«Անհատը կարող է մի ամբողջ ազգ ու երկիր ներկայացնել». Գոհար Գասպարյան․ Ծննդյան 100-ամյակի կապակցությամբ

«Իմ պատմական առաքելությունը կատարել եմ: Սիրով ու նվիրումով ծառայել եմ իմ ժողովրդին: Աշխարհի որ անկյունում էլ եղել եմ, ինձ հետ տարել եմ  հայոց երգը, հնչեցրել եմ իմ ժողովրդի ձայնը: Նույնիսկ այն ժամանակ, երբ կատարել եմ  ոչ հայկական երգեր, այլ համաշխարհային երաժշտական նմուշներ, դարձյալ երգել եմ հայկական հոգու  թախիծով ու լույսով: Միշտ հպարտացել են իմ հայ լինելու համար»։

Գոհար Գասպարյան

ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, սոցիալիստական աշխատանքի հերոս Գոհար Գասպարյանը ծնվել է 1924 թվականին Կահիրեում, Միքայել և Արուսյակ Խաչատուրյանների երաժշտասեր ընտանիքում։ Երգչուհին դեռ մանկուց երգել է Կահիրեի հայոց եկեղեցում` եկեղեցական երգչախմբում։ Տասնհինգ տարեկանից  երգչուհին մշակել է  ձայնը։ Նախնական կրթությունը ստացել է Կահիրեի Գալուստյան ազգային վարժարանում, ապա Կահիրեի երաժշտական ակադեմիայում՝ ուսանելով եվրոպացի վարպետներ Էլիզ Ֆելդմանի և Վինչենցո Կարրոյի դասարաններում։ Աշակերտել է նաև աշխարհահռչակ դիրիժորներ Ֆրանչեսկո Մոլինարիին և Հյուտտելին, որոնք պատերազմի տարիներին շուրջ հինգ տարի ապրում և ստեղծագործում էին Կահիրեում։ Դաշնամուրի դասեր է վերցրել հույն դաշնակահար Ժորժ Թեմելիից։ 1940 թվականից դեռևս կոնսերվատորիայում ուսանելու տարիներին ելույթներ է ունեցել Կահիրեում։ Երգել է Եգիպտոսի ռադիոյում՝ որպես մեներգչուհի։ Հետաքրքիր է, որ ռադիոյի ղեկավարությունը բացառության կարգով խախտեց ռադիոյի կանոնադրությունը, ըստ որի մեներգիչներ կարող էին լինել բացառապես մահմեդականները։ 1948 թվականին Գոհար Գասպարյանը հրավեր է ստացել Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնից, սակայն նա ոչ միայն մերժել է այդ առաջարկը, այլև նույն թվականին 24 տարեկան հասակում հայրենադարձվել Հայաստան։ Հենց այդ ժամանակ Գոհար Գասպարյանի գործունեությունն ու հույզերը վերջնականապես կապվեցին Հայաստանին։ Արդեն 1949 թվականից Գոհար Գասպարյանը Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհին էր։ Երևանյան թատրոնում էլ նրա առաջին բեմելը նշանավորվեց «Լակմե»-ի դերերգով համանուն օպերայում։ Հարուստ գործունեության ընթացքում Գոհար Գասպարյանը հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերում։ Նրա երգացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ։ Երգչուհին ելույթներ է ունեցել Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում,  Հունգարիայում, Թուրքիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Իրանում, ԽՍՀՄ նախկին հանրապետություններում և այլուր։ Գոհար Գասպարյանը տիրապետում էր իտալերենին, ֆրանսերենին, գերմաներենին, արաբերենին ու անգլերենին, հայրենադարձ լինելուց հետո սովորել էր նաև ռուսերեն։

Երգչուհին ծափահարությունների է արժանացել աշխարհի նշանավոր մշակութային օջախներում ու թատրոններում՝ Նյու Յորքի «Carnegie Hall», Փարիզի «Grand Opéra», Մոսկվայի Մեծ Թատրոն և այլուր։ Ահա թե ինչու են նրան անվանել «Հայաստանի սոխակ»։ Երկար տարիներ նրան նվագակցել են Էլեոնորա Ոսկանյանը, Լևոն Աբրահամյանը, ինչպես նաև Հարություն Փափազյանը։

Վահրամ Փափազյանը Գոհար Գասպարյանի մասին.

«Կատարյալ մի  քանդակ, անթերի հրաշալիք, տիեզերահռչակ մի  երևույթ…Գոհարը թռիչք է դեպի համաշխարհային անունների համեմատությունները: Ահա թե ով է Գոհար Գասպարյանը»։

Երգչուհին երկար տարիներ մեծ բեմերին զուգահեռ զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ, 1962-2007 թվականներին դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1973 թվականից՝ պրոֆեսոր)։ Նրա բազմաթիվ աշակերտները նվաճել են համաշխարհային լավագույն բեմերը՝ դառնալով խոշորագույն մեներգիչներ։ Գոհար Գասպարյանի դպրոցի շարունակողներն են Օլգա Զաքարյանը, Ռաֆայել Հակոբյանցը, Դավիթ Վարժապետյանը, Էլլադա Չախոյանը, Շաքե Ասչյանը, Գայանե Գրիգորյանը, Վարդուհի Խաչատրյանը, Վարդուհի Աբրահամյանը։ Չպետք է մոռանանք նաև օպերային երգիչ, ռեժիսոր, դերասան Տիգրան Լևոնյանին, որը դարձավ երգչուհու ամուսինը։
Գոհար Գասպարյանն ասում էր՝ «Անհատը կարող է մի ամբողջ ազգ ու երկիր ներկայացնել», և, իրապես, երգչուհին իր ձայնով ու կերպարով ամբողջ Հայաստանն էր ներկայացնում։ Պատահական չէ, որ 1996 թվականին Աստղերի միջազգային ռեգիստրը նրա անունով աստղ կոչեց։

Գոհար Գասպարյանին անվանում են  «Հայաստանի սոխակ», ահա թե ինչպես մի անգամ օպերային համերգից հետո Ավետիք Իսահակյանը մոտեցավ երգչուհուն ու հարցրեց.
«Այդ դո՞ւ ես սոխակից երգել սովորել, թե՞ սոխակը քեզանից»։ Երգչուհին սկսեց ծիծաղել։

Ավետիք Իսահակյանը շարունակեց.

«Լավ, այսուհետ քո անունը կլինի «Հայաստանի սոխակ»։
Իսահակյանն ասում էր՝ «Թռչունները Գոհար Գասպարյանին սովորեցրել են երգել, իսկ նա թռչուններին՝ ծլվլալ»։

Դասական օպերայի ստեղծագործությունների կատարմանը զուգահեռ երգչուհին հանդես է եկել կամերային բազմազան ծրագրերով: Իր կատարողական երգացանկը հարստացրել է նաև հայ ժողովրդական երգերով՝ Կոմիտասի, Ալեմշահի, Սրվանձտյանի, Կարո Զաքարյանի վոկալ գործերով:
Երիտասարդ երգչուհին նոր մեկնաբանություններով է կատարել հայկական ժողովրդական երգերը։ Երգչուհու կատարմամբ հնչել են «Լորիկ, «Չինար ես», «Կռունկ», «Ծիրանի ծառ», «Կիլիկիա», «Ալագյազ», «Մայր Արաքսի ափերով», «Հով արեք սարեր ջան, «Գարուն ա» և այլ երգեր։

«Ինձ հետաքրքրում էր, այն ամենը, ինչ կապված էր Անուշի հետ: Անհագորեն ուսումնասիրում էի Թումանյանի պոեմը: Մեկնեցի Լոռի, հիացա, զմայլվեցի  և ապրեցի այդ չքնաղ բնությամբ… Երգեցի և ձայնիս արձագանքի մեջ լսեցի  այդ խորհրդավոր բնության անդրադարձը...»։

Գոհար Գասպարյան

Օպերային երգչուհին կատարել է նաև ռուս կոմպոզիտորների երգեր: Ռուս արվեստագետները նրան անվանում էին «Հայկական հրաշք»։

 Ահա ռուսական մամուլի հրապարակումներից մի հատված.
«Այս փոքրիկ աղջնակը  փոթորկի պես հեղաշրջեց  մեր բոլոր պատկերացումները վոկալ արվեստի մասին»։

1950թ. մեծանուն երգչուհին արժանացել է ՀՀ  վաստակավոր արտիստուհու, իսկ 1956 թվականին` ԽՍՀՄ ժողովրդական  արտիստուհու կոչման: Գ.Գասպարյանը1964 թվականին դարձավ ՀՀ պետական մրցանակի դափնեկիր: Նա նաև ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր էր, իսկ 1966-1974 թթ. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի յոթերորդ և ութերորդ գումարման պատգամավոր: Պրոֆեսոր Գոհար Գասպարյանը սոցիալիստական  աշխատանքի հերոս էր, Երևանի պատվավոր քաղաքացի, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր:            

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 88

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: