Էռնեստ Հեմինգուեյի հուշագրական վեպը հայերեն՝ վերականգնված բնագրով

Ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյի «Տոն, որ միշտ քեզ հետ է» վեպն առաջին անգամ լույս է տեսել հայերեն՝ վերականգնված բնագրով: Այն թարգմանել է գրականագետ, թարգմանիչ, «Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանը: Հրատարակվել է «Մագաղաթ» հրատարակչության կողմից:
Գիրքն ընթերցողի առաջ բացում է 1920-ականների Փարիզը: Հեղինակն այստեղ պատկերում է տարբեր մարդկանց, արվեստագետների, իր գրական, լրագրողական առաջին փորձերը, ընտանիքին, իր առաջին կնոջ՝ Հեդլի Ռիչարդսոնի հետ ունեցած կյանքը, հաջողություններն ու ձախողումները, հիասթափություններն ու տարերքները:
Այս վեպը հեղինակը մտահղացել էր որպես հուշագրություն՝ ուղղված Փարիզին՝ իր կյանքի ամենաերջանիկ տոներից մեկին:
Գրքի շնորհանդեսին թարգմանիչ Սևակ Ղազարյանը հետաքրքիր փաստեր ներկայացրեց ինչպես գրքի ստեղծման պատմությունից, այնպես էլ Հեմինգուեյի կյանքից:
«1956 թվականին Փարիզի հյուրանոցներից մեկը կապվում է Հեմինգուեյի հետ և ասում, որ 28 տարի առաջ այնտեղ ճամպրուկ է թողել: Հեղինակը վերցնում է այն ու պարզում՝ բավական գրություններ կան, ինչը հետագայում ինքը պիտի անվաներ Փարիզյան էսքիզներ: Դրանք սկսում է վերընթերցել ու միտք է ծագում գրել այս գիրքը»,- պատմեց Սևակ Ղազարյանը:
Վեպը գրվել է 1957-1959 թվականներին՝ հեղինակի մահից մի քանի տարի առաջ: Դրանում պակասում էին առաջաբանը, վերջաբանը, վերնագիրը: Հեմինգուեյը այն անավարտ էր համարում, ուստի իր կենդանության օրոք չի տպագրվել:
Գիրքը լույս է տեսել հետմահու: Այն տպագրության է հանձնել Հեմինգուեյի 4-րդ կինը՝ Մերի Ուելշ Հեմինգուեյը: Նա կամայականորեն վերնագրել է վեպը՝ հիշելով Հեմինգուեյի ընկերներից մեկի պատմածը, երբ մի օր Փարիզում խմելու ժամանակ Հեմինգուեյն ասել է՝ «եթե մի անգամ լինում ես Փարիզում, շարժական տոնի պես միշտ հետդ է լինում՝ ուր էլ գնաս»: Այս հուշն էլ հիմք է հանդիսացել վերնագրի ընտրության համար:
Իհարկե, գիրքը տոների մասին չէ, այլ այն Փարիզի, որտեղ ապրելը իր համար տոն է եղել, որտեղ ապրել է երիտասարդության երջանիկ օրերը:
Թարգմանչի համոզմամբ՝ 1964թ-ին տպագրված տարբերակի բնաբանում վերը նշված խոսքերն են մեջբերված, բայց գրում են, թե Հեմինգուեյի նամակն է ընկերոջը, մինչդեռ իրականում այդպիսի նամակ չկա:
Սևակ Ղազարյանը նաև ընդգծում է՝ գիրքն ունի 2 վերնագիր «Տոն, որ միշտ քեզ հետ է», բայց նաև՝ «Շարժական տոն» (անգլ.՝ A Moveable Feast):
«Խորհրդային տարիներին վերնագիրն այլ կերպ է թարգմանվել, իմաստը խոշոր հաշվով նույնն է մնացել, բայց բառացիորեն այլ բան է ստացվել: Եվ քանի որ արդեն կար թարգմանված վերնագիրը՝ «Տոն, որ միշտ քեզ հետ է», որոշեցի դնել այս տարբերակը: Բայց կա 2-րդ վերնագիր և փաստացի այն ավելի ճիշտ է»,-պարզաբանեց թարգմանիչը:
Նրա խոսքով՝ Հեմինգուեյի կինը շատ դրվագներ խմբագրել, կրճատել էր և երկար տարիներ այն սխալ գլուխներով էր կազմվում: Տասնամյակներ շարունակ վեպն այդպես էլ տպագրվել է: Սակայն 2009թ-ին գրողի որդին՝ Փաթրիքը, և թոռը՝ Շոնը, որոշեցին վերականգնել վեպի բնագիրն այնպես, ինչպիսին եղել էր հեղինակի կենդանության օրոք՝ հետևելով հեղինակի կողմից մինչ այդ եղած նշումներին:
«Դուք հիմա ընթերցելու եք վերականգնված տարբերակը, որը շատ ավելի սահուն է ընթերցվում, որովհետև այն է, ինչ մտահղացել էր հեղինակը: Ցավոք, չի գրվել առաջաբան և վերջաբան, բայց սա շատ լուսավոր գործ է, որը Հեմինգուեյի գրականության մեջ յուրահատուկ տեղ ունի»,- նշեց թարգմանիչը:
Սևակ Ղազարյանն այս գործը թարգմանել էր դեռևս տարիներ առաջ՝ չունենալով դրա հեղինակային իրավունքը: Բայց սերը Հեմինգուեյի հանդեպ այնքան մեծ է եղել, որ չի ափսոսացել տարիներ շարունակ աշխատել այս թարգմանության, մշակման վրա: Եվ ահա, ի վերջո, հաջողվել է ստանալ այդ իրավունքը:
«Այս գործից բացի, այլ գործեր ևս կտպագրվեն, տարեկան մեկ կամ երկու գործ»,- հավելեց նա:
«Նախատեսվում է առաջիկայում Հեմինգուեյի և Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի ընկերության մասին պատմող գիրքը թարգմանել և տպագրել: Ես հուսով եմ, որ սա լավ սկիզբ կլինի Հեմինգուեյի հայերեն նոր հրատարակությունների համար, որովհետև փաստացի 20 և ավել տարի նրա ստեղծագործությունները հայերեն թարգմանված չկային»:
Գիրքը հասցրել է լինել Ֆրանսիական այն սրճարանում ու Լյուքսեմբուրգյան այգում, որտեղ ժամանակին հեղինակը սիրում էր լինել:
Մարջան Չոբանյան
- Created on .
- Hits: 104