Մեկնարկում է «Արմմոնո» 23-րդ միջազգային թատերական փառատոնը

Ապրիլի 21-ից մայիսի 8-ը Երևանում կանցկացվի «Արմմոնո» 23-րդ միջազգային թատերական փառատոնը: Փառատոնի այս տարվա ծրագրում ընդգրկված է 27 ներկայացում:
«Շատ ուրախ ենք ունենալու մոնոներկայացումների այսպիսի փառատոն: Տարիներ շարունակ աշխարհը գնում է մոնոներկայացումների կամ կամերային ներկայացումների ճանապարհով, և մենք այդ աշխարհի մաս ենք կազմում»,- փառատոնի առթիվ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
«Մոնոներկայացման և «Արմմոնո»-ի ստեղծած արժեքն այն է, որ թատրոնից մենք հանգիստ կարող ենք դուրս գալ մի դերասանով, մի քանի դեկորով, մի քանի հագուստով և ցանկացած տեղ կարող է խաղացվել մոնոներկայացում: Եվ արդեն ունենք այդ փորձառությունը՝ փողոցում, բացօթյա խաղալ, պատկերասրահում խաղալ: Ցանկացած վայր կարող է դառնալ թատրոն, այսինքն՝ թատրոնը գնում է այնտեղ, որտեղ չեն սպասում նրան՝ դրանով իսկ բերելով հանդիսատես դեպի թատրոնի շենք՝ հաջորդ ներկայացումների համար»,- նշեց փոխնախարարը:
Փառատոնի շրջանակում հյուրընկալվելու են հարևան երկրների, Ռումինիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի, ինչպես նաև այլ երկրների արտիստներ:
Անդրադառնալով միջազգային ծրագրին՝ փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանն ասաց, որ դրսի ներկայացումներն ընտրելիս հաշվի են առնում հանդիսատեսի ճաշակը:
«Դա կարող է լինել, օրինակ, դասական գործ, ինչպես Մադոնա Շուբիթիձեի «Մեդեա»-ն՝ Վրաստանից, Մատեուշ Նովակի «Պան Թադեուշ» ներկայացումը՝ Լեհաստանից, Կաֆկայի պատմվածքների վրա հիմնված գործը Գերմանիայից՝ «Անտոնիո Վակա-Լագարես «Հաշվետվություն ակադեմիային», Անտոն Մոզգալյովի «Համլետ. Փսիխոզ»-ը՝ Ռուսաստանից և այսպես շարունակ: Ինձ թվում է՝ հանդիսատեսը կգտնի այն ներկայացումը, որը կսիրի և կմտածի դրա մասին մինչև հաջորդ փառատոն»:
«Մենք նաև Ֆրանկոֆոն գործառույթ ունենք․ դրանք թատերականացված ընթերցումներ են, որոնք շատ կարևոր են մեզ համար: Վերջերս դրամատուրգիան կարծես դարձավ ոչ կարևոր թատրոնում, բայց դա շատ սխալ է, գրական նյութը շատ կարևոր է թե՛ դերասանի, թե՛ բեմադրիչի համար: Դերասանը նաև հարստանում է, երբ խաղում է հետաքրքիր, խորը կերպար»,- հավելեց Մխիթարյանը:
ԿԳՄՍ փոխնախարարի կարծիքով՝ մի օր մենք պետք է հասկանանք, թե որն է հայկական թատրոնը, դրա պատասխանը պիտի տանք: «Պատասխանի առաջին մասը ինձ համար սկսվում է ձևավորվել մոնոներկայացումներով: Դրանք մեկ անձի ներկայացումներ են և ցանկացած գրվածք, որն ի սկզբանե թատերական չպիտի լիներ, կարող է դառնալ այդպիսին: Մեր ինքնությունը, մտածելակերպը, կենցաղը, պատմությունը, մշակութային բաղադրիչները, որոնք այդ գրվածքների մեջ են, կարող են հանվել դուրս և ներկայացվել թատերական աշխարհի ու լեզվի միջոցով, որի շատ կարևոր մասն է կազմում մոնոներկայացումը»,- ասաց նա:
Փառատոնի ղեկավարը կարևորեց այն, որ «Արմմոնո»-ն թե՛ երիտասարդ, թե՛ արդեն հասուն դերասաններին հնարավորություն է տալիս զգալու հաջողության էներգիան: «Գնալով տարբեր երկրներ և լսելով ֆանտաստիկ, ջերմ խոսքեր՝ նրանք ավելի են զգում իրենց կարևորությունը և ավելի են աճում: Եվ այդ հաջողության էներգետիկան տարածվում է իրենց մյուս գործերի վրա: Կա նաև մի ուրիշ բան՝ այն դերասանները, որոնք գուցե, իրենց թատրոններում այդքան էլ աչքի չեն ընկնում մոնոներկայացումներով, ղեկավարությունը սկսում է այսկերպ նորովի բացահայտել նրանց»:
Ըստ բանախոսների՝ մարզային թատրոններից ևս առաջարկներ են եղել փառատոնի շրջանակում մոնոներկայացումներով հանդես գալու: Ըստ այդմ՝ ծրագրում ընդգրկվել են ներկայացումներ նաև Գյումրիի, Վանաձորի թատրոններից: Ներկայացումները զուգահեռաբար կցուցադրվեն նաև Աբովյան քաղաքում:
Մարջան Չոբանյան
- Created on .
- Hits: 188