Ամփոփվեց Ֆրանկոֆոն կինոյի 8-րդ փառատոնը

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի շրջանակում ամփոփվեց Ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնը։ Փառատոնը մեկնարկեց Էմանուել Կուրկոլի «Փողային նվագախումբը» ֆիլմի ցուցադրությամբ Երևանի Մոսկվա կինոթատրոնում։
Արդեն 8-րդ անգամ մարտի 15-ից 23-ը փառատոնը վերածվել էր տոնի՝ բացահայտելու ժամանակակից ֆրանսալեզու կինոյի հարուստ ու բազմազան ընտրանին։ Ներառված էին կատակերգություններ, դրամաներ, վավերագրական և անիմացիոն ֆիլմեր:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի գործակցության հարցերով խորհրդական Քսավիե Ռիշարը նշում է, որ Ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնը Ֆրանկոֆոնիայի երկամսյակի կարևորագույն միջոցառումներից է։
«Ծրագիրը շատ բազմազան էր։ Նախատեսվել էին վերջին տարիների ինը ֆիլմեր։ Դրանց ցանկում էին ֆիլմերի պրեմիերաներ։ Հենց առաջին ֆիլմը՝ «Փողային նվագախումբը», ցուցադրվեց առաջին անգամ։ Այն շատ գեղեցիկ ֆիլմ է։ Պատմություն է երկու եղբայրների մասին, որոնցից մեկը հանրաճանաչ դիրիժոր է և շրջում է աշխարհով մեկ, իսկ մյուս եղբայրն աշխատում է Ֆրանսիայի հյուսիսի դպրոցներից մեկի ճաշարանում և տեղի նվագախմբում է նվագում։ Ծննդյան օրից ի վեր նրանց բաժանել են, իրար գոյության մասին չեն իմացել, բայց երբ իմանում են այդ մասին, նրանք միավորվում են և սկսվում է հետաքրքիր պատմությունը։ Այդտեղ կան նաև հղումներ Հայաստանի մասին։ Ֆիլմերի փառատոնի մեկնարկը տրվել է Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում, քանի որ կինոն Հայաստանի և Ֆրանսիայի միջև կապող կամուրջ է, հիշենք օրինակ Անրի Վերնոյին»,- նշեց Քսավիե Ռիշարը։
Ֆիլմերի փառատոնի շրջանակում միավորվել են Կանադիայի, Բելգիայի և Շվեյցարիացի դեսպանությունները։ Մասնակցում են նաև Ռումինիան և Սերբիան, որոնք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ են։
Յուրաքանչյուր օր ցուցադրվում էր մեկ ֆիլմ, որոնք ներկայացվում էին հայերեն ենթագրերով։
Միջոցառումը Ֆրանկոֆոնիայի օրերի կարևորագույն մասն է և կազմակերպվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտի կողմից՝ Շվեյցարիայի, Բելգիայի և Կանադայի դեսպանությունների հետ գործընկերությամբ:
Ֆիլմերի մուտքն ազատ էր, ֆիլմերը ցուցադրվում էին բնօրինակով՝ հայերեն ենթագրերով։
Ցուցադրվեցին «Փողային նվագախումբը», ռեժ.՝ Էմանուել Կուրկոլ (Ֆրանսիա, 2024թ.), «Հույս կերտողները», ռեժ.՝ Ֆեռնան Դանսերո (Կանադա, 2010թ.), «Անկրկնելի Դալին», ռեժ.՝ Քենտեն Դուպիո (Ֆրանսիա, 2023թ.), «Եվ որդիներն իրենցից հետո», ռեժ.՝ Լյուդովիկ և Զորան Բուխերմա (Ֆրանսիա, 2024թ.), «Աստվածամոր տաճարը կրակի ճիրաններում», ռեժ.՝ Ժան-Ժակ Աննո (Ֆրանսիա, 2022թ.), «Խիզախները», ռեժ.՝ Ժասմեն Գորդոն (Շվեյցարիա, 2024թ.), «Կրակի հետ խաղալով», ռեժ.՝ Դելֆին և Մուրիել Կուլեն (Ֆրանսիա), «Պոետի հարսնացուն» , ռեժ.՝ Իոլանդ Մորո (Բելգիա, 2023թ.), «Վայրիները», ռեժ.՝ Կլոդ Բարաս (Շվեյցարիա, Ֆրանսիա, Բելգիա, 2024թ.)։
Հայաստանում ֆրանսիական ֆիլմեր ցուցադրվում են նաև Հայաստանի Ազգային գրադարանում։ Վերջերս նաև Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մեծ դահլիճում Սինե-ակումբի` ֆրանսիական ֆիլմերի այս տարվա ցուցադրությունը սկսվեց Ռոբեր Բրեսոնի «Մուշետ» ֆիլմով։ Ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի հատուկ մրցանակի (OCIC Award)։
Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի գործադիր տնօրեն Դավիդ Տյուրսը շնորհակալություն հայտնեց կինոռեժիսոր, կինոգետ, «Ֆիլմադարան»-ի հիմնադիր նախագահ Գարեգին Զաքոյանին՝ հայ հանդիսատեսին ֆրանսիական ֆիլմերի լավագույն ընտրանին ծանոթացնելու և Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանին՝ այս գաղափարին մեծապես աջակցելու համար։
Գարեգին Զաքոյանն էլ նշեց, որ ֆրանսիական ֆիլմը մի գանձարան է, իսկ Բրեսոնը ֆրանսիական կինոյի պատմության մեծագույն ռեժիսորներից մեկն է: Ֆիլմի մասին
Զաքոյանը նշեց․
«Այն բավականին դժվար դիտվող ու լուրջ ֆիլմ է՝ և՛ ոճային, և՛ տրամաբանական առումով, որի մասին խոսելու համար մի կյանքն անգամ չի բավականացնի»։
Սինե-ակումբը Հայաստանի ազգային գրադարանում գործում է «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ի, Ազգային գրադարանի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Ֆրանսիական ինստիտուտի համագործակցությամբ։ Արդեն չորս տարի շարունակ կինոսերները հնարավորություն ունեն ծանոթանալու ֆրանսիական ֆիլմերին։ Դրանք ցուցադրվում են ֆրանսերեն` հայերեն և անգլերեն ենթագրերով։ 2025 թվականին կինոակումբն առաջարկում է Ռոբերտ Բրեսոնի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը։
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 147