Երվանդ Լալայան․ հայ ազգագրական գիտության հիմնադիրը
Այս տարի լրանում է հայ ազգագրագետ, բանահավաք Երվանդ Լալայանի 160-ամյակը, որի առթիվ մի շարք գիթակրթական, ճանաչողական քննարկում, հանդիպումներ են անցկացվում ողջ տարվա ընթացքում։ Լալայանի կյանքն ու գործը վերհիշելու խորհրդով միջոցառումների շարքում կարևոր տեղ ունի, իհարկե, Հայաստանի Պատմության թանգարանը՝ հայագիտության ու ազգագրության ոլորտում հսկայական ժառանգություն կուտակած կարևորագույն օջախը, և հենց Երվանդ Լալայանն է եղել Հայաստանի պատմության թանգարանի հիմնադիր տնօրենը։ Հայաստանի Պատմության թանգարանում օրերս Լալայանի մասին բանախոսությամբ հանդես եկավ ԵՊՀ Հնագիտության և ազգագրության ամբիոնի պրոֆեսոր, պ․գ․դ․ Ռաֆիկ Նահապետյանը։ «Երվանդ Լալայան․ հայ ազգագրական գիտության հիմնադիր» թեմայով բանախոսությամբ ազգագրագետն անդրադարձավ հայ ազգագրական գիտության սկզբնավորմանը, զարգացման փուլերին և, իհարկե, նշանավոր «Ազգագրական հանդեսի» ստեղծման պատմությանը, թողած ազդեցությանը հայագիտության ոլորտում։ Երվանդ Լալայանը, 1894 թվանանին ավարտելով Ժնևի համալսարանի հասարակագիտական բաժինը, ստացել է սոցիալական գիտությունների թեկնածուի աստիճան և 6 ամիս աշխատել Վիեննայի Մխիթարյանների մոտ: Վերադառնալով Անդրկովկաս՝ 1895-97 թվականներին դասավանդել է Շուշիի թեմական դպրոցում: Շուշիում համախմբելով ժամանակի լավագույն գիտական ուժերը՝ Երվանդ Լալայանը ձեռնամուխ է եղել «Ազգագրական հանդես»–ի ստեղծմանը, որի առաջին հատորը լույս է տեսել 1896 թվականին։ 1900 թվականին էլ Լալայանը Թիֆլիսում հիմնադրել է Ազգագրական հրատարակչական ընկերությունը, ապա 1906 թվականին՝ Հայոց ազգագրական ընկերությունը: Ահա այս Ընկերության կազմակերպած թանգարանը Երվանդ Լալայանի ջանքերով 1921 թվականին Թիֆլիսից փոխադրվել է Երևան, և Լալայանը դարձել է թանգարանի առաջին վարիչը:
«Այսօր մենք նշելու ենք Երվանդ Լալայանի 160-ամյակը։ Այն լրացել է մարտին, բայց մենք ուշացումով ենք անդրադառնում այս հարցին։ Լալայանը ոչ միայն հայ ազգագրական գիտության հիմնադիրն է մեզանում, այլ նաև նշանավոր հայագետ, բնագետ, հնագետ, խմբագիր, հրատարակիչ է եղել, ողջ ձեռագրերի հավաքածուի հեղինակ է եղել։ Նա բազմատեսակ գործունեություն է ծավալել հայագիտության ոլորտում։ Ցավոք, շատ եմ ափսոսում, որ այս նշանավոր գիտնականի մասին մենք դեռևս չունենք ծավալուն մենագրություն։ Ես հրատարակել եմ Լալայանի մասին մի քանի հոդվածներ, սակայն խորը ցավ է, որ մենք նրա մասին կարող ենք հանդիպել միայն գիտական հոդվածներում, որոնք անդրադառնում են նրա գործունեությանը ըստ տարեթվերի»,- ասաց Ռ. Նահապետյանը։
Բանախոսի խոսքով՝ հայ ազգագրության պատմությունը երկար ու ձիգ դարերի միջով է անցել։ Եթե փուլերով բաժանենք, ապա առաջին պատմաշրջանը, ըստ բանախոսի, ընդգրկում է հնագույն ժամանակներից մինչև Խաչատուր Աբովյանի և Մխիթարյան միաբանների լուսավորչական գործունեության հանդես գալը՝ մինչև 18-րդ դարի երկրորդ կես։ Այն հայ ազգագրական պատմության տարերային նյութերի հավաքման շրջան է եղել։ Երկրորդ շրջանը սկսվում է Խաչատուր Աբովյանի գործունեությունից մինչև Գարեգին Սրվանձտյանցի հանդես գալը։ Երկրորդ շրջափուլը սկսվում է 1870-80-ական թվականներին և համարվում է հայ ազգագրական գիտության ձևավորման փուլ, քանի որ ձևավորվեցին ազգագրական հարցարանները։
«Հատկապես մեծ է Գարեգին Սրվանձտյանցի գործունեությունը, որի «Գրոց ու բրոցը», ըստ երևույթին, ես համարում եմ առաջին ազգագրության ծրագիրը, քանի որ, իրոք, այդ աշխատությունն իրական ազգագրական հարցարան է։ Այն մեծ ոգևորություն առաջացրեց հայ մտավորականների և սփյուռքի շրջանում, որից հետո մի հսկայական աստղաբույլ հետևեց նրա գործունեությանը։ Ահա այսպես ի հայտ եկավ գիտնականների մի խումբ, որի գիտական կազմակերպիչն ու հիմնադիրը եղավ Երվանդ Լալայանը։ Ինչու՞ ենք Լալայանին համարում հայ գիտական ազգագրության հիմնադիրը, որովհետև հենց նա ստեղծեց ժամանակի առաջին գիտական պարբերականը, որը հայտնի էր «Ազգագրական հանդես» անվամբ (դրա գիտական արժեքն իսկապես մեծ էր), և որի շուրջը համախմբվեց գիտնականների մի մեծ խումբ»,-հավելեց բանախոսը։
Երվանդ Լալայանը ծնվել է 1864 թվականի մարտի 13-ին Ալեքսանդրապոլում՝ արցախցու գերդաստանական ընտանիքում։ Լալայանը հրատարակել է «Ազգագրական հանդեսի» շուրջ 26 հատոր։ Չկա գեթ մեկ համար, որի կարևոր ուսումնասիրությունների մասնակիցը չլիներ Երվանդ Լալայանը։
«Նրա մասնագիտական գործունեությունը կապված է Ժնևում և Լոզանում ստացած կայուն մասնագիտական գիտելիքների հետ։ Այս շրջանը վերաբերում է 1890-1894 թվականներին, որի ընթացքում Լալայանը խոշոր մասնագիտական ունակություններ ձեռք բերեց։ Նա ավարտել է նաև Լոզանի համալսարանի մանկավարժական դասընթացը, ինչը հնարավորություն տվեց նրան զբաղվել նաև մանկավարժական գործունեությամբ։ Ահա 1885-1890 թվականներին Լալայանը ուսուցչությամբ է զբաղվել Ջավախքում, Ախալքալաքում, Ալեքսանդրապոլում, որտեղ ծնվել էր։ Մանկավարժական գործունեությանը զուգընթաց Լալայանն այդ հինգ տարիներին հսկայական ազգագրական նյութ էր հավաքել, որի արդյունքը եղավ այն, որ 1896 թվականին Ազգագրական հանդեսի առաջին հատորում տեղ գտավ նրա «Ջավախք» հիմնարար աշխատանքը։ Ես Լալայանին համարում եմ հայ ազգագրության մեջ տարածքային կամ ռեգիոնալ ազգագրական մեթոդի սկզբնավորողը»,- պատմում է Ռ. Նահապետյանը։
Տարիներ առաջ այս վարակիչ մեթոդով տարվել է նաև հենց ինքը՝ բանախոսը, գիտական ղեկավար Վարդ Բդոյանի խորհրդով էլ լծվել պատմական Աղձնիքի գավառի ուսումնասիրությանը, որն Արևմտյան Հայաստանի շատ քիչ ուսումնասիրված շրջաններից էր։ Հետաքրքիր է, որ հենց այս մեթոդի սկզբնավորումը մեծ օգուտ է բերել հայ ազգագրության զարգացմանը, քանի որ դրանով անդրադարձ էր կատարվում հայոց պատմական շրջանների պատմությանը, ժողովրդագրությանը, պատմաժողովրդական պատկերին, ապա բուն ազգագրական փաստերին։ Այս մեթոդի շարունակողները եղան Վարդ Բդոյանը, Դերենիկ Վարդումյանը և այլ նշանավոր ազգագրագետներ։
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 111