Տեղի ունեցավ Դավիթ Լեուպօլդի «Մարտնչող հիշողությունների երկիր. հայեր, թուրքեր, քրդեր» գրքի շնորհանդեսը

Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակը, Հայաստանի ամերիկյան համալսարանի «Թուրփանջյան» հասարակական ուսումնասիրությունների կենտրոնը և Oral History Matters (OHM)-ը ներկայացրեցին Դավիթ Լեուպօլդի «Մարտնչող հիշողությունների երկիր․ հայեր, քրդեր, թուրքեր» գիրքը։ «Մարտնչող հիշողությունների երկիր»-ը ուսումնասիրում է մրցակցող ազգային պատմույթների, երևակայական սահմանների և տեղական հիշողությունների միջև եղած բարդ հարաբերությունները՝ Արևելյան Թուրքիա, Արևմտյան Հայաստան կամ Հյուսիսային Քրդստան կոչվող եռակի վիճարկված աշխարհագրության շրջանակում։ Աշխատությունը լույս է սփռում հարավարևելյան Թուրքիայում Վանա լճի շրջանի բազմաշերտ հիշողության լանդշաֆտի վրա, որտեղ կոլեկտիվ բռնությունը Հայոց Ցեղասպանությունից ձգվում է մինչև մերօրյա քրդական հակամարտություն։

Հեղինակը քննում է անցյալը պատմելու, այն լռեցնելու, քարտեզագրելու և բեմադրելու միջոցով կոլեկտիվ հիշողությունը կառուցելու և մենաշնորհելու՝ պետությունների ջանքերը։ Այն դիտարկում է, թե ազգային խոսույթներն ինչպես են կառուցվել, ապա բարդ հարցադրում անում՝ ինչու են ազգերը համարվում բացառիկ ու թշնամական մյուսների հանդեպ։ «Մարտնչող հիշողությունների երկիր»-ը փորձում է ներկայացնել ազգային ինքնությունների եզակիությունը։ Աշխատությունն այդկերպ նաև միջգիտակարգային կապ է ստեղծում և դառնալու է օգտակար աղբյուր սոցիոլոգների և պատմաբանների համար։

Հեղինակը փաստում է, որ հիմնվելով Թուրքիայում և Հայաստանում իր դաշտային աշխատանքի վրա՝ ուսումնասիրել է, թե ինչպես են պետությունները աշխատում՝ կառուցում հավաքական հիշողությունը, ինչպես են ներկայացնում անցյալը։ Բացի այդ, շատ կարևոր է նաև, թե ինչպես կարող են այդ պատմությունները նպաստել ներկայիս հակամարտություններին և լուծել դրանք:

«Նայելով, թե ինչպես են կառուցվում ազգային դիսկուրսները և ծանր հարցեր տալով այն մասին, թե ինչու են ազգերը պատկերացվում որպես բացառիկ և թշնամական ուրիշների նկատմամբ՝ «Embattled Dreamlands»-ը եզակի պատկերացում է տալիս ազգային ինքնության զարգացման մասին, ինչը մեծ ռեսուրս կապահովի ուսանողների և հետազոտողների համար սոցիոլոգիայի և պատմության բնագավառներում»,- ասում է Դավիթ Լեուպօլդը։

Նյու Յորքի համալսարանի մարդաբանության ամբիոնի պրոֆեսոր Բրյուս Գրանտը հետազոտության մասին ասում է․

«Այստեղ ներկայացված է միջդիսցիպլինար մոդել, որն օգնում է մեզ հասկանալ, թե ինչպես կարելի է ուղղորդել և փոխակերպել պատմական մտածողությունն ու հիշողությունը։ Լեուպօլդը կյանքի է կոչում հարուստ անցյալ այս բազմաշերտ և տպավորիչ բազմալեզու ուսումնասիրության մեջ»:

Գիրքն ընդգրկում է հսկայական տարածաժամանակային ու աշխարհագրական արեալ՝ անդրադառնալով Վանի տարածաշրջանի բազմաշերտ հիշողության գոտուն՝ Ցեղասպանությունից մինչև ժամանակակից քրդական հակամարտություն։

Միչիգանի համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի Մանուկյան կրթաթոշակառու (2018-2019) Դավիթ Լեուպօլդն ուսումնասիրում է հիշողության քաղաքականությունը հետօսմանյան և հետխորհրդային տարածքներում։ Դոկտոր Լեուպօլդը սոցիոլոգ է և հիշողության քաղաքականության գիտնական: Նա դոկտորի կոչում է ստացել Բեռլինի Հումբոլդտի համալսարանում։ Նրա առաջին մենագրությունն արժանացել է Կենտրոնական Եվրասիական հետազոտությունների ընկերության 2021 թվականի գրքի ամենամյա մրցանակին։ Իսկ նոր աշխատությամբ հինգ տարվա ազգագրական և պատմական հետազոտությունների արդյունքում Դավիթ Լեուպօլդն ստեղծել է օսմանյան և խորհրդային պատմության հարուստ մի ներկապնակ, որտեղ ազգային պատմությունները եզակի տեսական ներդրում են կատարում կոլեկտիվ հիշողության ուսումնասիրության մեջ։ Հեղինակը դրանով նաև տալիս է ազգային ինքնությունների խորաթափանց և անաչառ գնահատական։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 136

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: