Երևանում նշվեց Կոմիտաս Վարդապետի 155-ամյակը

Հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր, հայկական հոգևոր, ժողովրդական երաժշտության հավաքագրող Կոմիտաս Վարդապետի (1869-1935) 155-ամյակի առիթով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, մի շարք մտավորականներ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում ներկա էին Վարդապետի հիշատակի խնկարկման արարողությանը: Հոգեհանգստյան կարգին հաջորդեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտում «Փարիզյան հանդիպումներ» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդեսի բացումը:

Komitas 155 7

Իհարկե, ցուցադրության հերոսուհին դաշնակահարուհի, երգչուհի, երաժշտագետ, մանկավարժ, Կոմիտաս վարդապետի մտերիմ բարեկամ Մարգարիտ Բաբայանն է, և ցուցադրությունը նվիրված է նրա ծննդյան 150-ամյակին, սակայն այդ ճանապարհին յուրահատուկ էջեր են կապված Կոմիտաս Վարդապետի և Մարգարիտ Բաբայանի նամակագրության հետ։ Ցուցադրված նմուշներում բացառիկ նյութեր են տեղ գտել, ահա, օրինակ, շատերին է հայտնի Կոմիտասի մի լուսանկարը, որն արվել է Կոստանդնուպոլսում 1912 թվականին։ Այն Կոմիտասը նվիրել է իր սիրելի ընկեր Մարգարիտ Բաբայանին։ Դրան միանում են նաև շուրջ 200 արխիվային ցուցանմուշները։

Komitas 155 3

Komitas 155 4

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը Վարդապետի ծննդյան նախօրեին մեկնարկած երգեհոնային երաժշտության միջազգային երկրորդ փառատոնը ևս խորհրդանշական իմաստով նվիրված է Կոմիտասին: Իսկ ուսումնական ծրագրերում մեծ ուշադրություն է դարձվում Կոմիտասի ժառանգության ներկայացմանը։

 Komitas 155 5

Թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանն էլ նշեց, որ ցուցադրությանը պատրաստվել են ավելի քան մեկ տարի։ Իրականացվել է լուրջ հետազոտական աշխատանք, ինչի համար շնորհակալ է բոլոր աջակիցներին։ Իսկ այն, որ Կոմիտասի կյանքում Փարիզը նշանակալի դեր է ունեցել և թե՛ Կոմիտասը, թե՛ Բաբայանը փարիզյան մշակութային կյանքի կարևոր մասն են եղել, հայտնի փաստ է, և մեկ ցուցադրությամբ որոշել են ամփոփ ներկայացնել այս և այլ անհայտ հանգամանքները։ 

Komitas 155 6

Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանն էլ կարևորեց երկու նշանավոր գործիչների նամակները։

«Նամակագրությունը Կոմիտասի և Մարգարիտ Բաբայանի մարդկային ամենաջերմ, ամենաջինջ հարաբերությունների դրսևորում է։ Նամակներն առհասարակ արխիվային փաստաթղթերի մեջ առավել կարևորվում են, քանի որ հնարավորություն են տալիս զգալ նամակների հեղինակների ապրումները։ Նրանց բարեկամության դրսևորման  բարձրակետն այն փաստն է, որ Մարգարիտ Բաբայանն է Արշակ Չոպանյանի օգնությամբ կորստից փրկել Կոմիտասի ձեռագրերը, հավաքագրել և իր ամբողջական արխիվի հետ նվիրել Գրականության և արվեստի թանգարանին»,- ասաց Ս. Խոջամիրյանը։

Komitas 155 8

Կոմիտասի 155-ամյակին խորհրդանշական առաջնախաղով նաև հանդես է գալիս Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։ Էդգար Հովհաննիսյանի և Մաքսիմ Մարտիրոսյանի ստեղծագործական համագործակցության արդյունքը՝ «Անտունի» բալետը, հիմնված է Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի վրա։ Բալետն առաջին անգամ բեմադրվել է 1969 թվականին։ Կոմիտասի դերում ներկայացել է Ռուդոլֆ Խառատյանը, իսկ Խումարի դերում՝ Աննա Մարիկյանը։

Komitas 155 9

Բեմի առաջնային ձևավորումը պատկանել է Մինաս Ավետիսյանին, հագուստների ձևավորումը՝ Ռոբերտ Էլիբեկյանին, խորեոգրաֆիան և լիբրետոն՝ Մաքսիմ Մարտիրոսյանին։  Այժմ գլխավոր դերերը մարմնավորել են ՀՀ վաստակավոր արտիստ Սևակ Ավետիսյանը (Անտունի), Անահիտ Վասիլյանը և Մարիամ Գարաջյանը (Խումար)։ Ներկայացման բեմանկարիչը Մինաս Ավետիսյանի որդին՝ Նարեկ Ավետիսյանն է, խորեոգրաֆիան վերականգնել է Մաքսիմ Մարտիրոսյանի դուստրը՝ Սուսաննա Մարտիրոսյանը, իսկ հագուստների պատրաստման ողջ գործընթացը վերահսկել է Ռուբինա Հովհաննիսյանը՝ կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի դուստրը: Երաժշտական ղեկավարը և դիրիժորը Կարեն Դուրգարյանն է։ Ներկայացման առաջին գործողությունը բնութագրում է Կոմիտաս մտածողի բանաստեղծական կողմը, իսկ երկրորդը՝ նրա պատմական ճակատագրի գիտակցումը։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 91

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: