Կայացավ Գյուլբենկյան հիմնադրամի և Newmag-ի «Նոր միտք, նոր թարգմանություն» ֆորումը

Newmag հրատարակչությունն ու «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունը կյանքի կոչեցին «Նոր միտք, նոր թարգմանություն» ֆորումը, որի շրջանակում ներկայացվեցին նոր հրատարակություններ։ Մարտի 27-ին և 28-ին կայացած «Նոր միտք, նոր թարգմանություն» ֆորումի առաջին օրը ներկայացվեցին հայերեն թարգմանությամբ հոգեբանական երեք գրքեր։ Դրանիցից մեկն ահա՝ Բեսել վան դեր Կոլկի «Մարմինը ամեն ինչ հիշում է» հոգեբանական գիրքն է։ Խմբագիր Տաթև Բաղդասարյանը կարծում է, որ գիրքն արդիական է հատկապես մեր հասարակության համար։ «Մարմինը ամեն ինչ հիշում է» գիրքը դարձել է The New York Times-ի բեսթսելլեր։ Այն թարգմանվել 43 լեզվով։ Շնորհանդեսին ներկա պատերազմի վետերան, փոխգնդապետ, «Բազկամարտը» գրքի հեղինակ Սարգիս Ստեփանյանը քննարկմանն անդրադարձավ իր փորձին։ Ինչպե՞ս է ինքը հաղթահարել հետտրավմատիկ սթրեսային խանգարումը, ինչպե՞ս է օգնում պատերազմի այլ մասնակիցների։

Newmag forum 2

«Մեր սպորտային կառույցում տարբեր վնասվածք ստացած աղջիկներ ու տղաներ են մարզվում։ Նրանք մարզում ու կոփում են ոչ միայն իրենց մարմինը, այլ նաև հոգին։ Դա հավատացեք շատ է օգնում, որ իրենք կենտրոնանան ճիշտ նպատակների, ապագայի վրա։ Դա կայունություն է բերում։ Այո, հեղինակը ճիշտ է, մարմինը ամեն ինչ հիշում է, բայց միտքն էլ երբեք չի մոռանում։ Պարզապես պետք է սովորենք ապրել մեր տրավմայի հետ, ընկերանալ նրա հետ, հասկանալ նրան»,-ասում է Սարգիս Ստեփանյանը։

Ներկայացվեցին նաև Գյուլբենկյան հիմնարկության հետ արդեն հրատարակված հաջորդ գրքերը՝ Ջոան Դիդիոնի «Մոգական մտքերի տարին» ու Ջուլյա Սամուելի «Ամեն ընտանիք իր պատմությունն ունի»-ն։

«Կոտրված վահան» գրքի շնորհանդեսի քննարկմանն էլ մասնակցում էին «Սիվիլնեթի» գլխավոր խմբագիր, պատմական գիտությունների թեկնածու Կարեն Հարությունյանը, արևելագետ, պատմաբան պրոֆեսոր Նաիրա Սահակյանը, ՀԱՀ պրոֆեսոր Վահրամ Տեր-Մաթևոսյանը, ռազմական վերլուծաբան, հետազոտող Լեոնիդ Ներսիսյանը, քաղաքական գիտությունների թեկնածու Նարեկ Սուքիասյանը։

Աշխատանքում հայ և միջազգային փորձագետները ներկայացնում են Արցախի կորստի պատճառները, հետևանքները և դասերը: Այն 44-օրյա պատերազմի մասին առաջին համապարփակ վերլուծությունն է։

Newmag forum 3

Երկօրյա համաժողովի ամենասպասված ստեղծագործությունն իհարկե Էդվարդ Սաիդի «Արևելաբանություն» գրքի հայերեն հրատարակությունն է։ Արևելագիտական հետազոտություններում հսկայական է Սաիդի աշխատության դերը։ Աշխատանքը հրատարակվել է 1978 թվականին։ «Արևելաբանություն» կամ «Օրիենտալիզմ» գրքում մանրամասն ներկայացվում է եվրոպակենտրոն նախապաշարումը արաբա-իսլամական ժողովուրդների ու մշակույթների նկատմամբ:  Աշխատության հեղինակը պաղեստինյան արմատներով ամերիկացի գիտնական, «Orientalism» հասկացության քննադատ, քաղաքական գործիչ Էդուարդ Սաիդն է։ Հետազոտության հեղինակը կենտրոնանում է «Արևելքի» մասին եվրոպական մտքի ծագումնաբանության, այս սպեկուլյատիվ հայեցակարգի գործունեության և իրականության հետ դրա կապի վրա: Հեղինակը մանրամասնորեն բնութագրում է այս հայեցակարգի հնարավոր ակունքները, բայց նրա հիմնավորման հիմնական շեշտը դրված է 19-րդ դարի վրա։ Սաիդի գիրքը հիմք է դարձել ասիական և աֆրիկյան երկրների պատմության, մշակույթի և արվեստի մոտեցումների վերարժևորման, գիտելիքների վերանայման և ակադեմիական վերլուծության նոր ոլորտների ի հայտ գալու համար:
«Օրիենտալիզմն» ուսումնասիրում է Արևելքի և Արևմուտքի հիերարխիկ հարաբերությունները։ Այն ուսումնասիրում է, թե ինչպես է գիտելիքի ուժով Արևմուտքի գերակայությունն ազդել և շարունակում ազդել Մերձավոր Արևելքի և Ասիայի քաղաքական հարցերում:

Newmag forum 4

Երեք գլուխներում, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է չորս թեմատիկ բաժիններից, Սաիդը անցնում է արևելագիտության քննարկմանը, նախ նայելով դրա շրջանակին, ապա նրա տարբեր կառուցվածքներին։

Գրքի թարգմանիչ Մինաս Լոուրյանը Վենետիկում «Հայ մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնի» տնօրենն է։ Նրա խոսքով՝ Մերձավոր ու Միջին Արևելքի մեջ երկար ժամանակ գերիշխող Արևմուտքը Արևելքին նայել է գերադասի դիրքերից: Արևելքն Արևմուտքի կողմից անվանվել է «Orient», այսինքն՝ «այլ, ուրիշ»: Այս տեսանկյունն Արևմուտքում արմատացած է եղել, և, քանի որ Արևմուտքը Արևելքին թույլ չի տվել ինքնաներկայանալ, հետևաբար նաև արգելել է Արևելքը լիարժեք հասկանալու փորձերը։ Այս աշխատությունը, որն առաջին անգամ հրատարակվել է 1978-ին, ամենաազդեցիկ ուսումնասիրություններից մեկն է, հատկապես հետգաղութային ուսումնասիրությունների մեջ: Սայիդը «Orientalism» հասկացութեան քննադատ է եղել, սակայն ցույց է տվել, որ Ասիայի ու Մերձավոր Արևելքի նկատմամբ արևմտյան մշակույթի մեջ արմատավորված կեղծ ու ռոմանտիկ ընկալումը ծառայել է իբրև Եվրոպայի ու ԱՄՆ-ի գաղութային և կայսերական հասարակությունների արդարացում: Գրքի քննարկմանը ներկա էին Գյուլբենկյան հիմնադրամի Հայկական համայնքների բաժնի ղեկավար Ռազմիկ Փանոսյանը, գրքի թարգմանիչը՝ Մինաս Լոուրյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը, արևելագետ, լրագրող Դավիթ Սարգսյանը։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 72

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: