«Կոստան Զարյանի գրական ժառանգությունը» բանախոսությունը` Գրքի փառատոնի շրջանակում

ՄԱՐԴՆ ԱՐԱՐԱՏԵԱՆ

Ոչ ոք գիտի: Միայն գիտեմ կգայ մի օր

Մարդը հզօր, Արարատեան մարդը հզօր,

Անդորր, լուսեղ իր ճակատով, խաղաղ, մեծղի, ինչպէս լեռը

Ձիւնագագաթ, ինչպէս ձորը խոր յոյսերով խորհրդացած.

Կգայ մի օր մարդը հզօր Եւ կստեղծի իր ոգիով ասպետական

Կեանք իրական, Իր ճակատի նման լուսեղ, նման մտքին

իր առնական, Եւ կստեղծի կեանք իրական, ծաղկած ոսկի մի արեւով:

Կոստան Զարեան

Եթե «Օրերու պսակը», «Գիրք դիւցազներգութեանց», «Նավատոմար», «Կղզին եւ մի մարդ», «Երեք երգեր» ստեղծագործություններն ընթերցողները միանգամից չեն մտաբերում, ապա  «Նավը լեռան վրա», «Անցորդը եւ իր ճամբան», «Տատրագոմի հարսը» գործերը ընթերցողին հիշեցնում են մի հայ գրողի մասին, որի քիչ ուսումնասիրված աշխարհայացքն ու մտահորիզոններն ուղղված էին անհունին, ազգային արժեհամակարգին ու պատմությանը: Ահա այսպիսին էր Կոնստանտին Եղիազարյանը` մեզ հայտնի Կոնստան Զարյանը՝ հնագույն քաղաքակրթության ժառանգորդն ու պահապանը: Զարյանին վերհիշելու առիթ էր ընձեռել Գրքի երևանյան փառատոնը, «Կոստան Զարյանի գրական ժառանգությունը» բանախոսությամբ էլ հանդես եկավ գրականագետ, գրաքննադատ Երվանդ Տեր-Խաչատրյանը:

«Կոստան Զարյանը շատ մեծ երևույթ է, ցավոք սրտի շատ չգնահատված, չհասկացված: Նա եզակի երևույթ էր իր գրական լեզվով առաջին հերթին, հետո իր պատկերների նկարագրությամբ և, իհարկե, իր կենսագրությամբ: Նրան դրսում շատ չէին սիրում, որովհետև իրեն համարում էր Արարատյան մարդ: Հայաստանում չէր ծնվել, գրում էր արևելահայերեն, բայց չի ծնվել երկրորդ մեկ այլ հայ գրող, որ իր նյարդերով, արմատներով այդքան կապված լիներ Հայաստանին: Հայաստանում էլ սովետական հասարակության պայմաններում  նրան շատ չէին սիրում, քանի որ համարում էին «դրսի մարդ», որից պետք է զգույշ լինել: Նրա գրական ստեղծագործությունը սովորական երևույթ չէր»,- ասաց Երվանդ Տեր-Խաչատրյանը:

Սակայն ապրելով և ստեղծագործելով եվրոպական խոշոր քաղաքներում, տպագրվելով նշանավոր գրական հարթակներում` Զարյանը չէր տրվում և ոչ մի գաղափարախոսության։

«Նա, կապեր ունենալով եվրոպական գրական, մշակութային, արվեստի գործիչների հետ, երբեք չի հարել որևէ հոսանքի: Իր համար բանաստեղծության բարձրագույն աստիճանը Խորենացու փրկած պատառիկներն էին: Եվրոպայում ապրած մարդու համար գրական այս հնագույն ժառանգությունն էր համարվում լավագույնը: Մտածողությունը իմպրեսիոնիստական և էքսպրեսիոնիստական մտածողության մի համադրություն էր՝ զուգորդական մտածողությամբ օժտված: Կոստան Զարյանի ընթերցողը պետք է որոշակի ինտելեկտուալ մակարդակ ունենա: Այս գրականությունը էլիտար գրականություն է և, ցավոք, մեր գրական թաքստոցում է»,- նշեց բանախոսը:

Զարյանը շատ երիտասարդ էր, երբ որ սկսեց գրական ուղին, բայց արդեն ընդունելի կերպար էր եվրոպական գրական հայտնի շրջանակների համար:

 «1908 թվականին շվեցարական «Ծիածան» ամսագրում տպագրվում են Կոստան Զարյանի առաջին երկու բանաստեղծությունները ռուսերեն լեզվով՝ Կոստան Զ. ստորագրությամբ: Շատ երիտասարդ տարիքում, երբ Զարյանը հայտվում է Բրյուսելում, հայտնվում է գրական ամենահատնի շրջանակում, երիտասարդ հայ գրողը 24-25 տարեկան էր դեռ, բայց գրում էր ֆրանսերեն, ամենահայտնի ամսագրերում, թերթերում տպագրում էր իր հոդվածները, բանաստեղծությունները, վերլուծությունները: Նշանավոր ամսագիր կար, և պատկերացրեք՝ այնտեղ նշանավոր գրողների, բանաստեղծների կողքին էր Զարյանը և ներկայացված էր որպես տաղանդավոր, երիտասարդ հայ գրող: Իսկ Կ.պոլսում հայ երիտասարդները, իհարկե, հետևում էին այս ամենին և ֆրանսերենից թարգմանում են Զարյանի ստեղծագործություններ: Սակայն շուտով Զարյանը գալիս է Կ. Պոլիս, որտեղ մշակութային բացառիկ ակտիվ կյանք կար.  Սիամանթոն, Դանիել Վարուժանը, Կոմիտաս Վարդապետը, Ռուբեն Սևակն էին այդտեղ: Պոլիսն այդ ժամանակ ֆրանսալեզու քաղաք էր, նույնիսկ երիտթուրքերի շրջանում ֆրանսերեն էին տպագրում: Իսկ Զարյանը, գալով քաղաք, հասկանում է, որ իր հայերենը թերի է, իսկ ինքն ուզում էր գրական շարժում ծավալել: Նա արդեն ուներ արվեստի և փիլիսոփայության դոկտորի աստիճան և գնում է Մխիթարյան հայրերից հայերեն սովորելու: Սովորելով լավագույններից, նա ամեն օր պարապում է Ջ. Բայրոնի սենյակում՝ սենյակակից ունենալով ականավոր հայագետ Նիկողայոս Ադոնցին: Նրա լեզվամտածողությունը շատ դիտարժան է, դրա մեջ ամփոփվում են արևմտահայերենից ու արևելահայերենից տարրեր»,- հավելեց Երվանդ Տեր-Խաչատրյանը:

Եվ, իհարկե, հիշել Զարյանին ու չշարժվել դեպի Արարատյան քաղաքակրթություն, անհնար կլիներ: Հարցին, թե ո՞վ է Արարատյան  մարդը, բանախոսը պատասխանեց․

«Կոստան Զարյանն իրեն զգում էր հինգ հազար տարվա պատմություն ունեցող քաղաքակրթության մարդ: Նա գիտեր, որ կա քաղաքակրթության երկու տիպ՝ միջերկրածովյան, որը ձևավորվել է Միջերկրական ծովի ավազանի շուրջը և Մեծ Արևելքի՝ Հնդկաստանի, Չինաստանի: Կոստան Զարյանն ասում էր, որ կա երրորդ կետը՝ դա Արարատյան դաշտն է՝ Մասիս լեռան ստորոտը, որտեղ գալիս և միանում են արևմտյան անալիտիկ մտածողությունը և արևելյան սինթետիկ մտածողությունը: Հայկական մշակույթի մեջ դրանք միավորվում և դրսևորվում են ամենաբարձր ձևով: Դրա նկատմամբ նա առանձնակի վերաբերմունք ուներ, այդ մասին բազմաթիվ էսսեներ ուներ գրված, չկա հայ մեկ այլ գրող, որի մեջ ազգային ինքնագիտակցության, արժանապատվության այնպիսի զգացում լիներ, ինչպես Զարյանի մեջ: Ավելի ճիշտ դա էությունն էր, ուղղակի մարդ, որն իր մեջ կրում էր հնագույն քաղաքակրթությունը»,- եզրափակեց գրաքննադատը:

«Արարատի աստւածաշնչական ոգին պատրաստ է ճառագայթելու, նրա թաքնւած ստեղծագործական թափը, հսկայ սերմի նման, պայթելու վրայ է, ու դարը մօտենում է, երբ վերջապէս հայ ժողովուրդը պիտի գտնէ ինքն իրեն։ Լինի այն, ինչ որ է՛։Կատարի իր դերը, ասի իր խոսքը։

Մեզ վիճակւած է ապրել բարձրաւանդակի վրայ։ Մեր դաշտերը եւ մեր լճերը մագլցում են դէպի լեռը։

Վայ մե՛զ, եթէ վար իջնենք, կընկնենք արդի քաղաքակրթութեան ծխնելոյզի տակ, մեքենայի մաս կը դառնանք կամ խանութպան»:  

 Կոստան Զարեան, «Անցորդը եւ իր ճամբան»։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 250

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: