Արցախի մայր թատրոնի 91 տարվա գործունեությունն ամփոփող գիրքը հանձնվեց հանրությանը

Վերահրատարակվել է «Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տարեգրությունը. 1932-2023» գիրքը: Այն հեղինակել է թատերագետ, լրագրող, ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարինե Ալավերդյանը: Գրքում ներառված են թատրոնի 91 տարվա գործունեության ընթացքում տեղի ունեցած փաստական իրադարձություններ՝ ներկայացումներ, բեմադրություններ, հյուրախաղեր, թատրոնի նշանավոր արվեստագետների գործունեության մասին տեղեկություններ, լուսանկարներ, մեծ տեղ է տրված թատրոնի մատենագիտությանը:
«Այստեղ մի թատրոնի տարեգրություն է, որ իր գոյության ընթացքում 457 պիես է բեմադրել։ Դրանք հայկական դասական և ժամանակակից, ինչպես նաև համաշխարհային անվանի թատերգուների գործեր են եղել, որոնցով արվեստի այս օջախը մեծ առաքելություն է կատարել Արցախում ապրող հայերի ազգապահպանության, գեղագիտական, հայրենասիրական դաստիարակության գործում»,- ասաց գրքի հեղինակը: Ըստ նրա՝ գիրքը պատրաստվել է մի քանի ամսում, մինչդեռ 20 տարի կատարվել է հավաքչական աշխատանք:
Այն առաջին անգամ տպագրվել է 2020 թվականի օգոստոսին («Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տարեգրությունը. 1932-2019»):
«Պատրաստվում էինք Ռուզան Խաչատրյանի հետ (խմբ.-արցախցի ռեժիսոր, ով վերջին տարիներին ղեկավարել է նաև Արցախի մայր թատրոնը) թատերականացված շնորհանդես կազմակերպել մեր մայր թատրոնի շենքում։ Չհասցրինք: 2020 թվականին սկսվեց 44-օրյա պատերազմը»,- իր ելույթի ընթացքում ասաց Կարինե Ալավերդյանը:
2023 թվականին, երբ արցախահայությունը բռնի տեղահանվեց, հնարավոր չեղավ գրքի ամբողջ տպաքանակը դուրս բերել այնտեղից: Հետո պարզ դարձավ, որ այդ գրքի առաջին տպագրությունից ընդամենը 3 գիրք է հասել Երևան: Առաջ եկավ այն վերահրատարակելու խնդիր: Եվ ահա, գիրքը վերահրատարակվեց և ավելացվեց ևս 3 տարվա տարեգրություն՝ մինչև 2023 թվական, երբ բռնի տեղահանումից հետո լուծարվեց մայր թատրոնը:
Գրքի վերահրատարակմանը աջակցել են Հայաստանի թատերական գործիչների միությունն ու գործարար Նարինե Չարչյանը:
«Ստացվել է մի գիրք, որտեղ կարելի է գտնել մեր թատրոնի մասին ցանկացած հարցի պատասխան»,- պարզաբանեց հեղինակը:
«Այս գիրքը համազոր է գիտական աշխատությանը: Հեղինակը այնքան մանրակրկիտ, ջանասիրաբար է մոտեցել գրքին՝ փորձելով բաց չթողնել ոչինչ: Ես կարծում եմ, որ շատ շատերը կօգտվեն այս գրքից և իրենց տանը կունենան այն»,- նկատեց Թատերական գործիչների միության ղեկավար Հակոբ Ղազանչյանը:
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասանուհի Նարինե Գրիգորյանի խոսքով՝ թշնամին անընդհատ փորձում է ապացուցել, որ այնտեղի բոլոր եկեղեցիները ալբանական են, ոչ թե հայկական: Կա նաև տեսություն, որ հայերը այնտեղ ոչինչ չէին անում, որովհետև միևնույն է, տալու էին այդ հողերը:
«Այս գիրքը, այս թատրոնը կենդանի ապացույց է, թե ինչ մշակույթ է ստեղծվել այդ չափազանց մշակութային երկրում: Գիրքը 91 տարվա փաստ է, որ եղել է թատրոն, և կա այդ թատրոնը, նախ` շենքը: Այդ բեմում որտեղ կանգնում էիր` լավ էր լսվում, չգիտեմ, այդպիսի ակուստիկա, այդքան ճիշտ դասավորված…» Նա ժպիտով պատմեց՝ համազգային թատարոնում ինչ պրեմիերա լինում էր, Սոս Սարգսյանն այն տանում էր Արցախ: «Գիտեինք, որ արցախցիները մեր ամենախիստ հանդիսատեսն էին և եթե հավանեցին, ուրեմն՝ լավն է»:
«Երբ մենք խոսում ենք Արցախից ու տխրում, մտածում եմ, որ չի կարելի այդպես անել, դա մեղք է: Ես հիմա ավելի վառ եմ հիշում այն ու այդպես վառ էլ պատմում եմ երեխայիս, որովհետև դա հայկական է, անգամ եթե այսօր այդ թատրոնի շենք թուրքն է մտնում, միևնույն է, եթե մենք այսպիսի գիրք ունենք, այն հայկական է մնում: Այդ փաստը կա: Ես հիմա, որ ասում եմ Արցախ, մի լույս երկիր եմ հիշում, այն իմ մեջ է և ինչքան ինքը վառ է մեր մեջ, այնքան մերն է, ու պիտի մերը պահենք, մինչև ֆիզիկապես նորից մերը լինի»,- անկեղծացավ Նարինե Գրիգորյանը:
«Թե ինչպիսին կլինի մեր թատրոնի հետագա ճակատագիրը, ժամանակը ցույց կտա: Բայց այն, որ այս թատրոնի պատմությունը պետք է փոխանցվի մեր սերունդներին, պետք է պահ տրվի պատմությանը՝ միանշանակ է: Գուցե մի քանի սերունդ էլ հիշի մեր թատրոնի մասին: Ես սա չեմ ասում, որ մենք արդեն վերջակետ ենք դրել այն ամենի վրա, ինչ կատարվել է մեզ հետ: Մեզնից յուրաքանչյուրի սրտում դեռ ապրում է տունդարձի հույսն ու հավատը»,- եզրափակեց Կարինե Ալավերդյանը:
Գիրքը տրամադրվելու է թատրոնի պատմությամբ զբաղվող բոլոր կազմակերպություններին, անհատներին, մասնագետներին, գրադարաններին, մշակութային կառույցներին: Շուտով այն հասանելի կլինի նաև էլեկտրոնային տարբերակով:
Մարջան Չոբանյան
- Created on .
- Hits: 107