ՄԻ ՏԽՈՒՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ (Չարլզ Դիքենս և Քեթրին Հոգվարտ)

Աննա Կիրյանովան ռուս հայտնի հոգեթերապևտ է, փիլիսոփա, հոգեբանական խնդիրների լուծման յուրահատուկ մեթոդների հեղինակ։ Հրատարակել է մասնագիտական ​​գործունեությանը վերաբերող մի շարք գրքեր, ինչպես նաև տրագիկոմեդիայի ժանրի գրական ստեղծագործություններ։

ՄԻ ՏԽՈՒՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

(Չարլզ Դիքենս և Քեթրին Հոգվարտ)

Դիքենսը քննադատում էր իր կնոջը՝ ասելով. «Նա չափազանց գեր է: Դա նրանից է, որ շատ յուղոտ սնունդ է ուտում և միշտ պառկած է բազմոցին։ Նա հիմար է և ոչ մի բանի մասին չես կարող խոսել նրա հետ։ Երեխաներին քիչ է ուշադրություն դարձնում, և հոգեկանի հետ ինչ-որ բան այն չէ. խանդի նոպաներ և արցունքներ»: Եվ իմ սիրելի այդ մեծ գրողը քննադատական բաց նամակ էր գրել կնոջ մասին: Եվ ընթերցողները խղճում էին հանճարին։

Իսկ ես ողջ օրը մտածում եմ՝ կգիրանաս, եթե 12 տարում 10 երեխա լույս աշխարհ բերես, երեքին՝ հողին հանձնես: Այդ ժամանակ արդեն ուժասպառ կպառկես բազմոցին: Եվ դժվար կլինի 10 երեխաներին, ամուսնուն, բարեկամներին ու հյուրերին շատ ուշադրություն դարձնել:

Եվ հիմար ու անշնորհք կթվաս, չնայած, որ սարսափելի նավով նավարկել ես Ամերիկայում և քաջաբար երեխաներ ծնել:

Ինչ վերաբերում է հոգեկանին՝ մենք էլ լաց կլինեինք, եթե սխալմամբ տուն առաքեին մի ապարանջան, որն ամուսինը գնել էր երիտասարդ դերասանուհու համար…

Եվ հենց այդ դերասանուհու պատճառով էր, որ կինը ծերացավ ու գիրացավ: Իսկ աղջիկն ընդամենը 18 տարեկան էր: Ահա և վերջ: Կնոջ մեջ չէր խնդիրը: Նա զզված էր իր կյանքից, իսկ ամուսնալուծությունը չէր խրախուսվում:

Եվ Դիքենսը մեղմ ասած ցուցադրաբար հրամայեց փակել ննջարանի իր հատված տանող ճանապարհը աղյուսներով։ Եվ այդ գեր, հիմար և խելագար կինը վեր կացավ, գլխարկը դրեց գլխին և ընդմիշտ հեռացավ տնից, որպեսզի չնվասատանա, չլսի քննադատություններ, ոչ էլ կարդա ամսագրերում։

Եվ երեխաներին նրան չտվեցին: Այսպես նա ապրեց իր մնացյալ կյանքը միայնակ: Եվ երբ գրողը մահացավ, այդ ժամանակ կինը խնդրեց. «Հրապարակե՛ք նամակները, որոնք Չարլզը գրել է ինձ երիտասարդ հասակում, խնդրում եմ: Թող բոլորը իմանան, որ նա սիրել է ինձ. ես սլացիկ էի, ուրախ և սրամիտ…»:

Բայց անգամ դա չարեցին:

Քննադատում են մեզ այն ժամանակ, երբ մեզ չեն սիրում և ուզում են ազատվել մեզնից՝ չխոստովանելով դա անգամ իրենք իրենց։ Ահա թե ինչ եմ ես մտածում: Եվ ավելի լավ է դնել գլխարկն ու հեռանալ, ինչպես արեց այդ քաջ ու մեծահոգի կինը:

Հեղինակ՝ Աննա Կիրյանովա

Թարգմ. ռուսերենից՝ Քրիստինե Դադյանի

Հ. Գ.

Դիքենսի սիրեցյալն էր 18-ամյա երիտասարդ դերասանուհի Էլեն Թերնանը: Դիքենսը բնակարան էր վարձել, որտեղ անցնում էին նրանց հանդիպումները: Սիրավեպը տևում է մինչև Չարլզի մահը: Այդ հարաբերություններին նվիրված կինոնկար կա, որը նկարահանվել է 2013 թվականին՝ «Անտեսանելի կինը» վերնագրով: Էլեն Թերնանը դառնում է Դիքենսի կարողության գլխավոր ժառանգորդը:

  • Created on .
  • Hits: 198

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: