Մայիսի 5-ին «Արցախ» կամերային նվագախումբը համերգով հանդես կգա «Արամ Խաչատրյան» համերգասրահում

Մայիսի 5-ին «Արցախ» կամերային նվագախումբը համերգով հանդես կգա «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Համերգի շրջանակում միավորվել են օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, թավջութակահար և դիրիժոր Նարեկ Հախնազարյանը, ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։ Համերգը կղեկավարի Նարեկ Հախնազարյանը, որպես մենակատար` ելույթ կունենա Սերգեյ Խաչատրյանը։ Կհնչեն Բելա Բարտոկի «Ռումինական ժողովրդական պարեր»-ը, Ալեքսանդր Հարությունյանի «Կոնցերտ ջութակի և լարային նվագախմբի համար» գործը, Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ»-ը և Դմիտրի Շոստակովիչի «Կամերային սիմֆոնիա դո մինոր, Օպուս 110ա»-ն։ Մայիսի 5-ին նախատեսված համերգի կայացմանն աջակցում են «ԱրարատԲանկ»-ը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը։ Համերգին ընդառաջ՝ մայիսի 2-ին, տեղի ունեցավ լրագրողների հետ հանդիպումը։
«2004-ին Արցախում ստեղծվեց Արցախի պետական կամերային նվագախումբը, սակայն բռնի տեղահանումից հետո այն դադարեցրեց գործունեությունը։ Հասմիկ Պապյանի գաղափարն էր վերականգնել նվագախումբը։ 2024-ի ամռանը կարողացանք իրագործել գաղափարը։ Փակ համերգ-շնորհանդես կազմակերպեցինք նվագախմբի նախնական կազմով։ Երաժիշտները 11-ն էին, իսկ հետո լսումների երկու փուլ անցկացրինք և նվագախումբը մեծացրինք՝ երաժիշտների թիվը հասցնելով 17-ի, իսկ հետո՝ 25-ի։ Հենց այդ կազմով ելույթ ենք ունենալու մայիսի 5-ի։ Նվագախմբում ընդգրկված են երաժիշտներ Լեռնային Ղարաբաղից և Հայաստանից»,- ասաց Նարեկ Հախնազարյանը։ Ինչպես Հախնազարյանը հավելեց, ակտիվ աշխատանք են ծավալում, հյուրախաղերի հրավերներ են ստանում։ Պատրաստվում են հանդես գալ Կանադայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում։ «Արցախ» նվագախմբի խորհրդի նախագահը Հասմիկ Պապյանն է, որը բազմաթիվ անգամներ է Արցախում հանդես եկել նվագախմբի հետ։
«Վերջին անգամ 2022 թվականին եմ եղել Արցախում։ Պատերազմից հետո երկու անգամ գնացել եմ այնտեղ։ Գաղտնիք չէ, որ դասական երաժշտությունն Արցախում առաջնահերթություն չի եղել, և մարդիկ զարմանում են, թե ինչու են նվագախմբում երաժիշտներն այդքան քիչ, բայց զարմանալի չէ։ Տարիներ շարունակ նրանք չեն ունեցել ջութակ, թավջութակ, կոնտրաբաս, ալտ նվագելու հնարավորություն։ Այժմ վիճակը շատ բարվոք է, և հույս ունենք, որ առաջ ենք գնալու»,- ասում է Հասմիկ Պապյանը։
Ելույթ կունենա նաև Սերգեյ Խաչատրյանը։ Նրա մասնակցությամբ տարիներ առաջ կամերային նվագախումբ են ստեղծել և նվագել նաև Ստեփանակերտում։ Շուտով Խաչատրյանը համերգներով կներկայանա Վալենսիայում, Մոնրեալում, Մոնտե Կառլոյում և այլուր։ Ելույթներ են սպասվում նաև Հայաստանում՝ Մեղրիում, Կապանում, Գորիսում, Սիսիանում, Գյումրիում, Երևանում։ Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանում մասնագետները քչանում են, նրանց տեղը բաց է մնում։
«Ջութակահար ընկերներիցս մեկի հետ, որը դասավանդում է Գերմանիայում, նպատակ ունենք փորձել ակադեմիա ստեղծել, ինչը շատ բարդ է, բայց արդեն ուրվագիծը կա։ Շատ լավ է երկրում նվագախմբեր ունենալ, բայց կարևոր է նաև լավ մասնագետների առկայությունը, որոնք կարող են բարձրակարգ կրթություն տալ երեխաներին։ Այդ բացը Հայաստանում կա»,- ասաց Ս. Խաչատրյանը։
Հասմիկ Պապյանը հավելեց՝ «Վստահ եմ, որ օրը կգա, և մարդիկ պատիվ կհամարեն նվագախմբին աջակցելը»։
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 121