Պարույր Սևակի գործունեության դրվագները «Պարույր Սևակ 100» հոբելյանական գիտաժողովի շրջանակում

Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակի միջոցառումների շրջանակում նոյեմբերի 5-7- մեկնարկեց Սևակին նվիրված հոբելյանական գիտաժողովը։ Գիտաժողովի բացումը կայացավ ԳԱԱ-ում հրավիրված լիագումար նիստով։ Գիտաժողովի համակազմակերպիչներն են առաջատար գիտակրթական կառույցները՝ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետը, Պարույր Սևակի տուն-թանգարանը։

 Paruyr Sevak 100 gitajoxov 3

Հոբելյանական տարվա միջոցառումների շրջանակում ձևավորվել է հոբելյանական հանձնաժողով, որը հաստատել է միջոցառումների ցանկը, իսկ գիտաժողովի կազմակերպումը կարևորվել է միջգիտակարգային փոխկապակցությունների և  բանաստեղծի գործունեության նոր շերտեր բացահայտելու համատեքստում։ Փաստում  է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը․

«Չէինք կարող պատշաճ ձևով չանդրադառնալ Պարույր Սևակի 100-ամյակին, որի նպատակով ձևավորվել էր հոբելյանական հանձնաժողով։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հանձնաժողովի բոլոր անդամներին, որոնց գործուն մասնակցությունը հնարավորություն տվեց ներկայացված 25 հայտերից հաստատել 9-ը։ Շատ կարևոր է, որ  հոբելյանական տարվա ընթացքում կարևոր տեղ ունի նաև գիտաժողովը։ Կարևորում եմ, որ գիտաշխատողներն ու հետազոտողները երկխոսեն, ձևավորվի կարծիքները, առաջարկները քննարկելու միջավայր։ Շնորհակալ եմ նաև ԳԱԱ-ին, որ այսօր այսպիսի առիթ ունեցանք։ Բազմաթիվ զեկուցումներ են սպասվում, և հուսով եմ, որ այս օրերի ընթացքում հնարավորություն կլինի մանրամասն և տարբեր շերտերով ներկայացնել Սևակին։ Շատ կարևոր է, որ նաև մասնակցում է Սևակի թանգարանը և վստահ եմ, որ նման գիտաժողովները կարող են շարունակական դառնալ և կարևոր է, որ այս հարթակը միավորում է բոլորին։ Երբ խոսում ենք մեր մեծ մտավորականների մասին, նման գիտաժողովները թույլ են տալիս կաղապարներից դուրս նայել, տարբեր բաղադրիչները վերլուծել, նաև այսօրվա խնդիրների տեսանկյունից հասկանալ, վերլուծել այն մտորումները, այն խոսքը, որը թողնված է մեզ։ Ինքս առիթ եմ ունեցել Սևակին անդրադառնալ ոչ միայն դպրոցական ծրագրի շրջանակում, այլև ուսանողական տարիների ժամանակ, բայց Սևակը որպես մտորումների ճամփորդություն թույլ էր տալիս ավելի լավ ճանաչել հասարակությունը։ Կարծում եմ, որ նման գիտաժողովները թույլ են տալիս, որ մենք բախվենք գիտակարգային երկխոսությունների և հասկանանք՝ այս գրական հարուստ ժառանգությունը, որ թողնված է մեզ, ինչ է պատմում մեր մասին»,- ասաց նախարարը։

Paruyr Sevak 100 gitajoxov 4

ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը խոսեց Սևակի բանաստեղծական տարածաժամանակային, պատմական կապերի, Սևակի գործերում միջնադարի ավանդույթների կարևորության մասին։ Ինչպես պրոֆեսորն է նշում, Սևակի պոեզիան գնահատողները, նրա գրվածքները թարգմանողները, հատկապես նրանք, որոնք գիտեն հայ միջնադարը, ծանոթ են հայ անցյալին, հիացմունքով հասկանում են, որ Սևակը իր նորարարությունը կառուցել է լավագույն գրական ավանդույթները որդեգրելով։ Բավական է կարդալ Սևակի պոեմները և ծանոթ լինել այն սկզբնաղբյուրներին, որոնց հիմքով ստեղծվել են այդ պոեմները, ամեն ինչ հասկանալի կդառնա։ Տիկին Դոլուխանյանը հիշեց նաև Սևակին նվիրված մի գրական միջոցառման մասին, որին ինքն է մասնակցել։

Paruyr Sevak 100 gitajoxov 2

«Մարդը ափի մեջ» բանաստեղծական ժողովածուն լույս տեսավ 1963 թվականին ու շատ արագ սպառվեց։ Գրականություն սիրող ուսանողության համար այս գիրքը հրաշք էր, որը մեկ անգամ կարդալուց հետո չես մոռանա կյանքում։ Այդ գիրքը նորություն էր, դրա պոեզիան տալիս էր շատ հարցերի պատասխաններ, մարդն ուզում է հասկանալ հազարամյակների պատմություն ունեցող առեղծվածները։ 1963 թվականի ուշ աշնանը բանասիրական ֆակուլտետի 5-րդ կուրսի մի քանի ուսանողներով, մեզ հետ էր նաև Ռազմիկ Դավոյանը, նա մտերմացել էր Սևակի հետ, բուհի մեծ դահլիճում կազմակերպել էինք «Մարդը ափի մեջ» գրքի քննարկումը։ Դահլիճը լեցուն էր, քննարկումը տևեց երկար։ Եզրափակիչ խոսքով հանդես եկավ բանաստեղծը և հուզված նշեց, թե ինչ ճշտգրիտ են ընկալել ուսանողներն իր միտքը»,-հավելեց Ա.Դոլուխանյանը։

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիէլեանն էլ իր «Անբանաստեղծական բանաստեղծության»  սկզբունքների շուրջ» զեկույցում անդրադարձավ Սևակի ստեղծագործություններում բազմաձայնության կիրառությանը։ Ըստ բանախոսի՝ Սևակը 20-րդ դարի կեսերին կառուցում էր բանաստեղծության բնութագրման նոր փորձ՝ հետևելով բառային անգիտությանը։

Paruyr Sevak 100 gitajoxov 5

«Սևակը բանաստեղծական մտածողությունը դնում է համարձակ և աներևակայելի ընտրության առաջ, ստիպում նրան ընկալել երևույթներ, որոնք բանաստեղծական չեն համարվում։ Սևակը դնում է բազմաձայնության պահանջ։ Արդի բանաստեղծության հիմնական տիպարը Սևակը համարում է համանվագայնությունը, բազմաձայնությունը»,- ասաց Ս. Դանիէլեանը։

Գիտաժողովի նիստերը շարունակվեցին Խ.Աբովյանի անվան Պետական Մանկավարժական և Երևանի Պետական համալսարաններում։ Գիտաժողովի զեկուցումները հանրությանը հասանելի կլինեն հրապարակվելիք ժողովածուի տեսքով։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 135

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: