Լույս է տեսել Նունե Մելիքյանի «Առնո Բաբաջանյան. Խորհրդային շրջանի հայկական ռիթմը» գիրքը
Օրերս Newmag հրատարակչությունը արվեստասերների, երաժշտասերների և, իհարկե, երաժշտագետների դատին հանձնեց «Առնո Բաբաջանյան. Խորհրդային շրջանի հայկական ռիթմը» գիրքը։ Խորհրդային շրջանի նշանավոր կոմպոզիտորի մասին առաջին անգլալեզու գիտական ուսումնասիրության հեղինակը ջութակահար, գիտնական և մանկավարժ Նունե Մելիքյանն է։ Նունե Մելիքյանն այս օրերին Հայաստանում է։ «Զանգակ» գրատանը տեղի ունեցած գիտական ուսումնասիրության շնորհանդեսին էլ նախորդեց գրքի ներկայացումը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաներին։
Աշխատության շնորհանդեսին հեղինակը փաստեց, որ Առնո Բաբաջանյանն ասում էր, որ չի ցանկանում իրեն կրկնել, ու երբ նայում ենք նրա գործերին, այո՛, չկա կրկնություն ոչ մի գործում։ Հեղինակը պատմեց, թե ինչպես է մանկության և պատանեկության տարիներին Առնո Բաբաջանյանի երաժշտությունը գրավել նրա ուշադրությունը, որն էլ հետագայում մասնագիտական փնտրտուքների արդյունքում վերածվել է գիտական աշխատության։
«Առաջին անգամ, որ լսել եմ Առնո Բաբաջանյան, 5 տարեկան էի, տատիկիս տանը քույրս էր նվագում։ Ես հիշում եմ, որ շատ սիրեցի ու ցանկանում էի իմանալ՝ ով է հեղինակը։ Երբ տեղափոխվեցի Մոնրեալ, 19 տարեկան էի, ու իմ կարոտը հարազատների ու հայրենիքի նկատմամբ ստանում էի Բաբաջանյանի գործերից։ Դրանք, կարծես, դարձել էին սպեղանի։ Փորձել եմ ներկայացնել Առնո Բաբաջանյան կոմպոզիտորի, երաժշտի, մարդու, հայի տեսակը։ Մենք աշխատել ենք նաև Առնո Բաբաջանյանի որդու՝ Արա Բաբաջանյանի հետ, որպեսզի բոլոր մանրամասները ճիշտ լինեին։ Գրքում տեղ են գտել արխիվային նյութեր, լուսանկարներ, որոնք ինձ հանձնել է Արա Բաբաջանյանը, և դրանք առաջին անգամ են ներկայացվում»,- նշեց Ն. Մելիքյանը։
Գիտական հետազոտության շնորհանդեսին ներկա էին նաև Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն ու ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը։
ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Աննա Ասատրյանը գրքի նախաբանի հեղինակն է։ Արվեստագիտության դոկտորը կարծում է, որ շատ կարևոր է արվեստագիտական ոլորտում նման համակարգված աշխատության երևան գալը։ Արվեստաբանի խոսքով՝ շատ կարևոր է հայկական արվեստի միջազգայնացումը և այս առումով շատ կարևոր է, որ այս աշխատությունն ուղղված է անգլալեզու ընթերցողին։ Նունե Մելիքյանը նաև մի շարք նորահայտ լուսանկարներ, վերլուծություններ ու նամակներ է հավաքել։ Նունե Մելիքյանը Առնո Բաբաջանյան միջազգային ֆոնդի ամերիկյան մասնաճյուղի ղեկավարն է հանդիսանում և իր ձեռքի տակ է եղել Առնո Բաբաջանյանի ողջ արխիվը, իսկ արխիվային նյութերի հասանելիությունը հետազոտողի համար շատ կարևոր է։
«Ուզում եմ շնորհավորել դոկտոր Մելիքյանին, որ գրի առավ առաջին անգլալեզու գիտական աշխատանքը։ Ժամանակն էր, որ վերջապես լիներ անգլերենով նման գիրք մեր ականավոր կոմպոզիտորի մասին։ Նա այն երջանիկ ստեղծագործողներից է, որ 40 տարեկանում իր մասին գրել են առաջին մենագրությունը, այդ տարիքում նա արդեն Հայաստանի ժողովրդական արտիստ էր, 50 տարեկանում՝ ՍՍՀՄ արտիստ»,- ասաց Ա. Ասատրյանը։
Արվեստի վաստակավոր գործիչ ու Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն էլ գրքի շնորհանդեսին կարևորեց Առնո Բաբաջանյանի և՛ կոմպոզիտոր տեսակը, և՛ մարդկային եզակի հատկանիշները։
«Առնո Բաբաջանյանը շատ հասարակ մարդ էր, չէր սիրում, երբ որևէ մեկն իրեն վեր էր գնահատում մյուսներից։ Փայլուն դաշնակահար էր, երբ Դիլիջանի կոմպոզիտորների տունը բացվեց, մենք փոքր երեխաներ էինք, գնում էինք նրա պատշգամբի տակ կանգնում էինք, որ լսենք, թե ինչպես է Առնոն նվագում»,- ասաց Ա. Սաթյանը։
Հայաստանում գտնվող արվեստագետն այցի ընթացքում այցելել է նաև Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ։ Խորհրդային միության ամենաազդեցիկ կոմպոզիտորներից մեկի մասին պատմող աշխատության քննարկմանը միացել էին քոլեջի սաներն ու դասախոսները։
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 122