Լույս, բարություն և ամոքում բերող արվեստ. ՀԱՊ-ում բացվել է «Ռոբերտ Էլիբեկյան․ Միստերիաներ» ցուցահանդեսը
«Ստեղծագործական ճանապարհ անցած, արվեստում իրեն վաղուց հաստատած և արդեն լուսավոր հետագիծ թողած վարպետը՝ Ռոբերտ Էլիբեկյանը, այնուամենայնիվ այն համոզման է, որ «անվերջանալի է վարպետության հասնելու ճանապարհը», և ինքը տակավին որոնումների մեջ է: Միաժամանակ խոստովանում է, որ կատարվել է արվեստագետի իր երազանքը. ստեղծել է «անիրական մի իրականություն», որում շարունակում է ապրել ինքը՝ ապրեցնելով նաև մեզ բոլորիս» (գեղագետ, արվեստաբան Լևոն Լաճիկյան):
Ռոբերտ Էլիբեկյանի ստեղծած «անիրական մի իրականությունը» ներկայացված է Հայաստանի ազգային պատկերասրահում բացված «Ռոբերտ Էլիբեկյան․ Միստերիաներ» ցուցահանդեսում։ Ցուցադրության համադրող, արվեստաբան Լիլիթ Սարգսյանի ներկայացմամբ` 75 գեղանկարներում և թատերական ձևավորումների էսքիզներում սինթեզվում են Կիլիկյան մանրանկարչությունից, հայ եկեղեցական ճարտարապետությունից ու որմնանկարչությունից մինչև ռենեսանս, բարոկկո, ռոկոկո, «մոդեռն» և սիմվոլիզմ ընկած գեղարվեստական ավանդույթների նրբագույն վերարծարծումները։
«Հայաստանի ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը XX դարի 2-րդ կեսի հայկական «ազգային մոդեռնիզմի» նշանավոր վարպետներից է։ Նրա արվեստը միշտ թարմ է, քանզի հղում է հավերժականին՝ Գեղեցիկին, Սիրուն, Լույսին, Հոգևորին։ 1960-ականների կեսերից այն հաստատվեց վերելք ապրող հայ կերպարվեստում որպես մի ինքնատիպ և բացառիկ երևույթ։ Վարպետի ներդրումը մեծ է ոչ միայն գեղանկարչության, այլև գրաֆիկայի և բեմանկարչության ասպարեզներում»,- նշեց Լ. Սարգսյանը։
Հունիսի 14-ին բացված ցուցահանդեսին ներկա էր նաև վարպետը՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը։ Խոստովանեց, որ շատ հուզված է, քանի որ անհատական ցուցահանդեսին ներկա լինելուց լավ բան չկա։
Ցուցահանդեսի համադրողներից Հայկուհի Սահակյանը նույնպես նշեց՝ անչափ հուզիչ է, որ վարպետն այսօր մեր կողքին է, անձամբ է ներկա, առաջնորդում է իր թատրոնի աշխարհը։
Լիլիթ Սարգսյանը բացատրեց, թե ինչու է ցուցահանդեսը կոչվում «Միստերիաներ». «Միստերիան սրբազան ծիսակատարություն է, մի մշակութաբանական հասկացություն, որն անտիկ Հունաստանից է գալիս։ Կարծես այդ հասկացությունը հենց այն է, ինչ մի բառով ու համապարփակ նկարագրում է էլիբեկյանական արվեստը։ Ոչ թե պարզապես թատրոն, այլ հենց միստերիա, քանի որ այդ սրբազան ծեսի ու դեպի կատարսիս բերող գործընթացի գաղափարն է ներդրված ամբողջ արվեստի մեջ»։
Նրա ներկայացմամբ, Ռ.Էլիբեկյանի արվեստն ամոքող ունակություն ունի. «Պարզապես խոսքեր չեն, իրոք, ես իմ անձնական զգացողություններով եմ ձեզ հետ կիսվում. ամենադժվար, հուսահատության, շփոթմունքի պահերին վարպետի արվեստն ինձ միշտ օգնել է, և ես հասկացա, որ այս իմ անձնական զգացողությունը պետք է ընդհանրացնել։
Մի հետաքրքիր զուգահեռ եմ ուզում բերել. 2016 թվականին Քառօրյա պատերազմից հետո նշում էինք Ռոբերտ Էլիբեկյանի 75-ամյակը։ Հիմա, երբ դիտում եմ այն ժամանակվա տեսագրությունները, դեժավյու եմ ապրում. ծանր ժամանակ էր ու հենց բեմից փաստում էինք, որ մաեստրոյի արվեստը գալիս է լույս, բարություն, ամոքում բերելու և հակադրվելու չարիքի բոլոր ռեժիմներին, մութ ուժերին։ Այսօր, թերևս, նույն հոգեվիճակի մեջ ենք։ Կողքից կարող է թվալ՝ հիանում ենք գեղեցիկ, առաջին հայացքից անվրդով մի արվեստով, բայց դա իրականում այդպես չէ»։
Լիլիթ Սարգսյանը հայտնեց, որ ցուցահանդեսում ներկայացված ստեղծագործությունների մեծ մասը տրամադրել է Էլիբեկյանների ընտանիքը, ներառված են նաև գործեր Հայաստանի ազգային պատկերասրահից, Ե․ Չարենցի անվ․ գրականության և արվեստի թանգարանից և Ժամանակակից արվեստի թանգարանից:
Նկարչի որդին՝ Արեգ Էլիբեկյանն ասաց, որ կատարվել է իրենց ընտանիքի երազանքը.
«Շատ էինք ուզում, որպեսզի հայրիկս կարողանա իր ոտքով գա, այցելի այս ցուցահանդեսին։ Այն պետք է կայանար հայրիկիս 80-ամյակի առիթով, բայց հետպատերազմյան, հետhամաճարակային իրավիճակում հայրիկս չցանակցավ նման ցուցահանդես կազմակերպել։ Այսօր անչափ ուրախ ենք, որ այս նախագիծն իրականություն դարձավ»։
«Էլիբեկյանի ստեղծագործությունները առինքնող են իրենց ներքին լույսով, որ ճառագում ու տարածվում է կտավի ամբողջ մակերեսով։ Դրանցում առկա էներգիան, կարծես թրթռում է և ձևափոխվում` դիտման յուրաքանչյուր անկյան ու կետի հետ։ Կտավների էլեգիական տրամադրվածությունը միաձուլվում է իր մաքրությամբ և նրբագեղությամբ գերող շարժումի հետ»,- արվեստաբան, արվեստի վաստակավոր գործիչ Հենրիկ Իգիթյանն է ասել Ռոբերտ Էլիբեկյանի մասին։
Ռոբերտ Էլիբեկյանը ծնվել է 1941 թվականին Թբիլիսիում։ 1960 թվականին տեղափոխվել է Երևան և 1960- 1965 թթ. սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1965 թվականից մասնակցել է հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսներին։
1969 թվականին Կամոյի դրամատիկական թատրոնում ձևավորել է Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» պիեսը։ 1970 թվականին ձևավորել է Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի բեմական զգեստները։ Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում ձևավորել է Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետի գործող անձանց բեմական զգեստները։ 1971 թվականին որպես նկարիչ մասնակցել է Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա» կատակերգության էկրանացմանը «Հայֆիլմ» կինոստուդիայում։
1972 թվականին որպես նկարիչ մասնակցել է «Հայկական որմնանկարներ» ֆիլմի էկրանացմանը «Հայֆիլմ» կինոստուդիայում։ 1973 թվականին Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոնում ձևավորել է Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի գործող անձանց զգեստները։ 1974 թվականին Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում ձևավորել է Կոնստանտին Օրբելյանի «Անմահություն» բալետի գործող անձանց զգեստները, 1975 թվականին՝ Լյուդվիգ Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետը, 1976 թվականին՝ Լեոնկավալլոյի «Պայացներ» օպերան։
1977, 1978 թթ. Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ձևավորել է Մոլիերի «Քաղքենին` ազնվականում» ներկայացումը, Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում՝ Էդվարդ Միրզոյանի «Լույսի սիմֆոնիա» բալետի գործող անձանց բեմական զգեստները, Երևանի դրամատիկական թատրոնում՝ Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» պիեսի գործող անձանց բեմական զգեստները, Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում Վաղարշակ և Հենրի Էլիբեկյանների հետ ձևավորել է Գաբրեիլ Սունդուկյանի «Խաթաբալա» ներկայացումը, 1978 թվականին՝ նույն պիեսի գործող անձանց բեմական զգեստները։ 1980 թվականին Գորկիի կրկեսում ձևավորել է «Սասունցի Դավիթ» ատրակցիոնը։
1983 թվականին Լեհաստանի Գդանսկ թատրոնում ձևավորել է «Գայանե» բալետի գործող անձանց բեմական զգեստները, Բուլղարիայի Ռուսե քաղաքի օպերայի և բալետի թատրոնում՝ «Գայանե» բալետը։ 2005 թվականին Ալեքսանդր Սպենդիարյանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում ձևավորել է Արամ Խաչատրյանի «Հավերժություն» բալետը, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում՝ Աղասի Այվազյանի «Չարենցի ուղղիչ տուն»։ 2013 թվականին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ձևավորել է Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերան։
Նաիրա Տիգրանյան
- Created on .
- Hits: 725