Կարինե Հովհաննիսյանն ու Մերի Դոլմազյանը հանդիսատեսին կտրեցին «Ժամանակի աղմուկ»-ից

Մարտի 31-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հանդիսատեսն ալտահարուհի Մերի Դոլմազյանի ու դաշնակահարուհի Կարինե Հովհաննիսյանի կատարումների ուղեկցությամբ հայտնվեց այլ ժամանակներում, կտրվեց ժամանակի աղմուկից ու նրան հասանելի դարձան միայն Ֆելիքս Մենդելսոնի և Դմիտրի Շոստակովիչի անզուգական ստեղծագործությունները։
«Երաժշտության միջոցով փախուստ այսօրվա աղմուկից»,- Cultural.am-ի հետ զրույցում համերգի խորագիրը՝ «Ժամանակի աղմուկը», այսպես մեկնաբանեց Կարինե Հովհաննիսյանը։
Խոսելով համերգային երեկոյի ծրագրի մասին՝ դաշնակահարուհին ասաց. «Կատարում ենք Մենդելսոնի սոնատը, որը նա գրել է 14 տարեկանում, համարվում է նրա ստեղծագործական ճանապարհի սկիզբը, որպես հակադրություն ընտրեցինք Շոստակովիչի վերջին գործը։ Այն գրելուց հետո կոմպոզիտորը երկու շաբաթ անց մահացել է։ Միակ ստեղծագործությունն է, որը Շոստակովիչը չի լսել։
Կարծեք թե՝ ճանապարհի սկիզբ ու վերջ խորհրդանշի։ Բայց, ամեն դեպքում, արվեստը վերջ չունի, մահ չունի։
Բացի այդ՝ երկու կոմպոզիտորներն էլ իրենց ստեղծագործություններում օգտագործել են Բեթհովենի «Լուսնի սոնատի» մոտիվը»։
Ինչ վերաբերում է Մերի Դոլմազյանի հետ համագործակցությանը, դաշնակահարուհին ասաց. «Մեր համագործակցությունը շատ հեշտ է ստացվում՝ հիմնված է ընկերության վրա։ Մենք վաղուց ենք համատեղ համերգներով հանդես գալիս։ Ինչքան երկար ես մարդու հետ նվագում, այնքան ավելի լավ ես զգում, ավելի հեշտ է լինում աշխատելը, նվագելը»։
Կարինե Հովհաննիսյանը նվագում է նաև երգեհոն։ Դժվարացավ պատասխանել հարցին՝ դաշնամո՞ւր, թե՞ երգեհոն. «Երբ որ ինչ-որ նախագիծ է դաշնամուրով, թվում է՝ դաշնամուր, երբ երգեհոնով՝ հասկանում ես, ոչ, առանց երգեհոն հնարավոր չէ։
Մեկ բառով՝ երաժշտություն»։
Կարինե Հովհաննիսյանն ավելի շատ կատարում է արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ, քանի որ քանակական առումով ավելի շատ են, բայց հնարավորություն դեպքում անպայման հայ կոմպոզիտորների գործերը հնչեցնում է։
Երաժշտին ուրախացնում է այն փաստը, որ այսօր հայ հասարակությունն ավելի հաճախ է դասական երաժշտության համերգների այցելում։
«Բարեբախտաբար, համերգներին հանդիսատեսի թվի ավելացման միտում կա, փորձում են երեխաներին ավելի շուտ ներգրավել, հասանելի դարձնել դասական երաժշտությունը։ Ես դասավանդում եմ երաժշտական դպրոցում, այսօր մենք աշակերտների խնդիր չունենք։
Հայաստանում դասական երաժշտությունն ավելի տարածում ստանալու համար պետք է ավելի շատ հնչի հեռուստատեսությամբ, համերգասրահներում։ Բայց խնդիր կա. եթե մի ընտանիք ուզում է բոլոր անդամներով գալ համերգ, տոմսի համար բավականին մեծ գումար պետք է վճարի, բայց նաև երաժիշտը պետք է վճարվի։ Կարծում եմ՝ անհրաժեշտ է դասական երաժշտությունը պետությունից ավելի շատ աջակցություն ստանա»։
Առաջիկա ամիսներին Կարինե Հովհաննիսյանն ունի համերգներ, մենահամերգներ, նաև երգեհոնային մենահամերգ։ Ինչպես դաշնամուրային, այնպես էլ երգեհոնային համերգներն անցնում են լեփ-լեցուն դահլիճներում։
«Ուզում եմ, որ մարդիկ ավելի շատ լսեն երաժշտություն, սիրեն, այցելեն համերգների, որովհետև երաժշտությունն առաջին հերթին այս աշխարհի, մեր կյանքի գեղեցիկ մասն է, նաև հոգևոր աճի, զարգացման սնունդ է»,- ասաց Կարինե Հովհաննիսյանը։
Տ․Մ․
- Created on .
- Hits: 101