«Թատերական Երևան» ծրագրով հրատարակվել են համաշխարհային ճանաչում ունեցող պիեսներ
«Թատերական Երևան» ծրագրով Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ հրատարակվել են համաշխարհային ճանաչում ունեցող դրամատուրգների պիեսների ժողովածուներ։ Թարգմանվել են դրամատուրգներ Սառա Քեյնի, Էրիկ Էմանուել Շմիտի, Ուաժդի Մուաուադի, Հարոլդ Փինթերի, Քզավիե Դյուրանժեի պիեսներից։ Գրքերի շնորհանդեսը տեղի ունեցավ «Գրքի երևանյան փառատոն»-ի շրջանակում։ Նշված հինգ հեղինակների թարգմանված գործերը, ըստ էութան, նաև բեմադրվելու են։
Սառա Քեյն («Ռմբակոծ»,«Մաքրագործում», «Փափագ», «4։48 փսիխոզ») /թարգմանիչ՝ Լիլիթ Քալաշյան
[1]«Ինչպես պարզվեց՝ բրիտանացի այս դրամատուրգը Հայաստանում ոչ այնքան հայտնի հեղինակ է։ Նա յուրատեսակ ոճով ու գաղափարով մեկն է։ Առաջին երկու պիեսը ֆորմալ առումով բավական մոտ են սովորական պիեսի ձևին, որոնք, կարծում եմ, ընկալելի կլինեն՝ չնայած իրենց դաժան ու էպոտաժային բովանդակությանը։ Մյուս երկուսը շատ հետաքրքիր փորձարարական պիեսներ են և Քեյնը դրանցով ցանկացել է մարտահրավեր նետել դասական պիեսի ձևին և բովանդակությանը։ Այսինքն՝ սրանցում մենք չենք տեսնում հստակ կերպարներ, չկա գործողության վայր, չի նշվում ոչ մի բան։ Թեև «Փափագ»-ում գոնե հստակեցվում է, որ կա գործող չորս կերպար, բայց հեղինակը բեմադրիչին չի պարտավորեցնում, որ այդ կերպարները լինեն չորս առանձին մարդիկ, ամեն ինչ թողնված է բեմադրիչի և ընթերցողի հայեցողությանը։ Իսկ «4։48 փսիխոզ»-ը կա՛մ ամբողջությամբ մի մեծ մենախոսություն է, կա՛մ բազմաձայնություն՝ նայած ընթերցողը կամ բեմադրողը ինչպես դրան կմոտենան»,- մեկնաբանեց թարգմանիչը։
Էրիկ Էմանուել Շմիտ («Վալոնյան գիշերը») / թարգմանիչ՝ Թերեզա Ստեփանյան
Շմիտի պիեսների այս ժողովածուն ներառում է չորս գործ՝ «Վալոնյան գիշերը», «Սատանայի դպրոցը», «Ֆրեդերիկ կամ հանցագործության զբոսայգի», «Հյուրանոց երկու աշխարհների միջև»։
«Վալոնյան գիշերը» Շմիտի առաջին պիեսն է՝ գրված 1991թ-ին։
Թարգմանչի խոսքով՝ ֆրանս-բելգիացի ժամանակակից այս գրողը վերջին երկու տասնամյակում ամենաճանաչված ու բեմադրված դրամատուրգն է։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ավելի քան 40 լեզուներով, իսկ պիեսները բեմադրվում են 50-ից ավելի երկրներում և չեն իջնում առաջնակարգ թատրոնների բեմահարթակներից։
«Նրա փիլիսոփա լինելը շահեկան է դարձրել նրա ստեղծագործությունը, որովհետև ամբողջությամբ ներծծված են իմաստությամբ, խոհականությամբ։ Հեղինակը շոշափում է կրոնի, հավատի, կյանքի ու մահի առեղծվածի հարցեր։ Գրում է շատ հետաքրքիր, արագ, մի շնչով լցնում է թուղթը, հետո սկսում խմբագրել, որովհետև մտածում է՝ կյանքը շատ կարճ է և հարկավոր է ամեն պահը արդյունավետ օգտագործել»։
Ուաժդի Մուաուադ («Խոստման արյունը») /թարգմանիչ՝ Լուսինե Աբգարյան
Մուաուադը լիբանանցի հեղինակ է, որը Լիբանանի պատերազմի արդյունքում մեկնել է Կանադա, համարվում է լիբանանա-կանադական արմատներով հեղինակ։ Ապրում է ֆրանսիայում և ղեկավարում տեղի թատրոններից մեկը։
Գրքի թարգմանիչ Լուսինե Աբգարյանը պարզաբանում է՝ հեղինակի այս գիրքը բաղկացած է չորս պիեսից՝ «Ծովեզերք», «Հրդեհներ», «Անտառներ», «Երկինքներ»։ Թեմաները հոգնակի են, որովհետև ինքը խոսում է պատերազմների մասին և ո՛չ պատերազմի, աքսորների մասին և ո՛չ աքսորի, երեխաների մասին և ո՛չ մի երեխայի մասին և այս ամենը կերտում է երիտասարդ կերպարների միջոցով։ «Թատերգերի պատմությունը սկսել է 1997թ-ից՝ Ծովեզերք»-ով, բայց աքսորի, պատերազմի, ինքնության, ճշմարտության, փնտրտուքի, խոստման թեման իրեն հանգիստ չի թողել։ Ոստի հաջորդ պիեսները գրել է 2003թ-ին, 2006թ-ին, 2009թ-ին։ Թատերգերից ամենահայտնին «Հրդեհներ»-ն են, որի հիման վրա նաև ֆիլմ է նկարահանվել»։
Հարոլդ Փինթեր («Սպասարկու վերելակը», «Բնապատկեր», «Հավաքածուն», «Հին օրեր») /թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան
Գրականության Նոբելյան մրցանակակիր հեղինակը ավելի քան 30 պիեսի հեղինակ է։ Թարգմանիչ Զավեն Բոյաջյանը ընտրել է դրանցից 4-ը՝ հիմնականում 1950-ականների վերջից սկսած մինչև 70-ականներ։ Ասում է՝ այս պիեսները շատ քիչ են հեղինակի ամբողջ աշխարհը ներկայացնելու համար, որովհետև նրա ստեղծագործությունը տարբեր փուլեր է ապրել, բայց ընտրել է այնպիսի գործեր, որոնք ներկայացնում են Փինթեր դրամատուրգի էվոլուցիան։ «Օրինակ՝ առաջին գործը՝ «Սպասարկու վերելակը», բավականաչափ աբսուրդիստական գործ է, բայց միևնույն ժամանակ հիշեցնում է նաև թրիլլեր։ Մյուսներում շոշափվում են մարդու օտարման, մենության ու էքզիստենցիալ խնդիրները, դրսևորվում է իրականության ռելյատիվիզմը»։
Թարգմանչի մեկնաբանմամբ՝ Փինթերը հիմնականում տարված է եղել թատրոնով։ Նրա գոյությամբ գրականության և թատրոնի մեջ է մտել հատուկ հասկացուցություն՝«փինթերիզմ», որը բնորոշում է նրա ստեղծած դրամատուրգիական աշխարհի ամբողջ էությունը։
«Այն մարդիկ, որոնք ակնկալում են կարդալ սովորական ավանդական ատրիբուտներով պիեսներ, որտեղ կա զարգացող սյուժե, ինչ-որ դեպքեր են կատարվում և այլն, խորապես կհիասթափվեն, որովհետև նրա գործերում շատ հաճախ ոչինչ առանձնապես չի կատարվում։ Խոսքի բավական մեծ առատություն կա, բայց դա զուգակցվում է նաև լռության պահերով։ Նա այն հազվագյուտ դրամատուրգներից է, որը կարողացել է թատերական արվեստում շատ կարևոր դադարը և լռությունը օգտագործել ի նպաստ իր ստեղծագործությունների բովանդակության։ Գրել է նաև բանաստեղծություններ և պիեսներից դա զգացվում է»,- մանրամասնեց Զավեն Բոյաջյանը։
Ծրագրի շրջանակում լույս տեսած մյուս գիրքը Քզավիե Դյուրանժեի «Մարդկային պատմություններ»-ն է՝ Սաթէ Խաչատրյանի թարգմանությամբ։
Մարջան Չոբանյան
- Created on .
- Hits: 118