«Նամակներ Վիլժուիֆից»․ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի նոր ցուցադրությունը

Այս տարի լրանում է Կոմիտաս Վարդապետի ծննդյան 156-ամյակը: Օրվա խորհրդով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչները, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակազմը, մտավորականներ, արվեստագետներ այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն և ծաղիկներ խոնարհեցին Վարդապետի շիրիմին։ Կոմիտաս Վարդապետի հոբելյանական օրվա միջոցառումներն ազդարարվեցին թանգարանի զանգերի ղողանջով: Զանգերը հնչեցրեց ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը՝ շնորհավորելով կարևորագույն օրվա առթիվ:
«Կոմիտասը բոլորինս է. նա հայ երաժշտության հայրն է, նահապետն է, ակադեմիական երաժշտության հիմնադիրն է: Սրտանց շնորհավորում եմ այն երաժիշտներին, մտավորականներին, բոլոր հայերին, որոնք այս կամ այն չափով կապված են Կոմիտասի հետ»,- ասաց Տ. Մանսուրյանը:
Կոմիտասի կյանքն ու գործն ուսումասիրող կարևորագույն կառույցը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը միջոցառումների շրջանակում ներկայացրեց «Նամակներ Վիլժուիֆից» խորագրով բացառիկ ցուցադրությունը: Հավաքածուն պատկանում է ականավոր դիրիժոր Կոմիտաս Գևորգյանին: Հավաքածուում ընդգրկվել են Վարդապետի կյանքի վերջին շրջանի մասին տեղեկություններ՝ փաստաթղթեր, նամակներ: Բացառիկ նմուշները թույլ են տալիս բացահայտել մի շարք անհայտ և անհասանելի դրվագներ: Արխիվային նյութերն ուսումնասիրել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Լիլիթ Հարությունյանը։ Դեռ ամիսներ առաջ էլ Ֆրանկոֆոն միջոցառումների շրջանակում Լիլիթ Հարությունյանը ներկայացավ իր կատարած ուսումնասիրությունն ամփոփող դասախոսությամբ: Դասախոսության ընթացքում Լ. Հարությունյանը ներկայացրել էր արխիվային նամակներ։ Այս նյութերը թույլ են տալիս նորովի և առավել ամբողջական ընկալել լռության և մեկուսացման շրջանը Կոմիտասի կենսագրության մեջ։
«Կոմիտաս երևույթն անվախճան է: Կոմիտաս վարդապետը շատ ուսումնասիրված է, իսկ կենսագրությունը շահել է այս նորահայտ փաստաթղթերի ի հայտ գալուց: Դրանք մինչ այժմ ցուցադրված չէին, իսկ որոշներն անգամ գաղտնի էին պահպանվում՝ հաշվի առնելով Վարդապետի կյանքի վերջին տարիների դրվագները: Վիլժուիֆ քաղաքում էր գտնվում այդ հաստատությունը, որտեղ Կոմիտասը 16 տարիներ է անցկացրել: 1980-ական թվականներից փորձել են գտնել ու բացահայտել այս փաստաթղթերը: Այժմ մենք ուզում ենք դրանք ներկայացնել, որպեսզի դրանք հասանելի լինեն մարդկանց»,- ասում է թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Լիլիթ Հարությունյանը:
Ցուցադրությունում ներառվել են Կոմիտաս վարդապետին բուժող բժիշկների արխիվային նամակները: Դրանք վերաբերվում են նրա առողջությանը, հոգեվիճակին: Վիլժուիֆի հոգեբուժարանի բժիշկներն են եղել Սոլոմոն Լվովը և Մորիս Դյուկոստեն: Ցուցահանդեսը հանրությանը ներկայացնում է վերջիններիս նամակները՝ ուղղված Մարգարիտ Բաբայանին և Աստվածատուր Հարենցին։ Վիլժուիֆի արխիվում էին նաև այդ նամակների պատասխանները։
Հոբելյանական միջոցառումները միայն ցուցահանդեսով չեն սահմանափակվի: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս թանգարանում մեկնարկեց «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը: Ամեն տարի՝ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը, խորհրդանշելով Կոմիտասի ծննդյան օրը՝ գիտաժողով-փառատոնը բացահայտում է Կոմիտասի կյանքի հայտնի և անհայտ դրվագները: Գիտաժողովը համախմբում է աշխարհի տարբեր երկրների երաժշտագետների, տարբեր գիտակարգերի ներկայացուցիչների: Իսկ փառատոնի շրջանակում հնչում են Կոմիտասի երաժշտությունը, նրա ժամանակաշրջանի երաժշտությունը, տարբեր ազգերի միջնադարյան և էթնիկ երաժշտություն։ «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը, ինչպես ամեն տարի, ընդլայնում է հետազոտությունների շրջանակը և անդրադառնում միջնադարագիտական, երաժշտական ֆոլկլորին առնչվող, կոմպոզիտորական արվեստին անդրադարձող մի շարք հիմնահարցերի և նոր հայեցակարգեր ընդգծում:
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 142