Հայաստանում և տարածաշրջանում առաջին անգամ կցուցադրվի Միցե Յանկուլովսկու «41-րդ միջօրեական»-ը
«Իմ գեղանկարներում կարելի է հետևել գերիշխող ձևին, որը կարծես
վեր է հառնում երկրաչափականներից … Սակայն այլևս «չի
բավարարվում» եզրույթների սահմանափակումներով, այլ դառնում է
ավելի ազատ, օրգանական ամբողջություն»:
Միցե Յանկուլովսկի
Նույն միջօրեականի վրա գտնվող Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի մշակութային հանդիպումը կկայանա Երևանում։
Համագործակցելով «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության, Հյուսիսային Մակեդոնիայի «ՕՍԹԵՆ» պատկերասրահի և Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության արտաքին գործերի և առևտրի, մշակույթի և տուրիզմի նախարարությունների հետ` «ՀայԱրտ» կենտրոնը Հայաստանում կներկայացնի մակեդոնացի ճանաչված նկարիչ Միցե Յանկուլովսկու անհատական ցուցահանդեսը։
«Մեզ համար շատ պատվաբեր է, որ մենք առաջարկը ստացել ենք անմիջապես Միցե Յանկուլովսկու մենեջերի՝ տիկին Կորնելիա Կոնեսկայի կողմից։
Միցե Յանկուլովսկին Հայաստանն իր համար բացահայտել է «Գեղարվեստական տպագրության միջազգային Բիենալե»-ի միջոցով։ Երևանը 2017 թվականից ունի իր միջազգայի Բիենալեն, որը համապատասխանում է եվրոպական և միջազգային բոլոր չափանիշներին:
Մենք ուրախ էինք, որ պարոն Յանկուլովսկին 2019 թվականին դիմեց «Գեղարվեստակակն երկրորդ միջազգային Բիենալե»-ին, և «ՀայԱրտ» կենտրոնում 450 աշխատանքների հետ ներկայացվեց նաև իր մեկ մեծածավալ աշխատանքը։ Տպավորված լինելով Բիելանելի կազմակերպչական աշխատանքներից և ներկայացնելու ձևաչափից` իրենք մեկ տարի անց նամակ ուղարկեցին, որ ցանկություն ունեն ՀՀ-ում կազմակերպել Յանկուլովսկու առաջին անհատական ցուցադրությունը։
Ես շատ ուրախ եմ, որ իմ նշանակումը համընկավ նաև այդ փաստի հետ, որովհետև կարող ենք ասել, որ 5 տարի անց Միցե Յանկուլովսկին վերադառնում է «ՀայԱրտ», բայց արդեն անհատական ցուցահանդեսով»,- ասում է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր-նախագահ Սոնա Հարությունյանը:
Ի դեպ, Սոնա Հարությունյանն ապրիլից նշանակվել է «ՀայԱրտ» Կենտրոնի տնօրենի պաշտոնակատար։
Առաջին անգամ մեր տարածաշրջանում անցկացվող ցուցահանդեսը կոչվում է «41-րդ միջօրեական»: Խորագիրը պատահական չի ընտրվել. այն արտահայտում է Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի մշակույթների փոխազդեցության և համագործակցության նպատակային շփումը:
«Տիկին Կոռնելիա Կոնեսկան հոկտեմբերին ժամանել էր Հայաստան, որպեսզի ծանոթանար «ՀայԱրտ» կառույցին։ Խորհրդակցելով Յանկուլովսկու հետ` վերադառնալուց հետո անմիջապես ուղարկեցին որոշված անվանումը՝ «41-րդ միջօրեական», քանի որ Հայաստանը և Մակեդոնիան աշխարհագրորեն գտնվում են նույն միջօրեկանի վրա։
Միգուցե դա պայմանվորված է նաև այն փաստով, որ փոքրիկ, սակայն շատ ավյունով և կամքով լի երկու երկրները միշտ պայքարում են իրենց գոյության համար, իրենց ինքնությունն ու կայունությունն ամրապնդում են մասնավորավորապես արվեստի միջոցով։
Անձամբ ինձ համար շատ կարևոր է տիկին Կոնեսկայից լսել, որ ցուցահանդեսի հիմքում դրված են երկու պետությունների մերձեցման և մշակութային կապերի ընդլայնման գաղափարը։ Երկու երկրների համար էլ մշակույթը և արվեստն իրոք հանդիսանում են այցեքարտ, և սա լավ առիթ է այդ այցեքարտերով փոխանակվելու համար։
Հույս ունենք, որ այսուհետ այդ կապն անընդմեջ կլինի և կնպաստի նաև Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա փոխգործակցությանը։ Սրա վառ ապացույցը նաև այն է, որ, Յանկուլովսկու անհատական ցուցահանդեսի բացման արարողությամբ պայմանավորված, Հայաստան են ժամանելու Մակեդոնիայի արտգործնախարարը և մշակույթի և զբոսաշրջության նախարարը։ Կարծում եմ, որ սա նաև ռազմավարական քայլ է, որի միջոցով զբոսաշրջոթյունը կխթանվի երկու երկրների միջև»,- նշում է Հարությունյանը։
Մեկ ամիս հայ հանդիսատեսն ու արվեստագետները հնարավորություն կունենան ծանոթանալու մակեդոնացի արվեստագետի գործերին։ Ցուցահանդեսը կգործի 2024 թվականի դեկտեմբերի 13-ից 2025 թվականի հունվարի 13-ը։ Ներկայացված կլինեն 23 մեծակտավ աշխատանք, ևս 8 կտավ Յանկուլովսկին կստեղծի հենց «ՀայԱրտ» Կենտրոնում։
Հարությունյանի խոսքով՝ «ՀայԱրտ»-ում նոր կտավներ ստեղծելու առաջարկը հենց արվեստագետի կողմից է եղել, որն էլ նոր փորձառություն է Հայաստանի և Կենտրոնի համար։
«Քանի որ պարոն Յանկուլովսկին ստեղծագործում է մեծակտավ աշխատանքներով (օրինակ 7 մետրը` 3-ի վրա), իրենց տեղափոխումն էլ, բնականաբար, պահանջում են լրացուցիչ ջանքներ։ Նախապես Հայաստան տեղափոխեցին 23 աշխատանք։ Այնուհետև Յանկուլովսկին ցանկություն հայտնեց իր մասնագիտական հմտությունները տեղում ցուցադրել և փոխանցել ցանկացողներին։ 3 օր շարունակ պարոն Յանկուլովսկի աշխատելու է «ՀայԱրտ»-ի սրահներից մեկում։ Մենք կազմակերպելու ենք հատուկ շրջայցեր կամ այցելություններ։
Այդպես Յանկուլովսկին ցանկանում է իր բարի կամքի դրսևորումն անել և այստեղ ստեղծված կտավները նվիրաբերել Հայաստանին, որպեսզի նույն միջօրեականի վրա գտնվող երկրներն արվեստի միջոցով կապակցված լինեն։
Սա համակարգային համագործակցության վառ ապացույց է։ Երբ համակարգային մոտեցում է լինում հարցին, արդեն գործում է ոչ թե անհատը, այլ մի ամբողջ կառույց, որի հետևում կանգնած է պետությունը։ Դա ավելի մեծ վստահություն և ցանկություն է ներշնչում, որպեսզի երկու պետությունների միջև ձևավորվի միջմշակութային կապը»,- ընդգծում է Կենտրոնի տնօրենի պաշտոնակատարը։
Միցե Յանկուլովսկին ավելի քան 50 անհատական ցուցահանդես է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայում և արտերկրում։ Նշանակալի է նաև Յանկուլովսկու ներգրավվածությունը կարևոր միջազգային ցուցահանդեսներում և արվեստի փառատոններում՝ Նյու Յորք, Ֆլորենցիա, Սանկտ Պետերբուրգ, Շանհայ, Սալոնիկ, Թուրին, Վենետիկ, Լառնակա, Վառնա:
Յանկուլովսկին նաև մուլտֆիլմեր է ստեղծել. դեբյուտային գործը եղել է 1978 թվականին Վարդարում՝ «Повлечи-потегни» անիմացիոն ֆիլմով։
Սոնա Հարությունյանի խոսքով՝ շատ հնարավոր է, որ փորձի փոխանակում լինի նաև այս ուղղությամբ, քանի որ արվեստագետը Հայաստանում կլինի շուրջ 10 օր։
Գայանե Պողոսյան
- Created on .
- Hits: 295