Ազնավուրյան հնչյուններ 10 համերգով 7 երկրում․ Հայաստանի պետական կամերային նվագախմբի շրջագայությունը
Հայաստանի պետական կամերային նվագախմբի համար սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներն անցել են շանսոնյան հնչյունների ներքո։
10 համերգ 7 երկրում․ այս երկար ճանապարհը նվագախումբն անցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և հրավիրյալ կողմերի աջակցությամբ ՝ «Շառլ Ազնավուր – 100» խորագրով ։
Հյուրախաղերի նպատակն է եղել հարգել Ազնավուրի հիշատակը, ներկայացնել նրա ստեղծագործական ժառանգության լավագույն նմուշները և վերապրել այն հույզերն ու սերը, որ շանսոնյեն ոգեշնչում էր սերունդներին: Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանի խոսքով՝ համերգները կայացել են Իտալիայում, Անգլիայում, Ուելսում, Բելգիայում, Գերմանիայում, ամփոփվել են Ֆրանսիայում։
«Ի սկզբանե առաջին շրջագայությունը եղել է սեպտեմբերի 1-ին Շվեցարիայում, հետո սկսվել է հոկտեմբերի 16-ից մինչև 31-ը ընթացող շրջագայությունը։ Նախարարության աջակցությունից զատ, նաև հրավիրող կողմերը ևս որոշակի ծախսեր են հոգացել, իսկ նվագախմբի կապերի շնորհիվ էլ փորձել ենք շրջագայության աշխարահագրությունն ավելի մեծացնել և ունենալ ծավալուն պրոյեկտ։ Բացի մեր Շանսոնեի ստեղծագործություններից, ներկայացրել ենք նաև այն կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնց հոբելյանները ևս այս տարի նշում ենք․ Կոմիտասի 155-ամյակը, Տիգրան Մանսուրյանի 85-ամյակը և այլն»,- մեզ հետ զրույցում ասում է Սարգսյանը։
Ազնավուրի անմահ ստեղծագործությունները ներկայացվել են նոր մշակումներով և գործիքավորումներով, որոնք նոր շունչ են հաղորդել նրա հայտնի երգերին: Համերգների ծրագրերում ընդգրկված են եղել հայ կոմպոզիտորների` Ամիրխանյանի, Մանսուրյանի, Ալթունյանի, Ահարոնյանի ու Կոմիտասի ստեղծագործությունները: Սարգսյանն ասում է՝ շրջագայությունը եղել է հայ մշակույթը և արվեստը աշխարհին ներկայացնելու լավագույն միջոց․ «Բոլոր վայրերի դահլիճները գրեթե լեփ-լեցուն են եղել, դրական արձագանքներ ենք ստացել։ Համերգներին ներկա են եղել թե՛ տվյալ երկրների հայ համայնքի ներկայացուցիչները, թե՛ տարբեր ազգերի։ Օրինակ՝ Գերմանիայում համերգներից մեկի ժամանակ 700 հոգի եղել է տեղացի կամ այլ ազգի ներկայացուցիչ, ոչ հայ»։
Ըստ տնօրենի՝ նման շրջագայությունները ոչ միայն աշխարհին ծանոթացնում են հայ մշակույթի հետ, այլև նոր հնավարություններ են բացում համագործակցությունների համար։ Նա շեշտում է՝ այսպիսի համերգային պրոյեկտ նվագախումբը վերջին 20 տարիներին չի ունեցել։
Շրջագայության առաջին 5 համերգները ղեկավարել է դիրիժոր Սիփան Օլահը (Մեծ Բրիտանիա), մենակատարներ՝ Սիփան Օլահ (տենոր), Աստղիկ Վարդանյան (ջութակ), Հայարփի Եղիկյան (սոպրանո, Մեծ Բրիտանիա), Սոնա Բարսեղյան (դաշնամուր): Գերմանիայի Թյուբինգեն քաղաքում համերգը ղեկավարել է դիրիժոր Ֆիլիպ Ամելունգը, իսկ Շտուտգարտում՝ դիրիժոր Ֆրից Կրեմերը։ Մենակատարներ՝ Աստղիկ Վարդանյան (ջութակ) և Սոնա Բարսեղյան (դաշնամուր):
Ֆրանսիայի Ստրասբուրգ և Նանսի քաղաքներում նվագախումբը ելույթ է ունեցել դիրիժոր Գարիկ Քյուրկչյանի ղեկավարությամբ: Մենակատարներ՝ Աստղիկ Վարդանյան (ջութակ), Սոնա Բարսեղյան (դաշնամուր), ինչպես նաև երգիչներ՝ Արայիկ Ավանեսյան և Վարդուհի Թորոյան։
Մերի Խաչատրյան
- Created on .
- Hits: 143