Մանուկ Աբեղյան 160

Այս տարի նշվում է հայ անվանի հայագետ, հասարակական գործիչ, գրականագետ, լեզվաբան, բառարանագիր, բանահավաք Մանուկ Աբեղյանի ծննդյան 160-ամյակը։ Մանուկ Աբեղյանը ծնվել է 1865 թվականի մարտի 17-ին Նախիջևանի Աստապատ գյուղի մոտ գտնվող Թազաքենդ գյուղում, որը ժողովրդի կողմից անվանվում էր Աստապատ։ Հայագետ, հասարակական գործիչ, գրականագետ, լեզվաբան, բառարանագիր, բանահավաք, պրոֆեսոր (1926), բանասիրական գիտությունների դոկտոր (1935) Մանուկ Աբեղյանը եղել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1943), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1935), արևելահայերենի արդի ուղղագրության հեղինակն է։

Մեծանուն գիտնականի պատվին Հայաստանի ազգային գրադարանում Մանուկ Աբեղյանի գրական ժառանգությունը ներկայացնող գրականության ցուցադրություն է բացվել։ Այդտեղ կարող ենք ծանոթանալ նշանավոր գիտնականի ազգագրությանը, լեզվաբանությանը, տաղաչափությանը, հայոց հին գրականությանը նվիրված մեծարժեք ուսումնասիրություններին և մանավանդ նրա «Հայոց հին գրականության պատմություն» աշխատությանը, որը մեծ գիտնականի կարապի երգը եղավ: Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի վերջ։

Ցուցադրված աշխատանքների շարքում ինքնատիպ է հատկապես «Հայոց հին գրականության պատմություն» աշխատությունը։ Հսկայական է վերջինիս կարևորությունը հայագիտության ոլորտում։ Աշխատությանը երկու հատորներն ընդգրկում են հայ գրականության համապարփակ ուսումնասիրությունը սկիզբից մինչև 1830-ական թվականները։ Մանուկ Աբեղյանը ձեռնամուխ է եղել աշխատանքի կյանքի կոչմանը՝ 1940 թվականին աշնանը։ Այդ շրջանում Մանուկ Աբեղյանն համաձայնության եկավ ՍՍՌՄ Գիտությունների Ակադեմիայի Հայկական մասնաճյուղի Գրականության և Լեզվի Ինստիտուտի հետ՝ գրելու Հայ հին գրականության պատմությունը: Աշխատության առաջին հատորում հայ գրականության պատմությունը հասնում է մինչև Գրիգոր Նարեկացու ապրած ժամանակաշրջանը՝ 10-րդ դար։ Աշխատանքն ավարտին է հասցվել 1942 թվականի ապրիլին:

Նույն 1942 թվականից էլ Մանուկ Աբեղյանը շարունակել է աշխատել երկրորդ հատորի վրա։ Այս հատորը պետք է ներառեր հայ գրականության պատմությունը 11-րդ դարից մինչև 19-րդ դարի առաջին տասնամյակների գրաբար գրականությունը: Ցավոք աշխատանքն անավարտ մնաց։ Մանուկ Աբեղյանն աշխատանքը հասցրեց մինչև 14-րդ դարի վերջը։ Արդյունքում, Մանուկ Աբեղյանի «Հայոց հին գրականության պատմության» տվյալ հատորը բաղկացած է հետևյալ երեք հիմնական մասերից.

 ա) մշակված մաս, որ ամենից ընդարձակն է և ընդգրկում է 11-14-րդ դարերը,

բ) սևագիր մաս, որ ընդգրկում է 15-18-րդ դարերը,

գ) տպագրված մաս («Արարատում»), որ ընդգրկում է 19-րդ դարի առաջին տասնամյակները:

Վերջին երկու մասերը հատորում անվանված են «Լրացում»` տարբերելու համար առաջին մասից:

Աբեղյանի «Հայոց հին գրականության պատմության» երկրորդ հատորի մշակված մասի ձեռագիրը պարփակված է 19 տետրակի մեջ, որոնք համարակալված են (բացառությամբ 18-րդ տետրակի) իր իսկ Աբեղյանի ձեռքով: Մ. Աբեղյանը համարակալել է նաև էջերը, համարակալումը նա հասցնում է մինչև 16-րդ տետրակի վերջը, 1051-րդ էջը, իսկ 17 և 18-րդ տետրակների էջերը համարակալված են արդեն Աբեղյանի որդու, նկարիչ Մհեր Աբեղյանի ձեռքով, ինչպես և վերջինիս ձեռքով է համարակալված վերը հիշված 18-րդ տետրակը։ Այս երկու տետրակները պարփակում են ձեռագրի 1058-1188 էջերը։ Ինչ վերաբերում է 19-րդ տետրակին, ապա նրա համարակալումը նորից արված է Մ. Աբեղյանի ձեռքով, բայց ոչ իբրև 18-րդ, այլ 18-րդ տետրակի շարունակություն և ընդգրկում է 1052-1060 էջերը։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 114

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: