Գրականության և արվեստի թանգարանում բացվեց Հենրիկ Մալյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդես

«Ֆիլմերիդ հերոսները էկրանի վրա ապրում են հայերեն, ինքդ հայ ես՝ հայի դարդ ու ցավով, հայի տենչանքներով, երազներով: Ես չեմ հանդիպել մեկ ուրիշին, որ քեզ նման ուժ ունենար՝ հարազատ ժողովրդի ապրելակերպի ու վարքագծի մեջ այդքան թերություններ տեսնելու, և չգիտեմ այլ մեկին, որ այդպես թափանցեր հայ մարդու էության մեջ, հմուտ խուզարկուի նման գանձեր որոներ, գտներ նրա հոգում». այս խոսքերի հեղինակը հանճարեղ դերասան Սոս Սարգսյանն է՝ ուղղված մեկ այլ հանճարի՝ ռեժիսոր Հենրիկ Մալյանի։
Սեպտեմբերի 30-ը հայ կինո և թատերական մշակույթի մեծերից մեկի՝ կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի ծննդյան օրն է: Գրականության և արվեստի թանգարանում բացվեց նոր ցուցադրություն՝ նվիրված Մալյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին։
«Եռանկյունի», «Մենք ենք, մեր սարերը», «Նվագախմբի տղաները», «Կտոր մը երկինք», «Նահապետ», «Հայրիկ»... Մալյանական ֆիլմեր, որոնք բացահայտում են հայ մարդուն, որտեղ շեշտադրված է ազգայինը, ֆիլմեր, որոնք հիացնում են ոչ միայն հայերիս, նաև օտարազգի հանդիսատեսին։
Ցուցահանդեսի բացմանը կինոգետ Ռոբերտ Մաթոսյանը, որը անձնապես է ճանաչել Մալյանին, նրա հետ ներկա եղել տարբեր միջազգային փառատոների, փաստեց՝ օտար հանդիսատեսը բարձր էր գնահատում հայ ռեժիսորի ֆիլմերը։
«Անրի Վեռնոյի հետ նայում էինք հայկական ֆիլմեր, «Կտոր մը երկինք» ֆիլմը դիտելուց հետո ասաց՝ «ֆիլմ մը, որ քննություն կբռնե միջազգային արենայում, ան անառակների մասին»»,- հիշեց կինոգետը։
Նա Մալյանին յուրատիպ բնութագրում տվեց՝ «Եռանկյունի» ֆիլմի Մկրտիչներն է, «Մենք ենք, մեր սարերի»՝ հովիվները, «Նահապետի»՝ Նահապետը...
«Հենրիկ Մալյանը «Հայ ֆիլմի» հիմնադիր Համո Բեկնազարյանից հետո մեր ազգային առաջին ռեժիսորն է։ Ոչ մեկին չեմ նսեմացնում, նրանք համաշխարհային են, բայց Հենրիկը մեր ազգային, խորքային ռեժիսորն է։
Մալյանը բարձր էր գնահատում ազնվությունը, մաքրությունը, տանել չէր կարողանում անարդարությունը, նախանձությունը»,- նշեց Ռ. Մաթոսյանը։
Իսկ դերասանուհի Սոֆիկ Սարգսյանի համար Հենրիկ Մալյանը դեռ 46 տարեկան է․ ինչպես տեսել է առաջին անգամ, երբ առաջին կուրսի ուսանողն էր, դասախոսն էլ՝ Մալյանն էր։
«Այսքան տարի է անցել, ինքը մշտապես մեզ հետ է, քանի որ գործ ունենք եզակի, մեծագույն մարդու, հայի հետ, եզակի ռեժիսորի հետ։
Մալյանի համար արվեստում կարևորը մարդն էր, հայ մարդը, և նրա բոլոր մտածումները հայրենիքի մասին էին։ Այդ ամենը փոխանցվել է նաև մեզ՝ իր մոտ սովորած և իր հետ աշխատած մարդկանց»,- ասաց նա։
Դերասանները ռեժիսորի հետ աշխատանքում դժվարություններ չեն ունեցել, հասկացել են միմյանց առանց խոսքի, բավական էր Մալյանի գեթ մեկ հայացքը։
«Մեկ հայացք էր գցում, ու ամեն ինչ հասկանում էինք։ «Նահապետ» ֆիլմի նկարահանման ժամանակ օպերատոր Սերգեյ Իսրայելյանն ասում է՝ Սոս ջան, գնա, այնտեղ նստիր։ Նստեց, ասում է՝ Սոս, բայց ես չասացի կոնկրետ այնտեղ, ինչպե՞ս իմացար հենց այնտեղ։ Ասում է՝ Հենրիկ, դու էս ինչ ես անում քո ուսանողների հետ, ոնց են զգում առանց խոսքի։ Այդ ամենն իրենից է մեզ փոխանցվել»,- պատմեց Սոֆիկ Սարգսյանը, ով «Նահապետ» ֆիլմում մարմնավորել է Նուբարին։
Նա նշեց, որ ինքն իրեն պատասխանատու է զգում մեծ ռեժիսորի առջև. «Իմ կյանքը բաժանվում է մինչև Մալյանի հետ հանդիպումը և Մալյանի հետ հանդիպումից հետո։ Ով հանդիպել է նրան, այդպես է, կապ չունի՝ դերասան է, ռեժիսոր է։ Ամեն ինչ փոխվում է նրա հետ հանդիպումից հետո։
Իր նկատմամբ սերը հավիտենական է, քանի մենք կանք։ Մենք երջանիկ մարդիկ ենք, որ հանդիպել ենք իրեն։ Ինքը միշտ ներկա է մեր կյանքում»։
Նշենք, որ ժամանակավոր ցուցադրության շրջանակում ներկայացված են ռեժիսորի կյանքն ու ստեղծագործական գործունեությունը լուսաբանող և ԳԱԹ-ի արխվային հավաքածուին պատկանող վավերագրեր, որոնց մեջ առանձնանում են ինքնագրերը, «Կոմիտաս» չնկարահանված ֆիլմի մշակված ռեժիսորական սցենարը, սիրված ֆիլմերի ազդագրերը և այլն։
««Եռանկյունի», «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետը», «Կտոր մը երկինք» և դարձյալ ուրիշ նկարներ ու գործեր, որոնք թեև լրիվ պատկերը չեն եղեռնի ու վերածննդի, քայքայման ու դիմադրության, բայց և բոլորը միասին հնարավորինս ամենալրիվ պատկերն են հայ մարդու բարոյական վեհության, նկարներ՝ որոնք առանց Հենրիկ Մալյանի չէին լինելու հավատի, սիրո և վստահության ժամեր հայ ժողովրդի և աշխարհի շատ ու շատ մարդկանց կյանքում, որոնք առանց Մալյանի լինելու էին կասկածի ու անվստահության ժամեր, և վերջապես ազգային ասված մշակույթի բավական պինդ փաստեր, որոնց առջև քամահրանքը տեղի տվեց բարյացակամության, հայ ազգային կինոյի չգոյության հետ հաշտվածությունը փոխակերպվեց սպասումի, թե ինչ է նկարելու Հենրիկ Մալյանը...»,- ասել է Հրանտ Մաթևոսյանը Մալյանի մասին։
Հենրիկ Մալյանը ծնվել է 1925 թվականին Վրաստանի Թելավ քաղաքում։ Առաջին բեմադրությունը Վ․ Սարոյանի պատմվածքի հիման վրա «Իմ հայրենիքի խրատական հեքիաթները» ներկայացումն էր։ 1954թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, սկզբում` որպես ռեժիսորի ասիստենտ, ապա` ռեժիսոր: 1960 թ. Հենրիկ Մարգարյանի հետ համատեղ նկարահանել է «Նվագախմբի տղաները» կինոնկարը, 1963 թ. Լևոն Իսահակյանի հետ համատեղ նկարահանել է «Ճանապարհ դեպի կրկես» կինոնկարը, իսկ 1964թ.` «Կեղծ լրտեսը» կարճամետրաժ ֆիլմը:
1967թ. ստեղծել է «Եռանկյունի» կինոնկարը, որի համար 1975թ. արժանացել է Պետական մրցանակի, իսկ 1968թ. արժանացել է Անդրկովկասի և Ուկրաինայի հանրապետությունների «Մեծ Պրոմեթևս» գլխավոր մրցանակին, ինչպես նաև` Լենինգրադի համամիութենական կինոփառատոնի երկրորդ մրցանակին:
1969թ. նկարահանել է «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարը, որը 1976թ. Սան Ռեմոյի միջազգային կինոփառատոնում ճանաչվել է «Տարվա լավագույն հեղինակային ֆիլմ»:
1971թ-ից դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետում: 1972թ. նկարահանել է «Հայրիկ» կինոնկարը: 1975թ. նշանակվել է մանկավարժական ինստիտուտի ռեժիսուրայի և դերասանի վարպետության ամբիոնի վարիչ, ապա ստացել պրոֆեսորի կոչում:
Մալյանը 1977թ. նկարահանել է «Նահապետ» կինոնկարը:
1980թ. ստեղծել և գլխավորել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի թատրոն-ստուդիան, ուր բեմադրել է «Հեքիաթներ», «Դեկամերոն», «Իմ անունն Արամ է», «Քաջ Նազար» ներկայացումները:
Ռեժիսորը 1981թ. նկարահանել է «Կտոր մը երկինք» կինոնկարը, որը Վիլնյուսի համամիութենական կինոփառատոնում արժանացել է լավագույն ռեժիսուրայի համար սահմանված մրցանակին:
Գրել է մի շարք սցենարներ վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի համար` «Նահապետը», «Մուսալեռցիները», «Տասնմեկը և մեկը», «Գիքորը» և այլն: Գրել է «Երկխոսություն երրորդի համար» գիրքը:
Ռեժիսորի նկարահանած ֆիլմերը ցուցադրվել են Հնդկաստանի, Անգլիայի, Ֆիլիպինների միջազգային կինոփառատոներում: 1980 թվականին Երևանում հիմնել է կինոդերասանի թատրոնը, որը 1988 թվականից անվանակոչվել է նրա անունով։
Հենրիկ Մալյանը մահացել է Երևանում 1988 թվականին:
Տ․ Մ․
- Created on .
- Hits: 94