Մարտի 22-30-ը Հայաստանում իրականացվում է «Թատերական շաբաթ» նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ մարտի 22-30-ը Հայաստանում իրականացվում է «Թատերական շաբաթ» ծրագիրը։ Նախագծին կմասնակցեն ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզերի համայնքային ենթակայությամբ գործող թատրոնները։ Նախորդ տարի թատերական շաբաթը համախմբել էր մի շարք թատրոնների և մեկ շաբաթ շարունակ հանդիսատեսի համար բաց արել թատերական աշխարհի դռները և իրական տոն պարգևել։ «Թատերական շաբաթ» ծրագիրը կարևոր նախաձեռնություն է հայաստանյան թատերական կյանքում, որի շրջանակում թատրոններն իրականացնում են կրթամշակութային ծրագրեր, դպրոցահասակ երեխաների համար ինտերակտիվ խաղեր, հանդիպումներ դերասանների հետ, շրջայցեր թատրոններում, մասնակցություն փորձերին և դեկորների, զգեստների պատրաստման աշխատանքներին։
Մարտի 22-30-ը իրականացվող «Թատերական շաբաթ» ծրագրին մասնակցում են ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզերի համայնքային ենթակայությամբ գործող թատրոնները։ Մինչ թատերական շաբաթի մեկնարկը թատրոնները մեծ նախապատրաստական աշխատանք են իրականացրել։
«Առաջին անգամ «Թատերական շաբաթ» ծրագիրն իրականացվել է 2024 թվականին: Անցյալ տարի այս միջոցառման ընթացքում նախարարության ենթակայությամբ թատրոններն ունեցել են շուրջ 5000 այցելու՝ աշակերտներ, ուսուցիչներ, ուսանողներ, ծնողներ: Դա մեր առաջին հաջողված փորձն էր, որը մեզ քաջալերեց՝ ծրագիրը դարձնելու շարունակական։ «Թատերական շաբաթ» ծրագրի անցկացումը համընկնում է դպրոցականների գարնանային արձակուրդի հետ, և ծրագրերին երեխաները կարող են մասնակցել ինչպես դպրոցական խմբերով, այնպես էլ ընտանիքների հետ՝ նախապես պայմանավորվելով տվյալ թատրոնի հետ: «Թատերական շաբաթ» ծրագրի շրջանակում շրջայցերն ու հանդիպումները թատրոնների անձնակազմերի հետ անվճար են»,- ասում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Դ. Դանիելյանը նաև նշեց, որ թատրոններում առկա խնդիրները գույքագրվել են, և պետական ֆինանսավորման միջոցով փորձելու են բարելավում իրականացնել ոլորտի զարգացման նպատակով։ 2024-2025 ուսումնական տարին էլ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է մշակութային կրթության տարի: Այս համատեքստում դրամաշնորհային ծրագրերում շեշտը դրված է կրթական բաղադրիչի վրա։
Թատերական տոնին մեծ շուքով պատրաստ է նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։ Թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի խոսքով՝ Օպերային թատրոնը թատերական շաբաթվա շրջանակում հանդես է գալիս «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացմամբ։ Այն բեմադրվել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի հետ համագործակցությամբ: Մաեստրոյի խոսքով՝ Ստեփան Լուսիկյանի հրաշալի երաժշտությամբ «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացումը անտարբեր չի թողնի ոչ միայն երեխաներին, այլև մեծերին:
Երևանի խամաճիկների պետական թատրոնի տնօրեն Ռուբեն Աբրահամյանն էլ ներկայացնում է թատրոնի ինտերակտիվ ծրագիրը։
««Դպրոցից՝ թատրոն» ծրագրի շրջանակում երեխաները կծանոթանան ներկայացման ստեղծման ողջ ընթացքին: Կընտրվի որևէ հեքիաթ, երեխաների հետ այն կընթերցենք, այնուհետև նրանց ստեղծագործական երևակայության, առաջարկությունների, հուշումների հիման վրա կբեմադրվի այդ հեքիաթը: Մեզ անչափ հետաքրքիր են երեխաների կարծիքները տվյալ երևույթների և կերպարների վերաբերյալ․ նրանց պահանջներն ու դիտարկումները տեղ կգտնեն ներկայացման բեմադրական աշխատանքներում: Բեմի հատվածում դերասանները երեխաներին կծանոթացնեն տիկնիկավարության հմտություններին, կսովորեցնեն վարել տարբեր տեսակների խամաճիկ տիկնիկներ, այնուհետև կշրջեն թատրոնում, լուսաձայնային արտադրամասում, արհեստանոցներում և կտեսնեն, թե ինչպես են պատրաստվում տիկնիկները, դեկորացիաները, կհաղորդակցվեն թատերական նկարչության ու քանդակագործության նրբություններին: Ծրագիրը կարևոր է շարունակականությամբ. հետաքրքիր է, որ իրենց մասնակցությամբ բեմադրված տվյալ ներկայացումը հետագայում երեխաները կարող են դիտել թատրոնի բեմում՝ ամբողջությամբ բեմադրված»,- նշում է թատրոնի տնօրենը:
Ինչպես հայտնում են նախարարությունից՝ թատրոնները բավական հետաքրքիր ծրագրեր են նախատեսել, նպատակը նաև աշակերտների շրջանում թատրոնի նկատմամբ հետաքրքրասիրություն ձևավորելն է։ Նախագծի շրջանակում էլ թատրոնի դռները բաց են լինում ամբողջ օրվա ընթացքում և դպրոցականները հնարավորություն են ունենում այցելել ու փորձել ներսից բացահայտել թատերական աշխարհը։ Նրանց համար կազմակերպվում է շրջայց, նրանք լինում են հետնաբեմում, տեսնում են, թե ինչպիսի նախապատրաստական աշխատանքներ են տարվում, ինչպես են հագուստները, տարբեր ատրիբուտները պատրաստվում։ Դրանից զատ, հանդիպումներ են կազմակերպվում դերասանների հետ, հարց ու պատասխանի, երկխոսության միջոցով երեխաներն իրենց հուզող թեմաներն են քննարկում:
Թատերական շաբաթվա ծրագրին կարող եք հետևել ստորև՝
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 110