«Մսյո Ազնավուր» ֆիլմը հասանելի կլինի հայ հանդիսատեսին

Նոյեմբերի 17-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ լեգենդար երաժիշտ Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի փակ պրեմիերան՝ ֆիլմի ստեղծագործական կազմի մասնակցությամբ։ Ինչպես ստեղծագործական կազմն է նշում՝ ֆիլմը պատմություն է երաժշտության հանդեպ Շառլ Ազնավուրի սիրո, անսահման կամքի և աշխատասիրության մասին, որը ցույց է տալիս, թե ինչպես է բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով և յուրահատուկ տաղանդով ֆրանսահայ շանսոնյեն կարողացել թողնել անջնջելի հետք երաժշտության աշխարհում։

Aznavur film 2

Ֆիլմի ռեժիսորներ և սցենարի հեղինակներն են՝ Մեհդի Իդիրը և Գրան Կոր Մալադը։ Ֆիլմի փակ դիտումը հանդիսատեսին համակել էր մեծ տպավորություններով, վառ հուշերով, ազնավուրյան ոգով։ Ֆիլմի փոխակերպումներում իրար են հաջորդում սկզբում փոքրիկ ու չարաճճի Շառլի, ապա ակտիվ ու աշխատասեր երիտասարդի փնտրտուքները, որը նշանավոր Էդիթ Պիաֆի խոսքով՝ իր փոքրիկ հանճարն էր։ Ապագա լեգենդար աստղի երկար, քարքարոտ, բայց, անշուշտ, գունավոր մի ուղի, որտեղ իրար են հաջորդելու ինքնաճանաչումն ու գոյաբանական ճգնաճամը, ուրիշ հոսանքներին չհարվելու միտումը, սերն ու փառքը, միայնությունն ու ընտանիքը։

Aznavur film 3

Ազնավուրյան երաժշտությունն, իհարկե, ֆիլմի զարդն է, որը ողջ ընթացքում իր հետևից կտանի անգամ մյուզիքլներ չսիրող հանդիսատեսին։ Դե իսկ Տահար Ռահիմն իր խարիզմատիկ ու վառվռուն կերպարով մեծ աշխատանք է կատարել լեգենդար երաժշտին կերպավորելու գործում։ Ի դեպ` Ազնավուրն առաջին հայը չէ, որին մարմնավորել է Ռահիմը։ Կինոմանները կհիշեն թուրք ռեժիսոր Ֆատիհ Ակինի 2014 թվականի «Սպի» ֆիլմը։ Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմում Ռահիմը կերտում է հայազգի Նազարեթ Մանուկյանի դերը, որն աքսորվել է Մարդինից։ Աքսորումից հետո նա ճանապարհորդում է աշխարհի տարբեր երկրներում՝ իր աղջիկներին գտնելու համար։ Ֆրանսահայ լեգենդին մարմնավորած դերասանը «Սեզար» մրցանակի դափնեկիր է,  «Ոսկե գլոբուս» և BAFTA մրցանակների կրկնակի հավակնորդ։ Ալժիրյան արմատներով ֆրանսիացի դերասանը «Սեզար» կինոմրցանակի է արժանացել «Մարգարե» ֆիլմի համար։

Aznavur film 6

Ֆիլմում կարևոր տեղ են գրավում 1940-1950-ական թվականներին բնորոշ եղելությունները, որտեղ վառ արտահայտված են երկրորդ աշխարհամարտին հաջորդած անցումները, հայ փախստական ընտանիքի բարդ, բայց երջանիկ կյանքը և այդ պատկերում մեծ երազներ ունեցող երիտասարդի մտորումները, որին շատերը համոզում են, որ ոչնչի չի կարող հասնել։ Ֆիլմում տեղ են գտել նաև դիպվածներ կապված Շառլ Ազնավուրի և համաշխարհային մեծ ճանաչում ունեցող այլ երաժիշտների՝ Ֆրենկ Սինատրայի, Ջոնի Հալիդեյի և, իհարկե, Էդիթ Պիաֆի հետ։ Առանձնահատուկ են հատկապես Շառլ Ազնավուր - Պիեռ Ռոշե տանդեմը, ընկերների առաջին որոնումներն ու պրպտումները։

Aznavur film 5

Ինչպես նշում է Sortiraparis կայքի սյունակագիրը՝ «Պարոն Ազնավուրը» հավակնոտ կենսագրական ֆիլմ է, որը մեզ սուզում է ֆրանսիական շանսոնի ամենանշանավոր կերպարներից մեկի կյանքը, որը նկարահանվել է առավելագույն խնամքով, առանձնանում է իր հուզական ինտենսիվությամբ, բծախնդիր ռեժիսուրայով և հիշարժան կատարումներով, հատկապես Թահար Ռահիմի կողմից։ Նա խաղում է շատ նրբանկատորեն՝ կատարելությանը սահմանակից ճշգրտությամբ փոխանցելով երգչի նուրբ ժեստերը և բնորոշ խոսքի ձև։ Ֆիլմը Ազնավուրին պարզապես չի պատկերում շքեղ լույսի ներքո։ Նա նաև սուր կերպով քննում է անձնական զոհողությունները, որոնք նշանավորեցին իր կարիերան։ Ի վերջո սա ֆիլմ է, որը փայլում է իր զգայունությամբ, կատարումներով և Ազնավուրի մշակութային ժառանգության հանդեպ անկեղծ հարգանքով։ Տահար Ռահիմը բացառիկ կատարում է ներկայացնում՝ փոխանցելով մարդու և՛ փխրունությունը, և՛ ուժը ճանաչման հավերժական փնտրտուքի մեջ։

Aznavur film 7

Ֆիլմի փակ դիտմանը հաջորդեց ստեղծագործական կազմի հանդիպումը լրագրողների հետ։ Ֆիլմի ռեժիսորներից Մեհդի Իդիրը նշեց՝
«Ազնավուրը եղել է այս նախագծի կնքահայրը․ նա տեսել է իր և Գրան Կոր Մալյարդի նախորդ աշխատանքներից և տպավորված է եղել իրենց գործունեությամբ։ Ազնավուրը շատ սկսնակ արտիստների հաջողության երաշխավորն էր։ Այդպես էլ եղավ մեր ֆիլմի պարագայում։ Երկար ժամանակ Ազնավուրի հետ քննարկում էինք, թե ինչպիսին է տեսնում ֆիլմը, ինչ զարգացումներով այն պետք է լինի։ Ցավոք, Ազնավուրը հեռացավ կյանքից, և մենք ստիպված էինք մի կողմ դնել ֆիլմը՝ ավելի ուշ անդրադառնալով նրա գործունեությանը»,- լրագրողների հետ զրույցում հավելեց Մեհդի Իդիրը։

Aznavur film 8

Երկարատև դերասանական և երաժշտական փորձեր է արել հատկապես գլխավոր դերակատարը՝ Ազնավուրին ինչպես որ է ներկայացնելու համար։

«Ոչ ոք, այդ թվում՝ ես, չէր կարող պատկերացնել, որ ես կարող եմ Ազնավուրի դերը մարմնավորել։ Այս գաղափարն ամբողջությամբ խենթ էր թվում։ Ես այնքան անպատրաստ էի, որ ցանկանում էի մերժել առաջարկը, բայց դիտեցի մի շարք վավերագրական ֆիլմեր Ազնավուրի մասնակցությամբ, ուսումնասիրեցի նրա կյանքը, որոշեցի համաձայնել։ Չէի կարող դիմակայել այս գայթակղությանը և չմարմնավորել այս մեծ մսյոյի կերպարը»,- նշեց դերասան Թահիր Ռահիմը։

Հայ հանդիսատեսին ֆիլմը կներկայացվի հայերեն կրկնօրինակմամբ։ Ազնավուրին կրկնօրինակել է դերասան Խորեն Լևոնյանը։ Մյուս հերոսներին կրկնօրինակել են դերասաններ Սամվել Թոփալյանը, Բաբկեն Չոբանյանը, Սոս Ջանիբեկյանը, Տաթևիկ Ղազարյանը, Նարինե Գրիգորյանը, Ռուզաննա Հախնազարյանը և այլք։ Ֆիլմը հանդիսատեսին հասանելի կլինի դեկտեմբերի 5-ից Երևանի բոլոր կինոթատրոններում։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 299

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: