Վալերի Գերգիևը կրկին ղեկավարեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն այս տարի նշում է 100-ամյակը: Խոշորագույն նվագախմբի հոբելյանական տարեթիվն այս տարի ազդարարվել է մի շարք միջոցառումներով: Նախորդ ամիս Իրանում՝ Պերսեպոլիսի սրտում լեգենդար, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ունեցած գեղեցիկ համերգին էլ հաջորդեց բացառիկ մեկ այլ համերգ: Այս անգամ արդեն Երևանում: Հոկտեմբերի մեկին Երևանում հանդես եկավ աշխարհահռչակ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Վալերի Գերգիևի ղեկավարությամբ: Իսկ հոկտեմբերի 2-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 37 տարի անց կրկին հանդես եկավ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վարելի Գերգիևի ղեկավարությամբ:
Առաջին օրվա Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի ծրագրում «Տոնական նախերգանքն» էր և Շոստակովիչի Ջութակի կոնցերտ թիվ 1-ը՝ վիրտուոզ ջութակահար Պավել Միլյուկովի կատարմամբ, ապա Մալերի Սիմֆոնիա թիվ 4-ը՝ սոպրանո Աննա Դենիսովայի մասնակցությամբ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն էլ հանդես եկավ հետևյալ ծրագրով՝ Ռիմսկի-Կորսակով՝ «Շեհերազադե» սիմֆոնիկ սյուիտ, Մուսորգսկի՝ «Պատկերներ ցուցահանդեսից» և Ռավել՝ «Բոլերո»:
Վալերի Գերգիևը Հայաստան ժամանեց հոկտեմբերի 1-ին: Գերգիևը շնորհավորեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին՝ շեշտելով՝ ցանկանում է, որ նվագախումբը հենվի ազգային արմատների վրա, պահպանի այն նվագացանկը, որը ստեղծել են լավագույն ստեղծագործողները, պահպանի այն ավանդույթներն ու արժեքները, որոնք ունի, իսկ հայ երաժշտության ժառանգությունը նշանակալի է:
«Հայաստան եմ ժամանել, որպեսզի հանդիպեմ իմ ընկերներին, որոնց հետ ստեղծագործական սերտ կապեր եմ պահպանել և մարդկային ջերմ հարաբերություններ։ Ցավում եմ, որ նրանցից շատերն այլևս չկան։ Քսանութ կամ քսանյոթ տարեկան էի, երբ ինձ առաջարկեցին ղեկավարել այն ժամանակ Խորհրդային Հայաստանի պետական նվագախումբը։ Այդ տարիներին ինձ համար շատ թանկ էին Էդվարդ Միրզոյանը, Ղազարոս Սարյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Ադիկ Խուդոյանը, որին չգիտես թե ինչու ոչ ոք չէր դիմում Ադամ անունով, Տերտերյանն ու Առնո Բաբաջանյանը։ Բաբաջանյանն իր կյանքի վերջին համերգն ինձ հետ է նվագել: Նրանք շատ մտերիմ էին միմյանց հետ: Ինչ-որ առումով նրանք նաև իմ ուսուցիչներն են եղել, ես նրանցից սովորել եմ, թե ինչպես է պետք ընկերություն անել»,- ասաց դիրիժորը։
Համերգից հետո Գերգիևը բեմից հայտարարեց, որ այս համերգը նվիրում է իր ընկերների հիշատակին: Ազգային ֆիլհարմոնիկն ամբողջովին արդարացրեց դիրիժորի սպասելիքները` փայլելով իր տպավորիչ վարպետությամբ, դինամիկայի ողջ գունապնակի ցուցադրմամբ և մենանվագների դյութիչ նրբագեղությամբ։
Վալերի Գերգիևն այցելեց Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայ մեծանուն երաժիշտներին: Նրանցից շատերը նաև եղել են դիրիժորի կոլեգաներն ու ընկերները` Ալեքսանդր Հարությունյան, Էդուարդ Միրզոյան, Գեղամ Գրիգորյան, Օհան Դուրյան, ինչպես նաև Կոմիտաս և Արամ Խաչատրյան։ Գերգիևին պանթեոնում ուղեկցեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Ալեքսանդր Հարությունյանի, Էդվարդ Միրզոյանի, Գեղամ Գրիգորյանի ընտանիքի անդամները, ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները և այլոք: Վալերի Գերգիևի կարիերայում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը եղել է առաջին երաժշտախումբը, որի գլխավոր դիրիժոր ու գեղարվեստական ղեկավար է նշանակվել մաեստրոն՝ այն ղեկավարելով 1981-1985 թվականներին: Նա նվագախմբի պատմության մեջ դեռևս միակ ոչ հայազգի ղեկավարն է: Նրա ղեկավարմանը կողմ էր ՀՀ կոմպոզիտորների միության հիշյալ տարիների նախագահ Էդվարդ Միրզոյանը: Գերգիևը 1977 թվականից Կիրովի թատրոնի այժմ՝ Մարիինյան, գլխավոր դիրիժորի՝ Յուրի Տեմիրկանովի ասիստենտն էր, իսկ 1988-ին ընտրվել է Մարիինյան թատրոնի երաժշտական ղեկավար: Այսօր Վալերի Գերգիևը հանդիսանում է Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր տնօրենը և Բոլշոյ թատրոնի գլխավոր տնօրենը: Վալերի Գերգիևը հաճախ է ղեկավարել հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումը՝ Խաչատրյան, Սպենդիարյան, Բաբաջանյան, Միրզոյան, Սարյան, Տերտերյան: Ելույթներ է ունեցել հայ ականավոր մենակատարներ Ռուբեն Ահարոնյանի, Սվետլանա Նավասարդյանի, Լուսինե Զաքարյանի և այլոց հետ: Համագործակցել է նշանավոր հայ արտիստների հետ, ինչպիսիք են՝ Գեղամ Գրիգորյանը, Հասմիկ Գրիգորյանը, Գևորգ Հակոբյանը, Սերգեյ Խաչատրյանը, Նարեկ Հախնազարյանը և շատ ուրիշներ: Հիշեցնենք, որ Վալերի Գերգիևը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով՝ հայ-ռուսական մշակութային կապերի զարգացման գործում ներդրած ավանդի համար 2009 թվականին:
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 132