Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը պատրաստվել է Հայոց ցեցասպանության 110-րդ տարելիցին

Այս տարի լրանում է մարդկության դեմ գործած խոշորագույն ոճրագործություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Ինչպես ամեն տարի՝ այս տարի էլ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը պատրաստվում է այցելուների առջև խոշոր աղբյուրներ բացել, ներկայացնել հսկայական արխիվային նյութը։ Ինչպես հայտնում է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը՝ հավաքագրվել է շուրջ 50 հազար արխիվային նյութ։
«2024 թվականից թանգարան-ինստիտուտը արխիվային նյութերի հավաքագրման գործունեություն է որդեգրել, որը կարևոր է գիտական գործունեության ծավալման առումով։ Նախորդ տարվա ընթացքում թանգարանը ցեղասպանությանն առնչվող մի շարք կարևոր նմուշներ է ստացել։ Սողոմոն Թեհլերյանի ձեռագիր օրագրությունը ստացանք, որից հետո նվիրատվությունների շղթա սկսվեց թանգարան-ինստիտուտում։ Շուրջ 59 բնօրինակ լուսանկարներ ենք ձեռք բերել Մուսա լեռան ինքնապաշտպանության հետ կապված։ 1920-ական թվականների Ղազիրի որբանոցում գործված գորգ ենք նվիրատվություն ստացել, որը շատ լավ պահպանվել էր։ Տարվա ընթացքում ձեռք ենք բերել նաև բավական մեծ թվով օսմաներեն փաստաթղթեր, սեփականության փաստաթղթեր, լուսանկարներ»,- ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը։
Հայոց ցեղասպանության թանգարանը տարեկան ունենում է մինչև 100 հազար այցելու, նախորդ տարի նրանցից 300-ը թուրք զբոսաշրջիկներ են եղել։ Թանգարանը Հայաստանի 3 ամենաշատ այցելություն ունեցող թանգարաններից է։
«Մեր թանգարան այցելությունների աշխարհագրությունը բավական ընդգրկուն է ու պետք է ասեմ, որ վերջին շրջանում կառուցվածքում որոշակի փոփոխություններ են նկատվում։ Եթե տարիներ առաջ Հայոց ցեղասպանության թանգարան ավելի շատ գալիս էին Ռուսաստանից, եվրոպական տարբեր երկրներից, ապա այժմ նկատում ենք, որ գնալով աճում է Չինաստանից, Հարավային Կորեայից, Ֆիլիպիններից եկող զբոսաշրջիկների թիվը»,- ասաց Էդիտա Գզոյանը։
Այժմ թանգարանում ընդլայնվում է աուդիոգիդի ծառայությունը։ Նախորդ տարվանից թանգարանում աուդիոգիդի ծառայության մեջ ներառված էին անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը։ Բրյուսովի անվան պետական համալսարանի հետ համագործակցությամբ նյութերը թարգմանվել են չինարեն, կորեերեն և շատ շուտով այդ երկու լեզուներով ևս կլինեն աուդիոգիդի ծառայություններ։ Դրանց միանալու են նաև գերմաներենը, արաբերենը, իտալերենը։
Այս տարի թանգարանում կբացվի նաև նոր ցուցադրություն։ «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» նոր ժամանակավոր ցուցադրությունը ՀՑԹԻ-ում բացվել է ապրիլի 23-ին՝ ժամը 15:00-ին։ Ցուցադրությունը գործելու է մինչև 2026 թվականի ապրիլը:
Ցուցահանդեսը համախմբելու է շուրջ յոթ տասնյակ ականատեսի վավերագրություններ՝ հուշագրություններ, օրագրություններ, զեկուցագրեր, ֆոտո-դոկումենտալ նյութեր, ֆիլմեր և այլն: Ականատես-վավերագրողների աշխարհագրությունը ներառում է մի քանի տասնյակ պետություններ, այդ թվում՝ ԱՄՆ, Ավստրալիա, Կանադա, Վենեսուելա, Շվեյցարիա, Շվեդիա, Դանիա, Նորվեգիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Հունաստան, Իտալիա, Վատիկան, Նիդերլանդներ, Չեխիա, Լեհաստան, Հնդկաստան, Պարսկաստան, Սիրիա և այլն: Ներառված են նաև թուրք վավերագրողներ, որոնք իրենց հուշագրություններում, ժամանակի մամուլում, նաև դատական գործընթացներով փաստագրել են հայերի դեմ տեղի ունեցած հանցագործությունը:
Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողների թողած արժեքավոր և հարուստ ժառանգությունը, որում արձանագրված են Հայոց ցեղասպանության սարսափները, բացառիկ սկզբնաղբյուրային նշանակություն ունեն որպես Օսմանյան կայսրությունում մարդկության և քաղաքակրթության դեմ իրագործված հանցագործությունների անհերքելի վկայություններ: Դրանք նաև վկայությունն են այն իրողության, որ աշխարհը քաջատեղյակ էր հայերի դեմ կատարվող հանցագործությանը:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին է նվիրված նաև «Լռեցված ոճիրը. Հայոց ցեղասպանության ընթացքում երեխաների բռնի տեղափոխումը» գիրքը։ The Silenced Crime: Forcible Child Transfer During the Armenian Genocide աշխատության խմբագիրը ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանն է։ Այն ներկայացնում է ՀՑԹԻ–ի գիտաշխատողներ Էդիտա Գզոյանի, Ռեգինա Գալուստյանի, Նարինե Մարգարյանի, Շուշան Խաչատրյանի, Ռոբերտ Թաթոյանի, Հարություն Մարությանի, ինչպես նաև ֆրանսահայ պատմաբան, ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռայմոն Գևորգյանի ուսումնասիրությունները: Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հետ համագործակցաբար տպագրված Brill | Schöningh հրատարակչության նոր՝ Armenian History and Culture («Հայոց պատմություն և մշակույթ» հատորը շարքի մեկնարկային հատորն է: Շարքի խմբագիրներն են պ.գ.դ. Աշոտ Հայրունին և պ.գ.թ. Ռոբերտ Սուքիասյանը:
Հեղինակների հետազոտությունները նվիրված են Հայոց ցեղասպանության ժամանակ հայ երեխաների բռնի տեղափոխման և ձուլման երևույթի տարբեր կողմերին՝ որպես հայ ինքնության դեմ ուղղված երիտթուրքական վարչակարգի համակարգված գործողություն։ Հայ երեխաները դարձան ցեղասպանական ավելի լայն ռազմավարության թիրախ՝ բռնի կերպով կտրվելով իրենց արմատներից, տեղափոխվելով իսլամադավան ընտանիքներ կամ պետական որբանոցներ։ Կառավարական հրամանագրերի և շարքային քաղաքացիների նախաձեռնությունների համակարգված գործադրմամբ՝ երեխաների ազգային ինքնությունը համակարգված կերպով ջնջվում էր՝ կրոնափոխության և անձնական տվյալների փոփոխության, երեխաների իրական ծագումը սքողելու միջոցով։ Պատմական, իրավական, կրոնական, մարդաբանական, վիճակագրական և սոցիոլոգիական տեսանկյուններից գիրքը ներկայացնում է երեխաների բռնի տեղափոխումը որպես Հայոց ցեղասպանության հիմնական բաղադրատարր, նաև անդրադառնում այդ երեխաների ազատագրման, իրենց հայկական ինքնությանը վերադարձնելու ջանքերին։ Նման աշխատություն առաջին անգամ է տեղ գտնում ՀՑԹԻ-ի 30-ամյա պատմության մեջ։
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 73