«Արտավազդ-2025» մրցանակաբաշխությունը տեղի կունենա Կապանում

Այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությունը Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ կանցկացվի Կապանում։ Այսկերպ կնշվի նաև Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի 90-ամյակը։ Մրցանակաբաշխությանը կնախորդի Կապանի կամերային ներկայացումների փառատոնը՝ մարտի 20-26-ը։ Մարտի 27-ին` Թատրոնի միջազգային օրը, կանցկացվի փառատոնի փակման և մրցանակաբաշխության արարողությունը:
«Պարբերաբար տարբեր տեսակի միջոցառումներ ենք անցկացրել մարզերում, բայց երբեք չէր ստացվում «Արտավազդը» անցկացնել մարզում: Դա կապված էր բազմաթիվ խնդիրների հետ, այդ թվում՝ ֆինանսական»,- այս առիթով հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:
«Սա սրտից, հոգուց բխող քայլ է, որովհետև ես կապված եմ այս քաղաքին, ես սիրահարված եմ այս քաղաքին: Այստեղ անցել է և՛ իմ մանկությունը, և՛ դրվել է իմ կարիերայի սկիզբը: Հրաշալի օրեր, տարիներ եմ անցկացրել այստեղ»,- մանրամասնեց նա՝ նշելով, որ «Արտավազդը» տարվա գլխավոր թատերական միջոցառումն է: Այն իմի է բերում տարվա լավագույն աշխատանքները 22 անվանակարգերում և այդ ամենը մատուցում է հանրությանը»:
Նկատենք, որ «Արտավազդ» մրցանակաբաշխությանը մասնակցում են վերջին մեկ տարում եղած ներկայացումներն ու դրանցում ներգրավված անձինք: Մրցանակ շնորհվում է թատերական վերջին մեկ տարվա արդյունքների հիման վրա:
Կապանի դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանի խոսքով՝փառատոնը կբացվի իրենց թատրոնի պրեմիերայով`Նիլ Սայմոնի «Կրքոտ սիրահարը» ներկայացմամբ: Իսկ մարտի 21-26-ը հաջորդաբար հանդես կգան Հայաստանի մյուս թատերախմբերը:
Ըստ էության, կամերային ներկայացումների փառատոն առաջին անգամ է անցկացվելու Սյունիքում: Աթայանը հույս հայտնեց, որ այն կդառնա ամենամյա:
Անդրադառնալով հարցին, թե ինչու է ընտրվել կամերային ներկայացումների ձևաչափը` Հակոբ Ղազանչյանը պատասխանեց. «Որովհետև այդպիսի փառատոն չկա Հայաստանում: Կապանի թատրոնի բեմն էլ այնպիսին է, որ մեծ ներկայացումներ հնարավոր չէ ցուցադրել: Բացի դրանից, կամերային ներկայացումների ֆորմատը հետաքրքրիր ֆորմատ է: «Արտավազդ» մրցանակաբաշխությունում արդեն 2 տարի է, որ կա «կամերային լավագույն ներկայացում» անվանակարգը: Սա պայմանավորված է նրանով, որ այդպիսի ներկայացումները վերջին շրջանում շատացել են:
«Մարդիկ նկուղներ, սրահներ են գտնում, ինչ-որ հետաքրքիր թատրոններ են բացվում, և որպեսզի մրցակցություն ապահովվի, որոշվեց առանձին անվանակարգ ունենալ»:
Ըստ Ղազանչյանի՝ այսկերպ հիմք է դրվում նաև կամերային ներկայացումների փառատոնի: «Ես իմ կողմից խոստանում եմ ամեն ինչ անել, որ այն վերածվի միջազգային թատերական փառատոնի: Այստեղ ինքս երկու անգամ անցկացրել եմ միջազգային թատերական մոնոներկայացումների փառատոն: Մենք բոլոր նախադրյալներն ունենք, որ այն դառնա այդպիսին: Եթե մենք գնանք այդ քայլին, ես խոսք եմ տալիս, որ այստեղ հետաքրքիր ներկայացումներ կլինեն, հետաքրքիր թատերախմբեր կհյուրընկալվեն»:
Բանախոսները հայտնեցին, որ փառատոնի ծրագրում ընդգրկված ներկայացումներում մի փոփոխություն է մտցվել: Հ.Պարոնյանի անվ.երաժշտական կոմեդիայի թատրոնի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» ներկայացումը հարգելի պատճառներով կփոխարինվի «Կնոջս անունը Մորիս է» կատակերգությամբ: «Եթե առաջինն ավելի փիլիսոփայական, սոցիալական խնդիրներ արծարծող գործ է, ապա մյուս պիեսը, կարծում եմ, բարձրարժեք կատակերգություն է»,- ասաց Ղազանչյանը:
Կապանի դրամատիկական թատրոնի 90-ամյակի առիթով, բացի նշված միջոցառումները, մարտի 20-ին տեղի երկրագիտական թանգարանում կբացվի նաև հատուկ ցուցադրություն, որը կգործի մեկ ամիս:
Մարջան Չոբանյան
- Created on .
- Hits: 189