Ուրուագիծ դիմանկարի համար. Անահիտ Օշական-Ոսկերիչեան, Պլովդիւ, 1919-Աման, 2005

Հետեղեռնյա շրջանը, որ արևմտահայ իրականության և նորակազմավոր Սփյուռքի դժվարանցանելի ժամանակաշրջանն էր գրողների, մտավորականների, ազգային երախտավորների և ընդհանրապես, Մեծ եղեռնից մազապուրծ մարդոց համար վերապրման, նաև սերունդների վերապրեցման տարիներ էին, որ խնդրո առարկա է եղել բազում հուշագիրների կողմից՝ այս պարագային Հայ գրականության մեծատարած փառքի՝ Յակոբ Օշականի վիպագրության մեջ,- «Մնացորդաց» եռահատոր վեպի, և թե մյուս վեպերի, այդ թվում՝ «Մաթիկ Մելիքխանեանց» վեպի էջերում։
․․․Գերմանական զինվորի համազգեստով պատսպարված 32-ամյա երիտասարդ Օշականը մեծ ճիգերի գնով կարողանում է խուսափել բանտարկությունից և մեկնում է Պլովդիվ, որտեղ ամուսնանում է։ Ծնվում է առաջնեկ դուստրը՝ Անահիտը։ Տարիներ անց՝ 1922 թ․, որդին՝ բանաստեղծ, վիպագիր, գրականագետ Վահե Օշականը։
Գրականության պատմությանը հայտնի է Յակոբ Օշականի երկրից-երկիր թափառումները՝ ընտանյոք հանդերձ, Ուսուցչի հանգամանքով։ 1924 թվականից՝ Կահիրեում, այնուհետև Կիպրոսում պաշտոնավարելուց հետո, ի վերջո, 1934թ․ Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանից հրավեր է ստանում։ Այս հանգամանքը նշանակալից է լինում դստեր՝ Անահիտի համար, որտեղ նա ընդունվում է Ս․ Յակոբեանց վանքի Մելգոնեան կրթական հաստատություն։ Այնուհետև ավարտում է Երուսաղեմի ամերիկյան քոլեջը, հետագայում բարձրագույն կրթություն է ստանում Փարիզում։
Անահիտ Օշականի կյանքի, անցած ուղու մասին մեզ այլ տվյալներ հայտնի չեն, և ընդհանրապես, այդպիսի նպատակ չենք ունեցել, բայց նրա կյանքում էական դեր է կատարել ամուսնությունը Տիրան Ոսկերիչեանի հետ, որը հետագայում պետք է հանրահռչակվեր որպես Միջին Արևելքի ամենաերևելի և գնահատված ճարտարապետներից, որի նախագծած բազմաթիվ կառույցներ իրենց ուրույն ոճով պարզապես շունչ են հաղորդել, բարեփոխել քաղաքների, բնակավայրերի ճարտարապետական կոլորիտը։
Այդ տարիներից իսկ արդեն տիկին Անահիտ Օշական-Ոսկերիչեանը իսրայելա-պաղեստինյան հակամարտության շրջանում,- մանկավարժական գործունեություն է ծավալում Երուսաղեմում։ Որոշ ժամանակ անց ընտանյոք տեղափոխվում են Հորդանանի մայրաքաղաք Աման և շարունակում է մանկավարժի իր կոչմանը մնալ հավատարիմ։ Բնականաբար, արդեն տարիներից է սկսվում նրա նվիրյալությունը՝ մանկանց աշխարհը ներթափանցելու առումով։ Եւ Արա Օշականի նախաձեռնությամբ Կ․Պոլսի «Արաս» հրատարակչությունը տպագրում է Անահիտ Օշական-Ոսկերիչեանի «Ոսկի պտուկը», «Հպարտ Չղջիկը» և «Անմահության աղբյուրը» հեքիաթների ժողովածուները։
Ինձ համար զարմանալի էր տիկին Անահիտի մանկագրությամբ զբաղվելու շարժառիթները։ Արևմտահայ և սփյուռքյան գրականության մեջ մանկագիրների բացակայությունը չափազանց նկատելի է, միայն կարելի է վկայաբերել Ռուբեն Զարդարեանի հեքիաթները, իսկ նորագույն շրջանում՝ Մուշեղ Իշխանի մանկական բանաստեղծությունները։ Չնայած 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին Կ․Պոլսում մանկական հանդեսներ հրատարակվել են, զորօրինակ, «Բուրաստան մանկանց» և այլն։
․․․Բարեբախտություն են ունեցել տիկին Անահիտին այդ մասին հարցնել, ի պատասխան իմ խոսքին, նա ժպտադեմ ասաց․
-Կ՛երեւի, որ Օշականով ափ ի բերան տարուած ես։ Ի՞նչ է, կը կարծէիր, որ ես ալ հօրս գրածներով պէտք է տարուած ըլլայի՞։ Իմս՝ մանկանց աշխարհով զմայլուելն է․․․ Նոյնիսկ սկզբնապէս ան չէր հանդուրժեր, ինչպէս ինձ, այնպէս ալ Վահէին․․․
1990 թվականն էր, ինձ համար անմոռանալի տարի։ Կյանքում երբեք այդպիսի բարձրարժեք նվեր «չէի ստացած»։ Ահավասիկ, պատմությունը․ «Յառաջ» օրաթերթում հոդված էի տպագրել՝ «Չյայտարարուած պատերազմ Յակոբ Օշականին» խորագրով։ Մինչ այդ Երևանում Օշականից որևէ հատոր չէր հրատարակվել։ Մ․Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում և գրականագետների շրջանում «շփոթ» էր առաջացել, համենայն դեպս, ովքեր տեղյակ էին։ Մտահոգությունս էր՝ ինչու՞ են հայ ընթերցողից անխոհեմաբար թաքցնում Յ․Օշականի գրական ժառանգությունը։ Պատճառը պարզ էր․ Յ․Օշականի անթաքույց վերաբերմունքը արևելահայ գրողների նկատմամբ։ Որոշ դեպքերում՝ օշականյան կամայականության դրսևորում և այլն։
Տիկին Անահիտը, կարդալով հոդվածը, Սփյուռքահայության կապերի կոմիտեի մամուլի բաժնի աշխատակից, արձակագիր, լուսահոգի Դոնարա Ղարագոզյանի միջոցով ցանկացել է ինձ հանդիպել՝ Յ․Օշականի «Համապատկեր արևմտահայ գրականության» 10 հատորները /Երուսաղեմ, 1945-1982 Պէյրութ/ նվիրելու համար։ Հատորներ, որոնք ունեն չափազանց արժանահիշատակ մակագրություններ՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա․ Վեհափառի մակագրությամբ՝ Տեր և տիկին Անահիտ Օշական-Ոսկերիչեանին և Տիրան Ոսկերիչեանին։ Երբ մակագրությունը նկատեցի «մեղաւորի մը զգացումով» ասացի․
-Տիկին Անահիտ, բայց հատորները մակագրուած են։
Կտրուկ ընդհատեց․
-Դուն արժանի ես, քեզի Օշականի թոռնիկը կը համարեմ․․․
Հուզումս աննկարագրելի էր, երբ այս մասին հետագայում պատմեցի Վահե Օշականին, ում երբեմն իր երևանյան այցելությունների ժամանակ հանդիպում էի, ասաց․
-Քու մասիդ Անահիտը պատմած է և յօդուածդ ալ կը յիշեմ, անունիդ տակաւին չէի հանդիպած, բայց ինչպէ՞ս յանդգնեցար։
․․․Հիմա այս ամենը վերհուշի իմաստավորմամբ եմ գրում, քանի որ մեծաց ժառանգերը երբեմն որպես «կանոն» մոռացվում են, այնուամենայնիվ, նրանց ապրած տարիները միահյուս են ՝ նույն հարկի տակ շնչավորված։ Իսկ ցանկությունս էր, որ տիկին Անահիտը որևէ դեպք պատմի հոր կյանքից, խուսափելով այդպես էլ «չհիշեց»։ Բայց ես ակամա մի դրվագ իրեն «հիշեցրի»․ պատանի Հակոբի և Գրիգոր Զոհրապի հանդիպումը, երբ աշակերտական մի միջոցառման ժամանակ, հիանալով պատանու ելույթից՝ Զոհրապը «կը համբուրէ» անոր ճակատը»։ Տիկին Անահիտը հակիրճ նկատեց․
-Կարծես թե օրհնած է․․․
-«Համապատկեր»ի 10-րդ հատորում այդ վկայությունը կա,- մեղմաժպիտ ասացի ես։
Այս մտածումները՝ տիկին Անահիտ Օշական-Ոսկերիչեանի մահվան 20-ամյա տարելիցին․․․ ամենևին պատահական չեն․
Յիշատակն արդարոց, օրհնութեամբ եղիցի․․․
Արթուր Անդրանիկեան
+374 94 423 159
+374 91 423 159
- Created on .
- Hits: 86