«Վավերագրական կինոն գլոբալ զարգացում է ապրում». Արևիկ Ավանեսյան
Հունիսի 7-14-ը Երևանում անց է կացվում «Մէկ կադր» 22-րդ կարճ ֆիլմերի փառատոնը: Նախագծի շրջանակում անց են կացվում կինոդիտում-քննարկումներ, վարպետության դասեր, աշխատարաններ: Օրերս «ՊլատֆորմԴոկ» հարթակի հիմնադիր, պրոդյուսեր Արևիկ Ավանեսյանի բանախոսությամբ տեղի ունեցավ հերթական աշխատարանը՝ «Ո՞ր պատմություններն են դառնում վավերագրական ֆիլմեր» թեմայով: Զրույցի ընթացքում խոսվեց հայ կինոարտադրությանը վերաբերող մի շարք հարցերի մասին՝ սկսած նրանից, թե որ հարթակներում կարելի է փնտրել ոլորտին վերաբերող նախագծեր, ինչից, ինչպես սկսել, ինչ հնարավորություններից օգտվել ու,առհասարակ, ինչպես մոտենալ կինոարտադրությանը: Միջոցառման ընթացքում ոլորտում ունեցած իրենց փորձով կիսվեցին նաև ռեժիսոր Սիլվա Խնկանոսյանն ու «Չայխանա» հարթակի ներկայացուցիչ Սոնա Սիմոնյանը:
Պրոդյուսեր Արևիկ Ավանեսյանի համոզմամբ՝ 2017-2018 թթ-ից ի վեր վավերագրական կինոն գլոբալ զարգացում է ապրում: Մարդիկ նախկինի համեմատ ավելի հետաքրքրված են իրական ու սովորական պատմություններով: Այդ ֆոնին առաջին պլան են մղվել ոչ թե այն մարդիկ, որոնք կերպար են կերտում, այլ առօրյա կենցաղը ներկայացնող բլոգ վարողները, հանրությանը ոչ այնքան հայտնի մարդիկ: Բայց, միևնույնն է, բոլոր դեպքերում առանցքայինը մնում է պատմություն պատմելը:
«Կարծում եմ՝ «Eurasiadoc» և «B2B DOC network» հարթակների ներդնումը հայկական կինոյի զարգացման գործում շատ մեծ է, ինչի մասին վկայում են վերջին տարիներին ստեղծված ֆիլմերի քանակն ու դրանց ունեցած հաջողությունները: Բայց, ընդհանուր առմամբ, հայ կինոարտադրության զարգացման համար պետք են ֆինանսավորում, դիստրիբյուցիա, ռեգիոնալ և անկախ ֆոնդեր, շուկաներում մասնակցություն, մասնագիտական ցանց ու հատկապես կինոլորտի զարգացմանն ուղղված ռազմավարություն ու կրթություն»,- մանրամասնում է բանախոսը: «Ես կուզեի, որ ավելի շատ նայեինք դուրս, ոչ թե ներս, այսինքն՝ ավելի շատ լիներ համատեղ կինոարտադրություն, ձգտեինք լինել տարբեր ֆորումներում, հարթակներում: Երազում եմ, որ վավերագրական կինոյի առաջխաղացման համար ստեղծվի անկախ ֆոնդ, որն ավելի մեծ հնարավորություններ կընձեռի փորձարկումների համար»:
Թե ինչ տեսակ պատմություններ են լսարանի կողմից առավել մեծ արձագանք գտնում, Արևիկ Ավանեսյանը պատասխանում է. «Մարդկային սովորական պատմությունները…Վերցնենք ռեժիսոր Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը, որը վերջին շրջանում այդպիսի արձագանք ստացավ: Այն ոչ թե պատերազմի, այլ մի ընտանիքի վշտի մասին է, որը սկիզբ է առել այդ պատերազմի ֆոնին: Ամբողջ ընթացքը այնքան մարդակենտրոն ու սեփական տեսանկյունից է ներկայացրած, որ ցանկացած մարդ, նույնիսկ եթե պատերազմի միջով չի անցել, հասկանում է: Մարդիկ հեշտությամբ ասոցացվում են այդ ընտանիքի ունեցած խնդիրներին, որի պատճառով նաև սիրում են, նույնիսկ եթե ֆիլմը շատ ծանր է: Այսինքն` կարևոր է պատմությունը, թե ով ինչ է անում ու ինչ է լինում ի վերջո:
Հավելենք, որ նշված ֆիլմը աշխարհի հեղինակավոր «IDFA» կինոփառատոնում արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակին: «1489»-ը ռեժիսորի՝ 44-օրյա պատերազմում զոհված եղբոր մասունքներին տրված համարն է։
Պատմություն պատմելու ձևերի, նյութի մատուցման վերաբերյալ բանախոսներն առանձնապես մեծ տարբերություններ չես տեսնում Հայաստանում ու արտերկրում աշխատող կինոգործիչների մեջ: Ասում են՝ հնարավոր է տարբերվեն ֆիլմ ստեղծելու համար ունեցած բյուջեով, բայց ընդհանուր առմամբ գտնվում է պատմություն, կերպար ու ֆիլմի գիծն է գծվում: Հետզհետև տեղացի երիտասարդ ֆիլմարտադրողների աշխատանքներն էլ են դառնում արտերկրում ստեղծված ֆիլմերին համադրելի:
«Իմ ֆիլմերից մեկը մոնտաժ անող արտասահմանցի կոլեգաս երկու օր հետևում էր, թե մեզ մոտ ինչեր են արվում փայտի վառարանով, իրենց համար դա հետաքրքիր ու անսովոր էր»,- պատմում է ռեժիսոր Սիլվա Խնկանոսյանը: «Եթե զուգահեռ տանեմ, դա նույնն է, երբ որ մենք ենք նայում աֆրիկական գյուղերի, կանանց պատմություն, ու դա մեզ հետաքրքրում է, որովհետև քո ունեցած առօրյայից տարբեր, անծանոթ է»,- ավելացնում է Արևիկ Ավանեսյանը:
Վերջինս, խոսելով ոլորտում գրանցված հաջողությունների մասին, միևնույն ժամանակ կարևորում է երիտասարդների շրջանում շարունակական կրթությունն ու ունեցած փորձառությունը զարգացնելը: «Երբ ես էի երիտասարդ, չկային այնպիսի հարթակներ կամ այնպիսի մեկը, որին կկարողանայի հարցնել այն ամենի մասին, ինչ այսօր ինքս կարող եմ պատմել երիտասարդներին: Վերջին տասը տարիներին այնքան բան է փորձառել մեր սերունդը, այնքան անուններ կան, որ մեծ փորձություններ են հաղթահարել ու պատրաստ են կիսվել իրենց ունեցած ինֆորմացիայով, պարզապես պետք է դրա հետևից գնալ»:
Մարջան Չոբանյան
- Created on .
- Hits: 339