Նշվեց հայ դասական երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի մահվան 97-րդ տարելիցը

Մայիսի 7-ին նշվեց հայ դասական երաժշտության հիմնադիր, նշանավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի մահվան 97-րդ տարելիցը։ 1928 թվականի մայիսի 7-ին, երբ կյանքից հեռացավ Ալեքսանդր Սպենդիարյանը, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի առաջարկությամբ որոշվեց կոմպոզիտորի աճյունը ամփոփել կառուցվելիք ժողովրդական տան այգում։ Այժմ՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից պուրակի տարածքն է։ Ա. Սպենդիարյանի հիշատակի օրը մշտապես արժևորել է հենց ինքը Թամանյանը։
Ա. Սպենդիարյանի հիշատակի օրը ևս մեկ անգամ հիշեցնում է նրա թողած հսկայական մշակութային ժառանգությունը՝ ստեղծագործություններ, որոնք հագեցած են ազգային ոգով, գեղարվեստական խորությամբ, ռիթմիկությամբ և քնարականությամբ։
Կոմպոզիտորի թողած արժեքավոր ստեղծագործական ժառանգությունում անգնահատելի են «Ղրիմի էսքիզներ» երկու սիմֆոնիկ սյուիտները, «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերը, սիմֆոնիկ նվագախմբի համար գրված «Երևանյան էտյուդները», «Ալմաստ» օպերան, մի շարք երգեր, ռոմանսներ և այլն:
Հիշատակի առիթով Ա․ Սպենդիարյանի տուն-թանգարանը իրականացրեց ավանդական միջոցառումների ծրագիր։ Միջոցառումը մեկնարկեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից պուրակից։ Հարգանքի տուրք մատուցվեց Ա. Սպենդիարյանի շիրիմին: Մեծանուն կոմպոզիտորի շիրիմին ծաղիկներ խոնարհեցին և խնկարկեցին ԿԳՄՍ նախարարության, Ա․ Սպենդիարյանի տուն-թանգարանի, կոմպոզիտորի անունը կրող օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, Հայաստանի կոմպոզիտորների միության, Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի, Հայաստանի երգչախամբային ընկերության, Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի ներկայացուցիչները, Սպենդիարյանի արվեստի երկրպագուները։ «Մեղեդի» լարային քառյակն էլ կատարեց Կորյուն Անանյանի «Սգո քայլերգ անմոռանալի ուսուցիչ Ա. Սպենդիարյանի պայծառ հիշատակին» ստեղծագործությունը։ Այն 97 տարվա դադարից հետո նորից ներկայացվեց հանրության դատին։ Կոմպոզիտորի հիշատակին նվիրված միջոցառումները շարունակվեցին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում։ Տուն-թանգարանի դահլիճում նաև գիտական զեկուցմամբ հանդես եկավ բանախոս՝ Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի գիտաշխատող Նինա Հակոբյանը։ Զեկույցի շրջանակում անդրադարձ կատարվեց Կորյուն Անանյանի կյանքին և ստեղծագործական ուղուն, որոշակի բացահայտումներին։ Հիշատակի օրվան միացել էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջը, Մշակույթի զարգացման հիմնադրամը։ Կոմպոզիտոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանը 1888 թվականին գրել է իր առաջին ռոմանսը՝ «Հրապուրված եմ քո գեղեցկությամբ»՝ այն նվիրելով իր առաջին սեր Լիզա Արենդտին:
1890-1895 թվականներին Սպենդիարյանը սովորել է Մոսկվայի համալսարանում, նախ՝ բնագիտության, ապա՝ իրավաբանության ֆակուլտետում: Մոսկվայում նա շարունակել է ջութակի դասեր ստանալ Մեծ թատրոնի նվագախմբի արտիստ Պեկարսկուց: Համալսարանում ուսանելու տարիներին որպես կոնցերտմայստեր նվագել է Ն. Կլենովսկու ղեկավարած ուսանողական նվագախմբում: Լսելով Սպենդիարյանի ստեղծագործությունները՝ Կլենովսկին նրան խորհուրդ է տվել զբաղվել կոմպոզիցիայի տեսությամբ՝ դառնալով ապագա կոմպոզիտորի առաջին ուսուցիչը:
1896-1900 թվականներին կոմպոզիցիայի մասնավոր դասեր է ստացել ռուս անվանի կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովից: Նրանց գործնական հարաբերություններն էլ փոխակերպվել են մեծ բարեկամության։ Հենց Ն. Ռիմսկի-Կորսակովի օգնությամբ էլ Սպենդիարյանը մուտք է գործել ռուսական դասական երաժշտարվեստ: Կարևոր է նաև կոմպոզիտորի շփումը անվանի երաժիշտների՝ Գլազունովի, Լյադովի, Արենսկու և այլոց հետ: Նրա անունը հետզհետե ճանաչելի դարձավ Ս. Պետերբուրգում և Մոսկվայում 1900 թվականին Ռիմսկի-Կորսակովի մոտ ուսումնառության ավարտին Սպենդիարյանը գրեց իր առաջին մեծակտավ սիմֆոնիկ ստեղծագործությունը` «Կոնցերտային նախերգանքը»՝ նվիրելով այն իր սիրելի ուսուցչին: Այն առաջին անգամ կատարվեց 1901 թվականին հունիսի 5-ին, Պավլովսկում, դիրիժոր Ն. Գալկինի ղեկավարությամբ և մեծ հաջողություն ունեցավ:
Առաջին անգամ լինելով Կովկասում՝ Սպենդիարյանը լսել է արևելյան և կովկասյան ժողովուրդների երաժշտությունը: Այստեղ էլ նա հանդիպել է հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանին: Ծանոթանալով գրողի ոճին ու գործունեությանը՝ կոմպոզիտորը որոշում է նրա «Թմկաբերդի առումը» պոեմի հիման վրա գրել օպերա: Վերադառնալով Սուդակ՝ նա ձեռնամուխ է լինում «Ալմաստ» օպերայի ստեղծման աշխատանքներին: Լիբրետոն գրել է ռուս բանաստեղծուհի Սոֆյա Պարնոկը:
«Ալմաստ» օպերայի վերջին գործողության գործիքավորումն ավարտին է հասցրել Մաքսիմիլիան Շտեյնբերգը։ Կոմպոզիտորի մահից հետո՝ 1930 թվականի հունիսի 23-ին, Մոսկվայի մեծ թատրոնի մասնաճյուղում առաջին անգամ բեմադրվում է հայկական առաջին դասական օպերան՝ «Ալմաստ»-ը, որը մեծ հաջողություն է ունենում: Այնուհետ բեմադրվում է նաև Օդեսայում (1930 թ.), Թիֆլիսում (1932 թ.), Տաշքենդում (1953 թ.), Նովոսիբիրսկում (1972 թ.): 1933 թ. հունվարի 20-ին Երևանում «Ալմաստ» օպերայով բացվեց օպերային թատրոնը, որին հետագայում տրվեց կոմպոզիտորի անունը: Կոմպոզիտորի ջանքերով Երևանի կոնսերվատորիայում ստեղծվել է նվագախմբային դասարան, կազմակերպվել է առաջին սիմֆոնիկ նվագախումբը: 1924 թվականի դեկտեմբերի 10-ին Ալեքսանդր Սպենդիարյանի ղեկավարությամբ Երևանում կայացել է առաջին սիմֆոնիկ համերգը: Նրա նախաձեռնությամբ և ղեկավարությամբ Երևանում առաջին անգամ հնչել են Բեթհովենի 3-րդ և 5-րդ սիմֆոնիաները:
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 117