Կայացավ հանդիպումը գրող, լրագրող Շամիլ Իդիատուլինի հետ
Գրքի երևանյան փառատոնի ընթացքում ընթերցասերներն առիթ ունեցան նաև հանդիպելու և լսելու արտասահմանյան հեղինակների: Նրանցից մեկն էլ ռուս գրող, լրագրող Շամիլ Իդիատուլինն է: Նա ինը վեպերի հեղինակ է, «Գրքի մեծ մրցանակ»-ի դափնեկիր (2017 և 2020 թվականներ): Ծնվել է 1971 թվականին, ավարտել է Կազանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի բաժինը, 1988 թվականից զբաղվում է լրագրությամբ, 1994 թվականից համագործակցում «Կոմերսանտ» հրատարակչության հետ, 2003 թվականից հրատարակչության Մոսկվայի գրասենյակի սյունակագիրն է, տարածաշրջանային խմբագրության ղեկավարը: 2004 թվականից սկսել է արձակ ստեղծագործությունների հրատարակումը: Իդիատուլինը բազմիցս առաջատար գրական մրցանակների ժյուրիի և փորձագիտական խորհուրդների կազմում է ընդգրկվել:
Գրականագետ Լիզա Բիրգերի խոսքով՝ Իդիատուլինն այսօր ամենանշանավոր ռուս հեղինակներից է։
«Նրա գրքերը, որոնք գրված են տարբեր ժանրերում՝ պատանեկան միստիկ թրիլլերից մինչև հակաուտոպիա, մեծ ռուսական վեպից մինչև «էթնոքաղաքական ֆանտաստիկ թրիլլեր», միավորված են... այն իր բոլոր ընթերցողների համար ընդհանուր մշակութային օրենսգիրք է: Այս լեզուն է, որը կմիավորի բոլորիս, տարբեր մարդկանց»:
Թաթարական ծագումով ռուս գրողը ստեղծագործում է տարբեր ժանրերում, կեղծանուններ ստեղծում իր համար, ակտիվ լրագրությամբ զվաղվում: Նա «Գրքի Մեծ մրցանակ»-ի կրկնակի դափնեկիր է և պատանիների մասին իր վեպի համար արժանացել է Վլադիսլավ Կրապիվինի անվան հեղինակավոր մրցանակին։ Գրողը թարգմանվում է օտար լեզուներով, կինոգործիչներն էլ աջակցում են և գնում նրա ստեղծագործությունների կինոադապտացիաների իրավունքները:
«Ուրախ եմ, որ երկարատև ընդմիջումից հետո Երևանում եմ, ուզում եմ նաև ողջունել ու շնորհակալություն հայտնել ժողովրդին՝ մեր հայրենակիցներին ջերմ ընդունելու և օգնելու համար: Գրականությունն իրականում կենդանի օրգանիզմ է: Այնպես է ստացվել, որ մարդկությունն էվոլյուցիայի ընթացքում աճել և վերածվել է մեծ օրգանիզմի, որը կոչվում է հասարակություն: Ինչպես օրգանիզմը, այն նույնպես ունի ձեռքեր, ոտքեր, ուղեղ և այլն: Մեկն առանց մյուսի չի կարող գործել, դրանք գործում են փոխկապակցված: Իմ կարծիքով՝ ցանկացած օրգանիզմ իր զարգացման ընթացքում աճեցնում է օրգաններ, առանց որոնց չի կարող գործել: Այդ օրգաններն են` ժուռնալիստիկան, սոցիոլոգիան և գրականությունը: Ժուռնալիստիկան օրգանիզմի աչքն է, ասում է այն մասին, թե որտեղ եք գտնվում: Սոցիլոգիան ապահովում է փոխադարձ կապը օրգանների միջև: Իսկ գրականությունը զգացողությունների մասին է խոսում: Շատ կարևոր է հատկապես ժամանակակից գրականությունը, այն պատմում է այստեղ, հիմա սկզբունքով: Գրականությունը հատկապես շատ կարևոր է ծանր ժամանակներ վերապրելիս, և կարևոր է ազգային գրականությունը, որը ցույց է տալիս քոնը, քո ցավը»,- ասում է Շ. Իդիատուլինը:
Երկար տարիներ լրագրական աշխատանք կատարելով՝ գրողը սովորել է նոր կառույցներ ստեղծել`պարբերություններ, կապեր, կամուրջներ: Ինչպես ինքն է ասում` ցանկացած լրագրող ունի մի ձեռագիր, մի սյուժե, որը դարակում է պահում և որը երբեք չի ավարտվի: Իսկ «Վախենալու համար շատ ուշ է», «Մինչև փետրվար», «Պիոների վերադարձը», «Վերջերս», «Բրեժնև քաղաք», «Դա պարզապես խաղ է», «Նոր ապագա» ստեղծագործություններում հեղինակն առաջնորդվում է «գրել արդիականության մասին և կենդանի մնալ» սկզբունքով:
«Ես միշտ գրում եմ մեր մասին այստեղ և հիմա, նույնիսկ այն դեպքում, երբ գիրքը ֆորմալ առումով անօրինական հետախույզների, ռահվիրաների կամ անտառային կախարդների մասին է բարձր տեխնոլոգիական դրախտում», Շ.Ի.:
Հեղինակը կարևորում է ընթերցողի խոսքերի ու ժամանակի արժեքը, ուստի դրանք ևս վարպետորեն օգտագործում է։ Իդիատուլինի գործերը կարդալը նման է հուզիչ որոնումների միջով անցնելուն, գերում է ոչ միայն ընթացքը, այլև անկանխատեսելի ավարտը: Իդիատուլինն օգտագործում է հեգնանքն ու կոշտությունը: Այն արձակը դարձնում է արագ, ինտերակտիվ, բարդ, բայց նաև հեշտ ու գրավիչ: Կարևորում է նաև հասարակության և ընթերցասեր հասարակության դերը:
«Մարդը սոցիալական էակ է։ Առանց հասարակության մարդը չունի լեզու, սեր, ընկերներ, աշխատանք, իմաստ։ Եվ հասարակությունը հարմարեցնում է յուրաքանչյուր մարդու՝ հասարակության համար անհրաժեշտ պարտականությունները կատարելու համար։ Յուրաքանչյուր մասնագիտություն ունի իր գործառույթը: Գրողները, լրագրողները և սոցիոլոգները այն շոշափուկներն են, նեյրոնները, որոնք պատմում են հասարակությանը, թե ինչ է կատարվում նրա հետ, ինչ է զգում, արդյոք նա վազում է արևի տակ, թե խեղդվում է ճահճի մեջ: Եվ եթե այս շոշափուկները՝ հաճախ՝ անհրապույր և ոչ շատ հաճելի, այրվեն կամ չփոխարինվեն ավելի գեղեցիկներով, որոնք ոչ մեկին չեն վրդովեցնում, ապա ճահճում մահը դառնում է շատ ավելի հավանական, եթե ոչ՝ անխուսափելի», Շ. Ի.:
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 149