• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • «Ամբողջ կյանքում ես նոր բաներ եմ սիրում, ամբողջ կյանքում նայում եմ ապագային, դա ինձ համար միշտ հետաքրքիր է». Մայա Պլիսեցկայա

«Ամբողջ կյանքում ես նոր բաներ եմ սիրում, ամբողջ կյանքում նայում եմ ապագային, դա ինձ համար միշտ հետաքրքիր է». Մայա Պլիսեցկայա

Մայա Պլիսեցկայա` 20-րդ դարի  նշանավոր պարուհի, պարուսույց, գրող և դերասանուհի, բալետի լեգենդար արտիստուհի, որի տաղանդը, քրտնաջան աշխատանքն ու նրբագեղությունը տարիների ի վեր շարունակում են հմայել կատարյալ արվեստներից մեկի սիրահարներին:

Մայա Պլիսեցկայան մեծացել է ստեղծագործական միջավայրում, ծնվել  է 1925 թվականի նոյեմբերի 20-ին Մոսկվայում: Մայրը համր ֆիլմերի դերասանուհի էր, մորաքույրն ու հորեղբայրը բալետի արտիստներ էին: Առաջին անգամ լեգենդար պարուհու տաղանդն ու փայլն արտահայտվեց դեռ երեք տարեկան փոքրիկ աղջնակի կողմից: Իսկ հետո 17 տարեկանում Պլիսեցկայան ավարտեց ուսումը Մոսկվայի պարարվեստի դպրոցում։ Տաղանդավոր պարուհին, անշուշտ, իր տեղն էր գտնելու Մեծ թատրոնի թատերախմբում։ Իսկ 35 տարեկանում Մայան արդեն Մեծ թատրոնի բալետի պարուհի էր։ Բնական ֆիզիկական ունակություններն ու երաժշտությունը լսելու և զգալու մեծ զգացողությունն էլ Պլիսեցկայի հաջողակ բանաձևի յուրօրինակ տարրերն էին: 46 տարեկանում էլ նա արդեն նշանավոր պարուսույց էր: Պլիսեցկայայի ամենահայտնի կերպարները՝ Ավրորան՝ «Քնած գեղեցկուհին», Կարմենը «Կարմեն սյուիտից», Օդետ-Օդիլը «Կարապի լճից», Ռայմոնդան համանուն բալետից, պարուհու կերտմամբ հավերժ կմնան բալետի սիրահարների սրտում: Պարուհու տաղանդը, բնականաբար, տարածում էր գտնելու ողջ աշխարհում: Պարուհին արժանացել է մի շարք մրցանակների՝ Իսպանական Ոսկե մեդալի՝ արվեստում վաստակի համար, Ֆրանսիայի Գերազանցության մրցանակի 1986 թվականին, Իտալական Վիա Կոնդոտի մրցանակի և այլն: Բացի այդ լեգենդար պարուհին նկարահանվել է նաև մի շարք ֆիլմերում՝ «Խովանշչինա», «Աննա Կարենինա», «Ֆանտազիա» և այլն: Պլիսեցկայան հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Կանադայում և այլուր:

Plisetskaya 2

Դեռ դպրոցում երկար ժամանակ թվում էր, թե նա զուտ լիրիկական բնույթի պարուհի էր դառնալու։ Ինչպես նշում են ժամանակակիցները՝ Պիսեցկայայի բնական շնորհն ու հիանալի տեսքը՝ քայլք, չափազանց արտահայտիչ ձեռքեր, գեղեցիկ պարանոց և ուսեր, նպաստեցին նրան, որ նա իրեն դրսևորեց հիմնականում դանդաղ, երազկոտ ադաջիոներում: Նրան բնորոշ էր շարժունությունը, ինչը միաձուլվում էր շարունակական պլաստիկայի հետ:

Պլիսեցկայայի տաղանդը հարուստ էր գույներով, երիտասարդ պարուհու տեխնիկան դեռ առաջին տարիներից ամեն օր բարելավվում էր, և պարելիս նա համառորեն հասնում էր ցատկերի ամենամաքուր ձևերի, շարժումների, որոնք ճշգրիտ և ամբողջական էին բոլոր մանրամասներով:

Plisetskaya 4

1947 թվականի ապրիլի 27-ին Մայա Պլիսեցկայան իր դեբյուտը նշեց «Կարապի լիճը» բալետում, որը յուրաքանչյուր պարուհու համար որոշիչ փուլ է ողջ ստեղծագործական կյանքում։ Պլիսեցկայան մեծ համբավ ձեռք բերեց որպես «Կարապի լճի» երկու կենտրոնական կերպարների՝ Օդետի և Օդիլի ամենահետաքրքիր կատարողներից մեկը։ Այստեղ Պլիսեցկայան հավատարիմ է մնում իր ոճին՝ Օդետի մեկնաբանության մեջ նա թույլ չի տալիս և ոչ մի զգացմունքայնություն։ Նա հանդես է գալիս ոչ թե որպես անպաշտպան թույլ աղջնակ, այլ իբրև հոգով հպարտ, մի տպավորիչ կարապի թագուհի, որի դողդոջուն ձեռքերը հեքիաթային թռչուն-աղջկա թևերի են նման, որոնք թուլանում են չար կախարդի ուժով: Պլիսեցկայան նաև բացահայտում է Օդետի վիշտը, բայց դա լուռ ու հպարտ տառապանք է: Նա թույլ է տալիս նրա մեջ զգալ ուժեղ էություն, որը բողոքում է տառապանքի դեմ, վրդովվում է այս տառապանքից և պայքարում դրա դեմ։ Իսկ Օդետին հակադրվում է Օդիլը, այս երկու հակադրվող կերպարներին էլ մարմնավորում է Պլիսեցկայան: Քչերին է հաջողվում նույնքան համոզիչ կերպով փոխանցել և՛ կախարդված կարապ Օդետի էլեգիական փափկությունը, և՛ կախարդի նենգ դստեր՝ Օդիլի դիվային էությունը, որը ստացել է Օդետի կերպարանքը: Պլիսեցկայան այն սակավաթիվ պարուհիներից է, որը փայլուն կերպով կերտում է երկու հերոսուհիներին էլ: «Իմ կյանքի նպատակը միշտ եղել է պարը. Եվ այս նպատակը իրականացավ՝ ես պարեցի», մի անգամ ասել է Պլիսեցկայան: Ի դեպ՝ 1957 թվականին անվանի պարուհին Երևանում հանդես է եկել Օդետա-Օդիլիայի (Չայկովսկու «Կարապի լիճը»), Զարեմայի (Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը»), Կիտրիի (Մինկուսի «Դոն Կիխոտ») դերապարերով։

Plisetskaya 3

Պլիսեցկայան սովորաբար դրական էր արտահայտվում ժամանակակից բալետի մասին, չնայած՝ մի անգամ ասել է․

«Հոգին լքել է պարը», քանի որ տեխնիկային հետևելով՝ շատերը մոռանում են զգացմունքների մասին: Նրանք հիմա ավելի լավ են պարում: Իսկ հիմա աղջիկները նման են մոդելի։ Տղամարդկանց պարը դարձել է չլսված»: 
Մարիա Բագանովա, հատված «Մայա Պլիսեցկայա» գրքից:

«Այո՛, բնությունը բալերինային պարգևատրել է յուրահատուկ ունակություններով, ինչպիսիք են երկար քայլը, բարձր ցատկը, անհամեմատելի պտույտը, երաժշտության անսովոր սուր զգացողությունը, անսպառ էներգիան և կատաղի գեղարվեստական ​​խառնվածքը: Բնությունը Պլիսեցկայային պարգևատրել է նուրբ արիստոկրատական ​​գեղեցկությամբ։ Բայց Մայան ժամանակ չուներ իր անձնական կյանքի և ժամանցի համար։ Նա գրեթե ազատ ժամանակ չուներ, ամեն ինչ ծախսվում էր փորձերի և ներկայացումների վրա»: Մարիա Բագանովա, հատված «Մայա Պլիսեցկայա» գրքից:

Մայա Պլիսեցկայան կարիերան ավարտեց 65 տարեկանում։ Բայց հինգ տարի անց նա նորից պարեց: Հայտնի ֆրանսիացի բալետի քննադատ Անդրե Ֆիլիպ Էրսենը Պլիսեցկայային բնութագրել է ընդամենը երեք բառով՝ «հանճարեղություն, քաջություն և ավանգարդիզմ»։

«Մի՛ խոնարհվիր, մի՛ խոնարհիր քեզ մինչև վերջ: Նույնիսկ տոտալիտար ռեժիմները երբեմն նահանջում են մոլուցքի, համոզմունքի և համառության առաջ: Իմ հաղթանակները միայն դրա վրա են կանգնել»։ Մայա Պլիսեցկայա

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 164

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: