Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Վահրամ Գայֆեճյան-145: Վերացականության ակունքներում» ցուցահանդեսը
Օրերս Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Վահրամ Գայֆեճյան-145: Վերացականության ակունքներում» ցուցահանդեսը։
Վահրամ Գայֆեճյանը եղել է հայ խորհրդային կերպարվեստի սկզբնավորման առաջատար ներկայացուցիչներից մեկը, որը սերտել և համախմբել է 20-րդ դարասկզբի ռուսական և արևմտաեվրոպական առաջադեմ արվեստի սկզբունքները: Բազմաթիվ նատյուրմորտներ, բնանկարներ, դիմանկարներ, ինչպես նաև տեսարաններ զբոսայգիներից, սրճարաններից, դիմակահանդես-պարահանդեսներից․․․ Այս ամենը վառ արտահայտված է նկարչի աշխատանքներում։ Հայաստանի ազգային պատկերասրահում են գտնվում նկարչի շատ գործեր, այդ թվում` «Արևելյան հեքիաթ» (1907 թ.), «Սրճարան» (1914 թ.), «Եղրևանի» (1917 թ.), «Ինքնանկար» (1921 թ.), «Փողոցը գիշերով» (1929 թ.), «Երևանյան տեսարան» (1944 թ.), «Ախթալա» (1957 թ.) և այլն: Վ. Գայֆեճյանը ցուցահանդեսներ է ունեցել Ախալցխայում (1922 թ.), Երևանում (1941 թ., 1954 թ., 1961 թ., 1972 թ.), Տալլինում (1972 թ.): 1954 թվականին նկարիչն արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Հայաստանի ազգային պատկերասրահում բացված ցուցահանդեսն էլ իր բնույթով բացառիկ է և շատ սպասված։ Այս մասին փաստում է նաև տնօրենը՝ Մարինա Հակոբյանը։
«Ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքներն արվեստաբան Լիլիթ Սարգսյանի հետ սկսել ենք բավականին վաղուց: Վերջապես տեսնում ենք հրաշալի արդյունքը: Նմուշների մեծ մասը ցուցադրվում է առաջին անգամ։ Ցուցահանդեսը ոչ թե Վահրամ Գայֆեճյանի աշխատանքների հետահայաց ցուցադրություն է, կամ նրա աշխատանքների ամբողջական ցուցադրություն, այլ նրա ուշագրավ աշխատանքների ցուցադրություն»,- ասաց Մարինա Հակոբյանը։
Ցուցահանդեսի համադրողներն են Լիլիթ Սարգսյանն ու Մարգարիտա Խաչատրյանը:
«Հենրիկ Իգիթյանը Գայֆեճյանին համարում էր լուռ հանճար: Ճակատագիրը և պատմական վայրիվերումները, Հայաստանի խորհրդայնացումը, այդ իրականությունը չնպաստեցին նրան, որ Վահրամ Գայֆեճյանի արվեստը համաշխարհային ճանաչում ձեռք բերի և արժանի գնահատում ստանա: Հատուկենտ հայ արվեստագետների անուններ են աշխարհում հայտնի: Մեր նպատակն է Գայֆեճյանի դստեր՝ Էլլեն Գայֆեճյանի տարիների հետազոտությունների, հրատարակած գրքերի և իմ՝ համեստիս ջանքերի շնորհիվ, որոնց միջոցով փորձում եմ աջակցել ու շարունակել Էլլեն Գայֆեճյանի աշխատանքը, հանրահռչակել Վահրամ Գայֆեճյան արվեստագետին ու նրա ստեղծած աշխարհը»,- ասաց համադրող Լիլիթ Սարգսյանը։
Ցուցահանդեսի բացմանը նաև ներկա էր Հայաստանի ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը։ Նկարիչը երկար տարիներ ղեկավարել է Հայաստանի ազգային պատկերասրահը։
«Վահրամ Գայֆեճյանը հայ կերպարվեստի մեծամեծերից է և հայ կերպարվեստի առաջին սիմվոլիստը: Սիմվոլիզմը սկսել է հենց նրանից»,- ասաց Փարավոն Միրզոյանը:
Ցուցահանդեսում ընդգրկված են արվեստագետի «Դեկորատիվ մոտիվներ» և «Գունային կոմպոզիցիաներ» շարքերը (1902–1907 թթ.)։ Դրանք Խորհրդային շրջանում նկարիչը գաղտնի էր պահում։ Այպես կոչված «վտանգավոր» գործերը միայն իր մահից հետո է, որ դուստրը՝ արվեստաբան Էլլեն Գայֆեճյանը, հայտնաբերել է, ուսումնասիրել ու ներկայացրել։
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 101