ԵՊՀ-ում կայացավ «Իրանի գրական ժառանգությունը և Ֆիրդուսին» գիտաժողովը

Մայիսի 15-ը Իրանում նշվում է մեծ շուքով՝ ի պատիվ իրանցի մեծ էպոսագետ Հաքիմ Աբուլղասեմ Ֆիրդուսու, որը իր մեծ «Շահնամե» ստեղծագործությամբ անմահացրեց իրանական իմաստության ժառանգությունը պարսկական պոեզիայում՝ հավերժացնելով պարսիկների լեզուն և միտքը։ Մեծ պոետին վերհիշելու առիթով գեղեցիկ մշակութային և գիտական միջոցառում էր կազմակերպվել նաև Երևանում։ ԵՊՀ-ի Արևելագիտության ֆակուլտետի Ֆիրդուսու անվան դահլիճում տեղի ունեցավ Իրանի գրական ժառանգությունը և Ֆիրդուսին խորագրով գիտաժողովը։

ԵՊՀ-ի Արևելագիտության ֆակուլտետի Ֆիրդուսու անվան դահլիճում տեղի ունեցավ «Իրանի գրական ժառանգությունը և Ֆիրդուսին» խորագրով գիտաժողովը։

Ֆիրդուսին պարսկական պոեզիայի և իմաստության անգերազանցելի վարպետն է, աշխարհի մեծագույն էպոսագետը։ Ստեղծելով իր անմահ ստեղծագործությունը՝ նա անմահացրեց ոչ միայն լեզուն, այլև ամբողջ մշակույթը, պատմությունը և, մի խոսքով, իրանական ժողովուրդների ինքնատիպության բոլոր ապացույցները, որոնց մասին ինքն էլ ասել է.

«Ես շատ եմ տառապել այս երեսուն տարիների ընթացքում,

Ես այս պարսիկների համար պարսկերենը վերակենդանացրի»։

Իրանցի մեծ էպոսագետ Ֆիրդուսին ծնվել է հիջրայի 4-րդ դարի սկզբին՝ հիջրայի 319 թվականին, Թուսի շրջակայքում գտնվող գյուղում։ 4-րդ դարի վերջին՝ հիջրայի 397 թվականին, 78 տարեկան հասակում նա մահացավ և թաղվեց իր հայրենի քաղաքում։ Ֆերդուսու դամբարանը գտնվում է Թուսում, այն ամեն տարի ընդունում է բազմաթիվ զբոսաշրջիկների Իրանից և այլ երկրներից, ինչպես նաև հնագույն Իրանի մշակույթի և պատմության սիրահարներին։

Ֆիրդուսուի ամենահայտնի ստեղծագործությունը և աշխարհի մեծագույն էպոսը համարվող «Շահնամեն» ընդգրկում է հին Իրանի պատմությունը։ «Շահնամեն» բաղկացած է հին պատմություններից և առասպելներից, որոնք բանավոր փոխանցվել են Պարսկաստանի պատմության ընթացքում։ Մյուս մասը նախապատմական Իրանի նախնիների պատմությունն է։ Այս հեքիաթներից շատերը ունեն հնդկական ազդեցություն, ինչպիսիք են Ջամշիդ, Ֆերիդուն, Քավուս և Քեյխոսրով անունները։ Այս տեքստերում հիշատակվում են նույնիսկ հին իրանական զրադաշտական «Ավեստա» գրքից և հին հնդկական «Ռիգվեդա» գրքից որոշ տողեր։ «Շահնամեի» մեկ այլ մասը պարունակում է պատմական առակներ։ Շահնամեն ունի 60 հազար բեյթ։ Բանաստեղծը հիշատակում է այս փաստը իր բանաստեղծություններում և օգտագործում է նաև «բյուր» բառը, որը նշանակում է 10 հազար։

Firdusi 4

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը գիտաժողովի բացմանը ողջունեց ներկաներին, Իրանից ժամանած հյուրերին և ասաց․

«Անշուշտ, հսկայական են Հայաստանի և Իրանի դարավոր բարեկամական հարաբերությունների վկայությունները։ Իսկ ինչ վերաբերում է պարսից լեզվին և մշակույթին, ապա պարսկերենը ոչ միայն մեկ ժողովրդի լեզու է, այլև տարածաշրջանի ընդհանուր լեզու, քաղաքակրթության լեզու։ Պարսկերենը այն լեզուն է, որը բացում է մշակույթի, գիտության դարպասները այն մարդու առջև, ով ցանկանում է սերտել այդ լեզուն»,- նշեց Վարդան Ոսկանյանը։

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը կարևորեց երկու ժողովուրդների միջև ձգվող բազմադար բարեկամությունը, մշակութային հսկայական առնչությունները։ Դեկանը հիշեցրեց ֆակուլտետում բացված Ֆիրդուսու անվան դահլիճի կարգախոսը, որը բնորոշ է նաև գիտաժողովի թեմային։ «Ուժեղ է նա, ով գիտակ է»։ Ահա հենց այս պատգամն է Ֆիրդուսի մտածողի կյանքն ու գործը բնութագրող ասացվածքը։

ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին էլ շեշտեց, որ Շահնամեն արդարության, ազատության և հավատի գիրք է։

Firdusi 2

ՀՀ-ում ԻԻՀ մշակութային կենտրոնի ղեկավար, դեսպանատան մշակույթի գծով խորհրդական Ասադի Մովահեդն էլ նշեց.

«Ֆիրդուսին պարսից լեզվամշակույթի պահպանման գործում բացառիկ դեր ունի։ Նրա գրչին պատկանող էպոսը Իրանի ինքնության և խղճի վավերամատյանն է։ Ֆիրդուսին իր բեյթերում օգտագործում է «Պարս» եզրը՝ մատնանշելով ոչ միայն Իրանի հարավային շրջանը, այլ նաև առավել լայն մշակութային, քաղաքակրթական տիրույթ նկատի ունենալով»։

Գիտաժողովը դարձավ Ֆիրդուսու փառաբանման և նաև պարսից լեզվի ու մշակույթի մեծարման գեղեցիկ խորհրդանիշ։ Պարսից լեզուն հնչեց իր ողջ հմայքով ու ազնվությամբ, որով արժևորեց դարավոր մշակույթն ու ժողովուրդների բարեկամությունը։

Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին մի շարք զեկուցումներ, որտեղ անդրադարձ կատարվեց ամենատարբեր թեմաների. պարսից լեզվի ազդեցություններից մինչև արվեստի պնակներում զետեղված Շահնամեական պատումներ և ականավոր մտավորականների վրա Ֆիրդուսու և նրա գործի թողած ազդեցության։

Ֆիրդուսու մեծարման և պարսից լեզվի պաշտպանության միջազգային օրը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում անցկացվող գիտաժողովի ընթացքում ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի և դեսպանության մշակույթի խորհրդական Մոհամմադ Ասադիի կողմից ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը պարգևատրվեց պարսից լեզվի տարածման և իրանագիտության ոլորտում ունեցած մեծ ներդրման համար։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 73

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: