև  հատուկ ծրագրեր. Խոշոր Պլան, Չտեսնված Հայկական Կինո, Կինո Արվեստ, Կինոլաբորատորիա, Հետք Մեդիա Գործարան, ՊլատֆորմԴոկ, Չայխանա, Լեհական կինոդպրոցների կարճ ֆիլմեր։

Կինոփառատոնին մասնակցում է 17 երկիր ՝ Հայաստան, ԱՄՆ, Ավստրալիա, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Եգիպտոս, Իռլանդիա, Իրան, Լեհաստան, Կանադա, Հունգարիա, Միացյալ Թագավորություն, Չինաստան, Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա։

Փառատոնի շրջանակում կանցկացվեն ֆիլմերի ցուցադրություններ, քննարկումներ, աշխատարաններ, վարպետության դասեր:

«Շատ ուրախ եմ, որ այս փառատոնի մի մասն եմ: Հույս ունեմ, որ հաճույք կստանանք կարճամետրաժ ֆիլմերի դիտումներից: Իսկ ժյուրիի անդամներս խոստանում ենք, որ բոլոր ֆիլմերը դատելու ենք ոչ թե ճաշակի, այլ պրոֆեսիոնալիզմի հիման վրա»,- միջոցառման բացմանն ասաց «Կարճ ֆիլմեր» անվանակարգի ժյուրիի նախագահ, ռեժիսոր, սցենարիստ, դասախոս Մարատ Սարգսյանը, որը Լիտվայից եկել  է Հայաստան՝ մասնակիցների հետ իր փորձառությամբ կիսվելու համար:

Mek kadr kinoparaton 1

Փառատոնի հիմնադիր, տնօրեն Գագիկ Ղազարէ-ի խոսքով՝ այս տարի ավելացրել են կրթական ու տեղեկատվական ծրագրերը: Համագործակցության հիմքեր են դրվել Չինաստանի ու Լեհաստանի Ֆիլմարտադրողների ու կազմակերպությունների հետ:

«Մէկ կադր մէկ րոպե» անվանակարգում ռուբիկոնը հաղթահարել ենք վերջին մի քանի տարիների ընթացքում, 100 հայկական մեկ րոպեանոց  ֆիլմեր են ներկայացվում: Սրանում մեծ դեր ունի նաև այն հանգամանքը, որ աշխատարաններ ենք անցկացնում ամբողջ Հայաստանում ու նաև դրանց արդյունքում են ձևավորվել այսօրվա ֆիլմերը: Օրինակ՝ սահմանամերձ Սոթք գյուղում 10-ից ավել ֆիլմ է նկարահանվել: Մեզ գուցե թվա՝ այնտեղ հնարավոր չէ ֆիլմ նկարել, բայց հնարավոր է, ընդ որում՝ իրենց բնորոշ աչքով են նայում իրականությանը:

Գագիկ Ղազարէի կարծիքով՝  տարեցտարի որակական փոփոխություններն ավելի նկատելի են դառնում, ինչը մեծ լավատեսություն է հաղորդում: «Մեր կինոն շատ մեծ պոտենցիալ ունի առաջ գնալու, ընդամենը պետք է օգնել, հունի մեջ դնել: Կինոյի պարագայում հաստատ ավելի նկատելի է նոր սերնդի բազմաձև, բազմաժանր մտածողությունը»:

 Mek kadr kinoparaton 3

Խոսելով հայ կինոյի զարգացման հեռանկարից ու հնարավորություններից՝ վերջինս նկատում է, որ պետք է պետական մակարդակով կինոյի զարգացմանն ուղղված ռազմավարություն լինի, պետք է հնարավորինս դրական դիրքավորում ունենալ դեպի կինոստուդիաներն ու կինոարտադրողները: Պիտի օգնել, որ իրենք էլ ռեսուրսներ կուտակեն, ուժեղանան, որպեսզի ստիպված չլինեն միայն կոմերցիոն նախագծեր իրականացնեն կամ մեծ կինոների վրա կենտրոնանան, այլ  իրենց նաև հետաքրքիր լինի կարճամետրաժ կինոյի ու  առաջին քայլերն անող ֆիլմարտադրողների կողքին լինելը, որովհետև նրանց համար այսօր շատ քիչ հնարավորություններ կան:

«Կինոարտադրության համար նաև բավականաչափ ֆինանսի կարիք կա, բայց Հայաստանում շատ քիչ են ֆոնդերը,հնարավորությունները, որոնք կարող են օգնել կինոերազողին, որ իր արտադրությունը դառնա կինո: Հիմա, իմ կարծիքով, հայկական կինոյի թիվ մեկ խնդիրը կինոարտադրող ընկերություններին աջակցելն է: Մտածող կինոռեժիսորներ, սցենարիստներ, դերասաններ միշտ կունենանք, պետք է կինոարտադրողին, կինոստդուդիաներին ուժ տալ, որպեսզի իրենք ունենան ներքին հետաքրքրություն ու շահարգրգռություն, մասնավորապես կարճամետրաժ կինոյի  պարագայում, որովհետև այդ տեսակ կինոն շատ քիչ է: Կարճամետրաժ կինոյի միջոցով է երևում լավ կամ վատ ռեժիսորը, այդ տեսակ կինոյի միջոցով է մարդը փորձ ձեռք բերում, առերեսվում սցենարի ճիշտ կամ սխալ լինելուն, հանդիպում ուրիշ մասնագետների, հանդիսատեսի, գնահատվում է կամ չի գնահատվում: Հենց սա էլ «Մէկ կադր»  փառատոնի կոնցեպցիան է»:

Փառատոնի վերաբերյալ մանրամասներն ու ծրագիրը կարող եք տեսնել՝ www.openplatform.am հարթակում:

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 396

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: