Հայաստանում տոնում են «Ֆրանկոֆոնիայի օրեր»-ը

Ամեն տարի մարտի 20-ին` ի պատիվ 1970 թվականի մարտի 20-ին Նիամեյում ստորագրած համաձայնագրի՝ աշխարհում տոնվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը։ Աշխարհում կա 220 միլիոն ֆրանսախոս, որոնց 60 %-ի տարիքը չի անցնում 30-ը: Ֆրանկոֆոնիան նաև քաղաքական և տնտեսական տարածք է, կազմված է 56 անդամ և 19 դիտորդ պետություններից և կառավարություններից, որոնք կիսում են հետևյալ ընդհանուր արժեքները. համերաշխությունն ի նպաստ զարգացման, հարգանք մշակութային բազմազանության հանդեպ, իրավունքի գերակայություն, խաղաղություն և ժողովրդավարություն։

Այս տարի ևս ավանդույթի ուժով՝ Հայաստանում ևս մեծ ուրախությամբ միացել են Ֆրանկոֆոն օրերին և նույնիսկ երկամսյակ է հայտարարվել։ Անդրադառնանք դրանցից մի քանիսին։ «Ֆրանկոֆոնիայի օրեր 2025» միջոցառման շրջանակում Հայաստանի պատմության թանգարանը հյուրընկալեց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի դասախոսական կազմի ներկայացուցիչներին և ուսանողներին։ «Երեկ և այսօր. Ժակ դը Մորգանի հետքերով» խորագիրը կրող միջազգային ցուցադրության շրջանակում շրջայց անցկացրեց կրթական ծրագրերի մասնագետ Լիլիթ Գասպարյանը։ Ցուցադրությունը նվիրված է ֆրանսիացի երկրաբան, հնագետ, ազգագրագետ Ժակ դը Մորգանի կյանքին ու գործունեությունը, որը ծավալվել է Հայաստանում, Պարսկաստանում, Եգիպտոսում։

Ֆրանկոֆոնիայի օրերին նաև միացել է Իսահակյան գրադարանը։ Ֆրանսիական մշակույթի սիրահարների համար նախատեսվում են Գի դը Մոպասան – 175, Էմիլ Զոլա – 185 դասախոսությունները։

Մշակութային կարևոր միջոցառմանն է միացել Հայ և տուս ժողովուրդների բարեկամության թանգարանը։ Հայտարարվել է «Նամակ ֆրանսիացի ընկերոջս» թեմատիկ շարադրությունների մրցույթը, որր հովանավորը «Զանգակ» հրատարակչությունն է։

Ժողովրդական արվեստների թանգարանում էլ ֆրանկոֆոն օրերին առաջարկում են տեղափոխվել ֆրանսիական հեքիաթների աշխարհ։ Ժողովրդական արվեստների թանգարանի Փայտարվեստի ցուցասրահում երեխաներն հնարավորություն ունեին շրջել հեքիաթների մոգական աշխարհում և զրուցել էքսկուրսավարի հետ։

Մարտի 6-ին էլ Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և Ֆրանսիական ինստիտուտի (Institut français) հետ համագործակցությամբ, Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերին նվիրված միջոցառումների շրջանակում Վիլնյուսում ցուցադրվեց Սերժ Ավետիքյանի «Նա, ում սպասում էին» ֆիլմը։ Միջոցառմանը ներկա էին Լիտվայում ՀՀ դեսպանը, դեսպանության անձնակազմը, Ֆրանսիական ինստիտուտի տնօրենը, ինչպես նաև ֆրանկոֆոն հանդիսատեսը։ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի շրջանակում Ֆրանսիական ինստիտուտը ցուցադրերել է նաև ռեժիսոր Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» անիմացիոն ֆիլմը։

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում, Հայաստանի ազգային գրադարանում էլ բացվել էր «Ֆրանսիական գեղարվեստական գրականության հայերեն թարգմանությունները» խորագրով թեմատիկ ցուցադրությունը։ Ներկայացված են ֆրանսիացի և ֆրանսագիր գրողների՝ գրադարանի գրքային հարուստ հավաքածուի գրքերից։ Գրադարանի Գրատպության թանգարանի վարիչ Բալասան Հարությունյանը, ներկայացնելով ցուցադրությունը, ներկայացրեց ֆրանսիացի գրողների ցուցադրված գրքերից, Մխիթարյան միաբանների թարգմանություններ, խոսեց Ճանիկ Արամյանի, Մկրտիչ Փորթուգալյանի, Շուշիի տպարանների գործունեության մասին։
Ցուցադրության շրջանակում ներկայացված են բացառիկ ցուցանմուշներ, մասնավորապես, Ոսկան Երևանցու՝ Լյուդովիկոս 14-րդին ուղղված նամակի կրկնօրինակը, բրայլյան գրերով Գի դը Մոպասանի և Ալբեր Կամյուի գրքերը և այլն։ Ցուցադրված են դասական գրողների հին և նոր հրատարակություններ, ժամանակակից հեղինակների գրքեր, նաև՝ մատենաշարերով։ Հայաստանի ազգային գրադարանում կանցկացվեն նաև «Ֆրանսիա-Հայաստան. դիվանագիտական և միջմշակութային փոխառնչություններ» միջազգային գիտաժողովը, ֆրանսիական ֆիլմերի և գրականության ցուցադրություններ, այլ միջոցառումներ։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 148

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: