Անտոն Չեխով և Լիկա Միզինովա

Աննա Կիրյանովան ռուս հայտնի հոգեթերապևտ է, փիլիսոփա, հոգեբանական խնդիրների լուծման յուրահատուկ մեթոդների հեղինակ։ Հրատարակել է մասնագիտական ​​գործունեությանը վերաբերող մի շարք գրքեր, ինչպես նաև տրագիկոմեդիայի ժանրի գրական ստեղծագործություններ։


Չեխովը գեղեցիկ տղամարդ էր: Շատ կանայք էին նրան սիրահարվում, բայց նա սառն էր նրանց նկատմամբ: Ինչպես ասում են՝ կօգտագործի և կլքի, և այդ ամենը հեգնանքով կնկարագրի իր պատմվածքներում։ Սիրում էր կանանց Անտոն Պավլովիչ Չեխովը, բայց ասում էր՝ իբր կինը պետք է լուսնի պես լինի․ միայն երբեմն հայտնվի և չխանգարի ազատությանն ու միայնությանը: Միայն այդպիսի լուսին-կնոջ հետ կարելի է ամուսնանալ...

Առանձնահատուկ տխուր պատմություն կա՝ կապված մի երիտասարդ աղջկա՝ Լիկա Միզինովայի հետ։ Լիկան 19 տարեկան էր, երբ ծանոթացավ Չեխովի հետ և սիրահարվեց նրան։ Չեխովին նա նույնպես դուր էր գալիս։ Չեխովը զբոսնում էր աղջկա հետ, զրուցում, ակնարկում իր զգացմունքների մասին... Իսկ հետո կապվեց մի ինչ-որ թեթևաբարո կնոջ հետ: Հետո նորից կանչեց Լիկային իր կալվածք։ Լսում էր, թե ինչպես է նա ռոմանսներ երգում, ակնարկում իր զգացմունքների մասին և հետո աղջկան ասում, որ գնա իր ճանապարհով: Մի անգամ Չեխովը նամակով Լիկային ամուսնության առաջարկ արեց։ Հավանաբար երջանկությունից և սիրուց գլուխը կորցրել է: Բայց Չեխովը պարզաբանեց՝ կատակ էր։ Պարզապես կատակ…

Լիկան շատ էր սիրում գրողին։ Նա ընկճախտի մեջ ընկավ, երբեմն սկսեց խմել և կապվեց պատահական մեկի հետ, գնաց արտերկիր, որպեսզի մոռանա իր սերը։ Նա արատավորեց իր բարի անունը. պարզվեց՝  այդ սրիկան ամուսնացած է, և այդ տղամարդը Լիկային լքեց հղի վիճակում: Երեխան ծնվեց և անմիջապես մահացավ։ Իսկ Լիկան սկսեց ոչ թե եբեմն, այլ անընդհատ խմել:

Չեխովը կրկին սկսեց հանդիպել Լիկայի հետ ու ամուսնության առաջարկ արեց նրան: Լիկան, որ ուժասպառ էր ու վատառողջ, համաձայնեց… Իսկ հետո Չեխովը նրան գրեց, թե, գիտե՞ս, արի ամուսնանանք երկու տարի հետո․․․ Կամ՝ երբեք․․․ Մի խոսքով՝ հետո՝ ինչ-որ մի օր: Իսկ ինքը այդ ժամանակ արդեն հանդիպում էր դերասանուհի Օլգա Կնիպպերի հետ։ Իսկ հետո ամուսնացավ դերասանուհու հետ․ սիրեց: Ինքն էլ չէր սպասում, բայց սիրեց:

Նա արդեն ծանր հիվանդ էր։ Միշտ տանն էր՝ թույլ ու նիհար, հազիվ էր քայլում։ Իսկ երիտասարդ կինն ընկերների հետ գնում էր ռեստորաններ.  ախր, հո չէր նստի տանը՝ համարյա մեռած ամուսնու կողքին: Եվ ասում էր նրան. մի՛ տխրիր, սիրելի՛ս: Վերադառնում էր լուսադեմին՝ ուրախ և առողջ։ Իսկ հետո Չեխովը  ստիպված էր գնալ Յալթա բուժվելու․ նրա վիճակը շատ վատ էր։ Եվ նա կարոտում էր կնոջը, գրում էր նրան՝ ասելով․ «Եթե միայն կարողանայի կեսգիշերին փարվել քո ուսին, ես անմիջապես լավ կզգայի ինձ»։ Բայց դերասանուհին խաղում էր թատրոնում և ժամանակ չուներ այնտեղ գնալու։ Այդպիսին է դերասանուհիների կյանքը: Նա լուսնի պես էր․ ամեն օր չէր հայտնվում երկնքում...

Ահա և վերջ։ Ուզո՞ւմ էր Չեխովը միայնություն և ազատություն․․․ ստացավ։ Ուզո՞ւմ էր կին, որ լուսնի պես է․․․ այդպիսին էլ ստացավ: Իսկ թե ինչի մասին էր նա մտածում տանջալից գիշերներին՝ հազալով և խեղդվելով, երբ կարդում էր անանուն նամակները կնոջ դավաճանության մասին, մենք չգիտենք: Բայց ամեն ինչ վերադառնում է: Պետք չէ ոչ մեկի տանջել…

Հեղինակ՝ Աննա Կիրյանովա

Ռուսերենից թարգմանեց Քրիստինե Դադյանը

  • Created on .
  • Hits: 125

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: